Մատչելիության հղումներ

Ութ շաբաթ տևած բախումներից հետո թուրքական ուժերը գրավեցին Աֆրինը


Սիրիա - Թուրք զինծառայողները Աֆրինի կենտրոնում, 18-ը մարտի, 2018թ․
Սիրիա - Թուրք զինծառայողները Աֆրինի կենտրոնում, 18-ը մարտի, 2018թ․

Գրեթե երկու ամիս, ավելի հստակ՝ 58 օր շարունակված «Ձիթենու ճյուղ» գործողության արդյունքում թուրքական բանակի ստորաբաժանումները և դրանց դաշնակցած «Սիրիական ազատ բանակի» ջոկատները կիրակի օրը լիակատար վերահսկողություն սահմանեցին քրդաբնակ Աֆրին քաղաքի նկատմամբ:

Առաջին անգամ 1974 թվականից` Կիպրոսի հյուսիսային հատվածի գրավումից ի վեր, թուրքական բանակը երկրի սահմաններից դուրս խոշոր բնակավայր է գրավում: Երեկվանից համացանցում շրջանառվող տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես են զինվորականները Աֆրինի քաղաքապետարանի շենքի տանիքին թուրքական մեծ դրոշ բարձրացնում: Ներքևում հավաքված թուրք և արաբ զինվորականները այդ ամենը ողջունում են «Ալահը մեծ է» բացականչություններով և օդ արձակած կրակոցներով:

Աֆրինի գրավման լուրը առաջինը պաշտոնապես հաստատեց երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուրքական զենքի ևս մեկ հաղթանակի` Չանաքկալեի, կամ ինչպես Արևմուտքում են այն անվանում՝ Գալիպոլիի ճակատամարտի 103-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների ընթացքում:

«Ահաբեկիչների մեծ մասը խուճապահար փախուստի է դիմել: Մեր հատուկջոկատայինները և Սիրիական ազատ բանակի զինծառայողները այժմ զտում են տարածքը: Աֆրինի կենտրոնում այժմ ահաբեկիչների տարբերանշանների փոխարեն ծածանվում են կայունության խորհրդանիշերը», - հայտարարում էր Էրդողանը:

Արդեն իսկ ակնհայտ է, որ Աֆրինի գրավումը Թուրքիայի ներսում ազգայնական տրամադրությունների հերթական աճին է հանգեցրել: Այսօր լույս տեսած գրեթե բոլոր թուրքական թերթերի առաջնորդողները ոգևորված և հիացական տոնայնությամբ են արձագանքում Աֆրինի գրավմանը: «Մեր դրոշը ծածանվում է Աֆրինում», - գրում է Hurriyet-ը: «Աֆրինում պատմություն է կերտվում», - պնդում է Star պարբերականը: Իշխանամետ Sabah-ն էլ մարտի 18-ը բնութագրում է որպես «Թուրքիայի հաղթանակի օր»:

Թուրքիայի մայրաքաղաքի բնակիչները ևս ոգեշնչված են: Նրանց մեծամասնության համոզմամբ՝ «Ձիթենու ճյուղ» գործողության շնորհիվ Թուրքիայի հարավարևելյան սահմանագիծն անհամեմատ ավելի անվտանգ է դարձել:

«Քննարկման առարկա անգամ չկա այստեղ, գործողությունը շատ հաջողված էր: Հստակ է, թե ինչու էին ոմանք դեմ այս գործողությանը, բայց ակհնհայտ է, որ մեր երկրի գոյատևումը գերակա խնդիր է: Հարկավոր է վերջ տալ այն կառույցների գործունությանը, որոնք մեզ խանգարում են», - Reuters-ի թղթակցի հետ նշում էր Անկարայի բնակիչ Յիգիթխան Դինգօղլուն:

Նկատենք, սակայն, որ թուրքական ստորաբաժանումները և «Սիրական ազատ բանակի» զինյալները վերահսկողություն սահմանեցին գործնականում անմարդաբնակ մի քաղաքի հանդեպ: Արևմտյան աղբյուրների համաձայն՝ վերջին մի քանի օրերին իրենց օջախներն են լքել Աֆրինի ավելի քան 150 հազար բնակիչներ: Միայն կիրակի օրը, թուրքական հարձակումից փրկվելու նպատակով, Աֆրինի շրջանը 20 հազար մարդ է լքել, հաղորդում է Reuters գործակալությունը: Առաջինն, ի դեպ, ինչ արեցին Աֆրինի գրավումից հետո քաղաքի նոր տերերը, քրդական հերոսներից մեկի հուշարձանի ոչնչացումն էր:

Ինչ վերաբերում է Աֆրինից նահանջած քրդական ուժերի արձագանքին, ապա դրանց ներկայացուցիչները երեկ հայտարարեցին, որ ուղղակի ռազմական բախումների մարտավարությունից անցնում են պարտիզանական գործողությունների:

«Մեր ուժերը այժմ էլ ներկա են Աֆրինի ողջ տարածքում: Այդ ուժերը կօգտագործեն թուրքական բանակին և դրան աջակցող վարձկաններին հարվածելու ցանկացած հնարավորություն: Աֆրինում գտնվող մեր ջոկատները իսկական մղձավանջի են վերածվելու նրանց համար: Մենք կշարունակենք դիմադրել այնքան ժամանակ, քանի դեռ Աֆրինը չի ազատագրվել, իսկ աֆրինցի ընտանիքները չեն վերադարձել իրենց հայրենի օջախներ», - կիրակի օրը հայտարարում էր Աֆրինի քրդական վարչակազմի ղեկավարներից մեկը` Օթման Շեյխ Իսան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG