Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վերընտրված նախագահին շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսը


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Ձեզ և հանուն Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և մեր ողջ հավատավոր հոտի շնորհավորում Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու առիթով», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

«Ձեր անվիճելի հաղթանակն ընտրություններում ակնհայտ վկայությունն է այն բացառիկ վստահության, որ Ռուսաստանի բարեպաշտ ժողովուրդն ունի ինչպես Ձեր անձի և համակողմանի գործունեության, այնպես և հայրենիքի հետագա զարգացման, պայծառացման և բարօրության, միջազգային հարթակում Ռուսաստանի Դաշնության դերակատարության Ձեր տեսլականի նկատմամբ», - գրել է Վեհափառը:

«Հայտնի է Ձեզ, թե ինչպիսի հարգանք և սեր է տածում հայ ժողովուրդը Ձեր և Ռուսաստանի նկատմամբ. զգացումներ` փորձված դարավոր եղբայրությամբ և վկայված այսօրվա դաշնակցության, գործընկերության և համագործակցության սերտ կապերով: Ուրախ ենք արձանագրել այն հոգածությունը, խնամքն ու ուշադրությունը, որ ՌԴ իշխանությունները, Ձեր անձնական մասնակցությամբ, դրսևորում են հայկական սփյուռքի և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հանդեպ», - ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG