Մատչելիության հղումներ

Ջրային տնտեսության պետական կոմիտեում մտահոգված են․ ջրամբարները կիսադատարկ են


Ոռոգման սեզոնին ընդառաջ հողագործներն ու Ջրային տնտեսության պետական կոմիտում մտահոգված են՝ Հայաստանի ջրամբարները կիսադատարկ են, տարին կարող է չորային լինել։ Տաք ձմռանից հետո, այսօրվա դրությամբ բոլոր ջրամբարներում կա մոտ 309 միլիոն խմ ջուր, սա 71 միլիոնով պակաս է քան 2017-ին և 175 մլն խմ-ով էլ պակաս քան 2016-ի ցուցանիշն էր։

«Ազատությունն» այցելեց Ազատի ջրամբար, որը մեծությամբ 4-րդն է երկրում: Այն 70 միլիոն խմ տարողություն ունի, սակայն այս պահին ընդամենը 29 միլիոն խմ ջուր է կուտակված:

Ջրամբարի պետ Մակինտոն Հակոբջանյանը «Ազատության» հետ զրույցում, մասնավորապես, ասաց․ - «Սա ցույց է տալիս, որ մի փոքր երաշտոտ տարիների նման է: Բայց ամեն ինչ կարա փոխվի: Մենք դիմացը ունենք Գեղամա լեռները, որտեղ երևում է ձյան ամբողջ պաշարը: Եթե համապատասխան տեղումները, անձրևները, ձնհալը մեր պատկերացրած ձևով լինի, երևի կունենանք լցվածություն»:

Ջրամբարի հարակից Լանջազատ գյուղի բնակիչները, սակայն, հույսը երկնքի հետ չեն կապում։ Ասում են՝ ջուրը չի բավարարելու, երաշտային տարվա թիվ մեկ տուժողն էլ իրենք են լինելու, անցյալի փորձն է վկայում։

Գյուղացիներին անգամ շշուկներն են հասել՝ որոշ համայնքներում արդեն խորհուրդ են տալիս հողը հաշվարկով մշակել, տարին սակավաջուր է լինելու։

Ջրային ռեսուրսների համար պատասխանատու կառույցում դեռ չեն շտապում երաշտային տարի կանխատեսել: Կոմիտեի պետ Արսեն Հարությունյանն ասում է՝ միակ մտահոգությունն Ախուրյանի ջրամբարն է, որի դեռ կեսն է լցվել: Անցած՝ երաշտային տարին հաշվի առնելով՝ այստեղ արդեն պատրաստվում են նոր սեզոնին։ Հարությունյանը տեղակացրեց՝ Արմավիրի մարզում այս տարի շահագործելու են բոլոր 400 խորքային հորերը, Կառավարության հավանությամբ ևս 23 նոր հոր կհորատեն։ Հարցին՝ իսկ արդյոք այս կերպ չեն գերօգտագործում արտեզյան ջրերը՝ կոմիտեի պետն արձագանքեց․ - «Իմ խնդիրը ջրամատակարարում ապահովելն է: Մենք ամեն ինչ անում ենք, որ ջուրը ապահովենք: Հիմա եկեք հասկանանք՝ ո՞րն է կարևորը, մենք այս պահին գյուղացուն թողնենք առանց բերքի՞:Ուզած-չուզած պետք է գնանք ծայրահեղ քայլի: Այո՛, խորքային հորը, ստորերկրյա ջրերը օգտագործելը պետության համար լավագույն սցենարը չէ, բայց եթե չունենք այլ տարբերակ, պետք է օգտագործենք այդ տարբերակը»:

Ջրաբան Թրահել Վարդանյանը, սակայն, համաձայն չէ պաշտոնյայի հետ։ Մասնագետը շեշտում է՝ ստորերկրյա ջրերի մակարդակն արդեն իսկ խիստ նվազել է ու սա պետք է ահազանգ լինի պատասխանատուների համար։ - «Ոռոգում ապահովելու համար նոր խորքային հոր հորատելը հարցի լուծում չէ», - նշեց նա:

Կոմիտեի պետը դժվարացավ նաև նշել՝ արդյոք ոռոգման սեզոնին կրկին կդիմեն Սևանի օգնությանն ու հավելյալ ջրառ կկատարեն, ինչպես նախորդ տարի, թե կբավարարվեն հասանելիք 170 միիոն խմ-ով։ Հիշեցնենք՝ 2017-ին երաշտային տարվա պատճառաբանությամբ ու օրենքի փոփոխությամբ ջրառը կազմեց 270 միլիոն խմ․ - «Վաղ է խոսել՝ վատ կլինի, թե լավ կլինի: Պարզ է, որ եթե նմանատիպ տարի լինի, ուրիշ տարբերակ չունենք, պետք է բացթողումը իրականացվի»:

Ամեն առիթով ձեռքը Սևանի կողմ պարզելը լուրջ վնաս է հասցնում լճի էկոհամակարգին՝ սա գիտականորեն հիմնավորված է՝ ասում է ջրաբան Թրահել Վարդանյանը: 100 միլիոն խմ-ով Սևանից ավելի ջրառ կատարելու փոխարեն պետք է համակարգը ճիշտ կառավարել։ Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է ոռոգման ցանցում կորուստներ նվազեցնել․ - «Քանի ես հիշում եմ՝ ասում են Համաշխարհային բանկը կամ էս-էս կազմակերպությունները ոռոգման ցանցի համար հատկացրել են էսքան դրամաշնորհ, նորոգվել են ոռոգման ցանցերը: Բայց ո՞ւր է, չենք տեսնում: Կորուստները էլի մեծ են, շատ մեծ են: Եթե մենք կարողանանք դրանց դեմ առնել, մեզ ոչ մի լրացուցիչ ջուր պետք չէ»:

Ոռոգման ցանցի նորոգման աշխատանքները մշտապես իրականացվում են՝ հակադարձում են Կոմիտեում։ Իսկ կորուստների իրական չափը ճշտելու համար հստակ հաշվառում է պետք։ Արսեն Հարությունյանի խոսքով՝ իրենք Կառավարություն են ներկայացրել մի ծրագիր, որի իրականացման դեպքում ողջ ոռոգման ցանցի վրա կտեղադրեն 2100 ջրաչափ և կկարողանան հասկանալ որքան են կազմում իրական կորուստները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG