Մատչելիության հղումներ

Մակարավանքը փլուզման վտանգի տակ է․ Տավուշի թեմի առաջնորդը ահազանգում է


Պատմամշակութային ժառանգություն համարվող Մակարավանքի վանական համալիրը կիսավեր է։ Համալիրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գավիթը ձնհալի և անձրևների ժամանակ ջրավազանի է վերածվում։ Տանիքը կաթում է, սյուներն ամբողջությամբ ջրի մեջ, և արդեն քարերն են թափվում։

12-րդ դարում Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մոտ կառուցված համալիրն այսօր փլուզման վտանգի տակ է։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ նման պայմաններում այն երկար չի դիմանա․ - «Սա ապագա չունի: Անցյալ տարի մենք արդեն փաստի առջև ենք կանգնել, որ տանիքի հյուսիսային մի հատված՝ մեծ քարակտորներ, պոկվել և ընկել են, և եթե այսպես շարունակվի, այս ընթացքով, ցավում եմ ասելու, որ միգուցե նաև ամբողջ այս շենքը փլվի»:

Թեմի առաջնորդի փոխանցմամբ՝ ինքն անձամբ խնդրի մասին բազմիցս նամակներ է ուղարկել Մշակույթի նախարարությանը, սակայն որևէ պատասխան չի ստացել։ - «Ոչ մի արձագանք․․․ անկեղծ ասած, ես այլևս հույս էլ չեմ կապում նախարարության հետ, որովհետև չի կարելի այդքան ահազանգից հետո գրեթե զրոյական պատասխան լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Վանական համալիրի հիմնովին նորոգման համար մեծ գումարներ են անհրաժեշտ, որոնք թեմը չի կարող ապահովել։ Ստիպված բարերարների են դիմել, որպեսզի գոնե տանիքը թիթեղապատվի։ - «Ծախսերը մեծ են, այլապես կձեռնարկեինք և կանենք: Հիմա գոնե այս ժամանակավոր լուծումն ենք փորձում գտնել, որպեսզի ջրերի հոսքը տաճար՝ կանխենք», - նշեց նա:

Մշակույթի նախարարությունում նույնպես Մակարավանքում խնդիրները լրջագույն են համարում, սակայն, ասում են, դրանք վերացնելու համար գումար չունեն: Փոխնախարար Արև Սամուելյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ դեռ առաջիկա երկու երեք տարվա ընթացքում էլ համալիում շինարարություն չի լինի։ - «Տավուշի մարզում Մշակույթի նախարարությունը շատ լայնամասշտաբ գործունեություն է ծավալել Գոշավանքի տարածքում, որը նույնպես Մայր Աթոռինն է, նաև մասնավորի հետ համագործակցությամբ Վարագավանքի տարածքում: Մակարավանքում, ցավոք, դեռևս այդ բուն շինարարական աշխատանքները չենք կարող նախատեսել, բայց պատրաստ ենք համագործակցել և գտնել ինչ-որ եզրեր վանքի ջրամեկուսացման այդ լրջագույն խնդիրը լուծելու ուղղությամբ», - նշեց պաշտոնյան:

Արև Սամուելյանը նաև պնդեց՝ նախարարությանը հասցեագրված որևէ դիմում անպատասխան չի մնում․ - «Այն դիմումները, որոնք եղել են, միշտ արձագանք ստացել են: Մասնավորապես՝ մասնագիտական մեր եզրակացությունը կա: Հավանաբար Սրբազանը ուզեցել է ավելի կոնկրետ՝ շինարարության հետ կապված հարցեր բարձրացնի: Իհարկե, ֆինանսական հնարավոր չէ այս պահին դիտարկել»:

Պաշտոնական նկարագրություններում նշված է, որ Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ կարևոր տեղ է գրավում հայ ճարտարապետության մեջ: Ներկայիս իրավիճակում, սակայն, այդ զարդաքանդակներից շատերն անգամ տեսանելի չեն։

«Մակարավանքը պետք է իր կարևոր և իրեն համարժեք տեղը գրավի վերստին մեր կյանքում», - ասում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG