Նորքի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստին երկու փաստաբանների ներկայացրած միջնորդությունները՝ իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, մերժվեցին:
Հայաստանում բռնությամբ զինված հեղափոխություն իրականացնելու փորձի մեջ մեղադրվող Արթուր Վարդանյանի և գլխավոր մեղադրյալներից մեկի՝ Անտոն Թոթոնջյանի փաստաբան Սիրանույշ Աղվանյանը դատարանից պահանջեց դադարեցնել նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու ազատ արձակել Արթուր Վարդանյանին: Թոթոնջյանը ստորագրությամբ ազատ է արձակվել դեռ 2016-ին:
Փաստաբանի պնդմամբ՝ նշված գործը նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից ԱԱԾ-ին հանձնարարելն անօրինական է եղել, որովհետև հանձնարարությունը Կոստանյանի փոխարեն կատարել է նրա տեղակալը՝ Արմեն Հարությունյանը, ով ըստ՝ փաստաբանի, այդ լիազորությունը չի ունեցել: Մեղադրող դատախազը հակադարձեց՝ Արմեն Հարությունյանն ունեցել է այդ իրավունքը, որովհետև այդ ժամանակ նա եղել է գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարը: Փաստաբան Սիրանույշ Աղվանյանն ասաց՝ հենց այդ նույն ժամանակահատվածում Կոստանյանը որպես գլխավոր դատախազ հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, դա նշանակում է, որ Արմեն Հարությունյանը չէր կարող ժամանակավոր պաշտոնակատար լինել:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը խորհրդակցական սենյակից վերադարձավ ու ասաց՝ միջնորդությունը մերժվում է՝ անհիմն լինելու պատճառով:
Մյուս միջնորդությունը ներկայացրեց զինված խմբի գործով անցնող ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի փաստաբան Նարինե Ռշտունին: Նա հայտարարեց՝ դատարան անընդհատ անփոփոխ է թողնում երեք երեխաների հոր խափանման միջոցը փոխելու որոշումը: Շարունակեց՝ իր վստահորդն անազատության մեջ է արդեն 2 տարի 4 ամիս, 2-րդ կարգի հաշմանդամ է, զարկերակային բարձր ճնշում ունի, Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, գլխում երկու բեկոր ունի: Պնդեց՝ առողջական խնդիրներն անազատության մեջ բարդացել են, դատապարտյալների ՔԿՀ-ում ստացիոնար բուժման առաջարկը մերժվել է, իսկ հիմա արդեն քաղաքացիական հիվանդանոցում ստացիոնար բուժում ստանալու անհրաժեշտություն կա: Նարինե Ռշտունի միջնորդեց գրավի դիմաց ազատ արձակել իր վստահորդին: Փաստաբանի միջնորդությանը միացան նաև մի քանի փաստաբաններ: Մասնավորապես, Արթուր Վարդանյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանն ասաց՝ այս քրեական գործով անցնող բոլոր ամբաստանյալների նկատմամբ ուղղակի պետական լիազոր մարմնի կողմից կալանք կիրառվեց, որպեսզի դա մեսիջ լինի մյուս «ըմբոստ» քաղաքացիների համար:
Մեղադրող դատախազ Էդգար Արսենյանն արձագանքեց՝ միջնորդությունը ենթակա է մերժման, շարունակեց՝ Սարիբեկյանը տևական ժամանակ մասնակցել է Արթուր Վարդանյանի կողմից կազմակերպված հանցավոր խմբի պլանավորված գործողություններին, ազատության մեջ լինելով նա կարող է ազդեցություն ունենալ գործի ընթացքի վրա, կամ կատարել նոր հանցանք:
Այս գործով անցնող գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը նիստի ողջ ընթացքում գիրք էր կարդում ու խաչբառ լրացնում: Մի պահ գլուխը խաչբառից բարձրացրեց ու դատավորին խորհուրդ տվեց՝ եթե դատախազն այս նույն մերժման տեքստը բոլոր միջնորդությունների ժամանակ պետք է կրկնի, թող չգա: Հայտարարությամբ հանդես եկան նաև ամբաստանյալներ Վլադիմիր Առաքելյանն ու Խաչիկ Ավետիսյանը:
«Վերջապես արդարադատություն պետք է կայանա, թե՞ չէ: Ստանդարտ բոլորին նույն մեղադրանքը տվել են, այդ թվում նաև ում վրա կալանքի սանկցիա չկա: Նախաքննության ընթացքում որևէ գործողություն չի կատարվել քննիչների կողմից: Ընդամենը մի հոգու տված ցուցմունքների համաձայն այ էսքան մարդ ձերբակալվել ա», ֊ պնդեցին նրանք:
Դատավորը վերադարձավ խորհրդակցական սենյակից ու հայտարարեց՝ միջնորդությունը մերժվում է:
Վաղը դատարանում կհրապարակվի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի ու այս գործով անցնող մյուս մեղադրյալների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություները:
Հիշեցնենք՝ ըստ ԱԱԾ-ի, գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը 20 հոգուց բաղկացած իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։