Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ խորհրդարանի պատգամավոր Սերդար Բերդիմուհամեդովը, մասնակցել է Աստանայում անցկացվող Կենտրոնական Ասիայի պետությունների գագաթնաժողովին և բանակցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Այս հանդիպումը նոր թափ է տվել պնդումներին, թե բռնապետ Բերդիմուհամեդովը պատրաստվում է նախագահի պաշտոնը իր միակ որդուն ժառանգել:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ղազախստանի առաջնորդը հարևան պետության նախագահի որդու հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
61֊ամյա Բերդիմուհամեդովը անցած տարի երրորդ անգամ անընդմեջ ընտրվեց Թուրքմենստանի նախագահի պաշտոնում՝ ստանալով քվեների 90 տոկոսից ավելին: