Այս տարի Ֆերդինանդ Առաքելյանը նշում է ծննդյան 75-ամյա հոբելյանը:
Ի դեպ քանդակագործը մեր օրերում թերևս այն եզակի, եթե չասենք միակ արվեստագետն է, որ կոչումներ ու մրցանակներ չունի: Մեկ մեդալ, սակայն, ունի՝ Հռոմի Պապից ստացած ոսկե մեդալը, որը ստացել է Մեծ եղեռնի զոհերին նվիրված «Մեկ րոպե լռություն» խորագրով իր հուշաքանդակի համար, որը հեղինակը Ֆրանցիսկոս Առաջինին էր նվիրել նրա հայաստանյան այցելության ժամանակ:
«Ազատության» հետ զրույցում Առաքելյանը շեշտում էր, որ հատկապես վերջին տասնամյակներում քանդակագործների լավ սերունդ է ի հայտ եկել, բայց, նրա համոզմամբ, իրականում լավ քանդակագործը արվեստի մարդ պիտի լինի, շատ լավ պիտի տեղյակ լինի նաև արվեստի այլ ճյուղերին: Այլապես ստացվում է, որ «Արամ Խաչատրյան են քանդակում, երբեք չել լսել «Սուսերով պարը» կամ «Դիմակահանդեսի» վալսը»:
Մեր օրերում հատկապես մայրաքաղաքում տեղադրվող կամ արդեն իսկ տեղադրված քանդակները հաճախ անհանդուրժող քննադատություն են արժանանում: Վերջին դեպքը կապված էր Արամ Մանուկյանի արձանի հետ, որ տեղադրվելու է Առաջին հանրապետոթւյան հարյուրամյակի տոնակատարությունների շրջանակներում:
Հիշեցնեմ, բավական բուռն քննարկումներով անցավ արձանի կերտման համար հայտարարված մրցույթի արդյունքների հրապարակումը: Ոմանց հաղթող նախագիծը դուր եկավ, ոմանց՝ ոչ:
Ֆերդինանդ Առաքելյանը, մինչդեռ, նշում է․ - «Ով ուզում ա անի, թող անի: Վատ կանի՝ դա իրա ճակատագիրն ա: Լավը կանի՝ պատմության մեջ կմնա: էս ժյուրիներն էլ հիմար դեր են տանում, որովհետև ժյուրիները ազնիվ չեն»:
Նա ցավով նկատում է, որ մեր օրերում արվեստը այս կամ այն պաշտոնյայի ճաշակին ու քիմքին համապատասխան է գնահատվում․ - «Արվեստը ճաշա՞կ ա․․․ Էդ ո՞վ ա ասել, որ ճաշակ ա․․․ Դա ոգու կապն ա: Երաժշտություն կա, ասենք Վերդիի երաժշտությունը, դուք չեք հավանում, ես հավանում եմ: Արվեստը ճաշակ չի, արվեստը խորը փիլիսոփայություն է․ ամբողջությամբ փիլիսոփաթյուն է: Ճաշակ չի։ Ճաշակը սահմաններ ունի, իսկ փիլիսոփայության շրջանակը մեծ է․․․ Ճաշակով կոշիկ կարող ես առնել: Ես հիշեցի Սենեկայի խոսքերը․ ասում ա՝ առաջ սովորիր բարոյականություն, հետո նոր իմաստություն: Մեր մոտ հակառակն ա: Իմաստությունը գռեհիկ ա, արվեստի նպատակը գեղեցիկն է»:
Խոսելով մեզանում ժամանակակից քանդակագործության մասին՝ Առաքելյանն ասաց․ - «Քանդակագործությունը ծանր արվեստ է: Նկարչությունն ավելի լավ վիճակում է: Նկարչության մեջ կա շոյող բան: Քանդակը չէ, դաժան բան ա»:
Հարցին, թե որն է իր համար ամենածանրը մարդկային հարաբերություններում, քանդակագործը պատասխանեց․ - «Դավաճանությունը: Ես ահավոր ազգասեր մարդ եմ: Բոլոր հնարավորություններն ունեցել եմ երկրից գնալու․․․ ես չեմ գնացել: Հիմա ես էս պետությունից դժգոհ եմ, որ չունեն օրենքի դիկտատ: Ո՞նց կարելի է [ունենալ] այսպիսի բևեռացված երկիր»:
Իսկ արվեստագետների ընբոստ ոգին մեր օրերում, նրա խոսքով՝ «կորել է քծնանքի մեջ»:
Այդուհանդերձ Ֆենդինանդ Առաքելյանը լավատես է․ - «Սերունդ ա գալիս, որը, ճիշտ է քիչ են, բայց առողջ են»: