«Ելք» դաշինքից ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը դատի են տալիս «Երևան» հիմնադրամին և Պետեկամուտների կոմիտեին:
Դատական կարգով նրանք պահանջում են տրամադրել տվյալներ, թե վերջին երկու տարիների ընթացքում ովքեր են 100 հազար դրամ և ավելի գումար փոխանցել Հիմնադրամին: Արայիկ Հարությունյանն ասում է՝ կասկածներ ունեն, որ Երևանի քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց, օրինակ՝ տարածքներ սեփականաշնորհելու, քաղաքացիները ոչ միայն պետական տուրքեր են վճարում, այլ նաև գումար են փոխանցում «Երևան» հիմնադրամին, որպես այսպես կոչված՝ «մաղարիչ»:
«Արդեն վաղուց մտահոգություններ են հնչում, որ Երևան քաղաքում որոշակի ծառայություններ մատուցելիս տուրքերի վճարմանը զուգընթաց որոշակի վճարումներ են կատարվում քաղաքացիների կողմից «Երևան» հիմնադրամին: Եվ սա փաստացի կոռուպցիոն սխեմա է, որովհետև նման պահանջ, որ «Երևան» հիմնադրամին պետք է գումարներ վճարվեն՝ չկա», ֊ «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Արայիկ Հարությունյանը:
Սա պարզելու համար «Ելք» խմբակցության ավագանու անդամը քաղաքապետարանից պահանջել ու ստացել է այն անձանց ցուցակը, ովքեր ավտոտնակներ են սեփականաշնորհել: Այժմ Հարությունյանը ցանկանում է ստանալ նաև Հիմնադրամում վճարումներ կատարողների անուն ազգանունները, որպեսզի համեմատի, արդյոք այդ քաղաքացիները նաև նույն ժամանակահատվածում հիմնադրամին գումար փոխանցել են, թե ոչ:
«Եթե չկա՝ կհայտարարենք, որ չկա նման երևույթ, եթե կա՝ ուրեմն պետք է հասկանանք, թե այդ ինչ մեխանիզմ է», ֊ նշեց նա:
Հարությունյանի խոսքով, «Երևան» հիմնադրամը չի տրամադրել 100 հազարից ավելի գումար նվիրաբերածների անուն ազգանունները դա հիմնավորելով անձնական տվյալների գաղտնիությամբ: ֊ «Անձնական տվյալների պաշտպանությունը կարևոր հարց է, և ես իրավաբանների հետ էլ եմ խոսել: Բայց նույն իրավաբանները նշում են, որ ամենևին էլ անուն ազգանունները անձնական տվյալների գաղտնիք չեն պարունակում», ֊ պնդեց ավագանու ընդդիմադիր անդամը:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր հերթին դիմել է Պետեկամուտների կոմիտե՝ ստանալու այդ տվյալները: ՊԵԿ֊ը վերահսկում է հիմնադրամներին և ստանում նրանց տարեկան հաշվետվությունները: Արայիկ հարությունյանի խոսքով՝ ըստ ՊԵԿ-ի նախագահի սահմանած ձևաթղթի հաշվետվության մեջ պետք է նշվեն նաև նվիրատուների անուն ազգանունները: Սակայն «Երևան» հիմնադրամը ՊԵԿ֊ին չի տրամադրել այդ տվյալները, Պետեկամուտների կոմիտեն էլ չի պահանջել: Այդ պատճառով դատական կարգով նաև ՊԵԿ֊ից են պահանջում վերացնել անգործությունն ու տվյալները ստանալ «Երևան» հիմնադրամից։
«Երևան» հիմնադրամը պետական գրանցում ստացել է 2007 թվականին, հոգաբարձուների խորհրդի նախագահն է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խորհրդի կազմում են նաև քաղաքապետի տեղակալները, խորհրդականը, աշխատակազմի քարտուղարը, քաղաքապետարանի տարբեր վարչությունների պետեր, ինչպես նաև ավագանու անդամներ: Հիմնադրամը պաշտոնական կայքէջ չունի, իսկ էլեկտրոնային փոստը գրանցված է Mail.ru հարթակում: 2016 թվականի հաշվետվությունում նշված է, որ հիմնադրամը ստացել և ծախսել է ավելի քան 1 միլիարդ 700 միլիոն դրամ, կամ 3.7 միլիոն դոլլար: Գումարի մեծ մասը՝ գրեթե 1.4 միլիարդը կամ 2.8 միլիոն դոլլարը տրվել է Երևան քաղաքի բյուջեից: Պետական բյուջեից հիմնադրամին գրեթե 60 միլիոն դրամ է փոխանցվել, իսկ անհատներն ու կազմակերպությունները հիմնադրամին վճարել են ավելի քան 350 միլիոն դրամ, կամ ավելի քան 700 հազար դոլլար:
Այսինքն ստացվում է, որ յուրաքանչյուր աշխատանքային օր անհատներն ու կազմակերպությունները «Երևան» հիմնադրամ են վճարել 2800 դոլարին համարժեք դրամ: Հաշվետվության մեջ, սակայն, չի երևում, թե ովքեր և ինչ չափով վճարումներ են կատարել «Երևան» հիմնադրամին: Այս տեղեկատվությունը գաղտնի պահելը Արայիկ հարությունյանը կասկածելի է համարում: ֊ «Փաստացի թե՛ ՊԵԿ֊ը, թե՛ «Երևան» հիմնադրամը այդ մտահոգությունը չեն փարատում», ֊ ասում է նա:
Ինչ վերաբերում է ծախսերին, ապա «Երևան» հիմնադրամի երկուսուկես էջանոց հաշվետվությունում շատ ընդհանուր տվյալներ են՝ Երևանի բարեկարգում, կանաչապատում, հուշարձանների պահպանում, տոնական, մշակութային միջոցառումների կազմակերպում, օժանդակություն սոցիալապես անապահով խավերին կամ հովանավորության կարիք զգացող կրթական, մշակութային կազմակերպություններին: Ընդ որում ամենամեծ գումարը՝ ավելի քան 700 միլիոն դրամ, ըստ Հիմնադրամի հաշվետվության, ծախսվել է Երևանի բարեկարգման, կանաչապատման, հուշարձանների պահպանման և կառուցապատման վրա: Թե մոտ 1.5 միլիոն դոլլարով ի՞նչ տարածքներ են կանաչապատել, ինչ հուշարձաններ են պահպանել, քաղաքի համար ի՞նչ կառուցապատում են արել, այսպիսի մանրամասներ չկան:
«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ասաց, որ հարցերին կպատասխանի հաջորդ շաբաթ, Պետեկամուտների կոմիտեն «Ազատության» գրավոր հարցերին դեռ չի պատասխանել, քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանն ասաց՝ չի կարող մեկնաբանել ավագանու «Ելք» խմբակցության անդամի հայտնած կասկածները:
«Ես կասկածներ չեմ կարող մեկնաբանել, դրա համար որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ», ֊ նշեց Գևորգյանը: