Մատչելիության հղումներ

Ապրիլի 2-ի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում միտինգների տեսքով դժգոհության կարիք չկա. Շարմազանով


Ապրիլի 2-ի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում հետընտրական զարգացման և միտինգների տեսքով դժգոհության կարիք չկա, ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե անընդունելի են համարում Սերժ Սարգսյանի կառավարումը նաև նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո։

Այն, որ մի քանի ուժեր կարող են հավաքվել և իրենց դժգոհությունը հայտնել, դա Սահմանադրությամբ իրենց տրված լիազորությունն է, երեկ երեկոյան Հանրապետականի գործադիր մարմնի նիստին հաջորդած ճեպազրույցում նշեց Շարմազանովը՝ միևնույն ժամանակ պնդելով, թե դա կեղծ օրակարգ է։

«Ելք»-ն առանձին քաղաքական միավոր է և «Ելք»-ն ինքը կորոշի ինչպես վարվել, դա բացառապես իրենց խնդիրն է։ Այսօր ես ինչ էլ ասեմ՝ համապատասխան ոչ Հանրապետական կուսակցության ջատագովները պետք է ներկայացնեն, որ Շարմազանովն ուրախանում է, չարախնդում է, որ «Ելք»-ում միասնականություն չկա՝ մի մասը, Փաշինյանի գլխավորությամբ, ասում է՝ «գնանք Ազատության հրապարակ», Գորգիսյանն այնտեղ հայտարարում է` «ծայրահեղ քայլերին մենք դեմ ենք»: Դա իրենց ներքին խնդիրն է», - հայտարարեց ՀՀԿ խոսնակը՝ շարունակելով․ - «Իսկ գլոբալ առումով, քաղաքական գործընթացները պետք է լինեն պառլամենտում, և ապրիլի 2-ի ընտրություններն էլ ցույց տվեցին, որ Հայաստանում հետընտրական զարգացման, որևէ դժգոհության հետընտրական՝ միտինգների տեսքով, կարիք չկա, դրա վառ ապացույցը էսօրվա իրավիճակն է»։

Նա ընդգծեց՝ Հայաստանի քաղաքացին, ըստ Սահմանադրության, ընտրությունների միջոցով է ձևավորում իշխանություն։ «Իսկ այն, որ մեկ, երկու, երեք, չորս մի քանի ուժեր կարող են հավաքվել և իրենց դժգոհությունը հայտնել, դա Սահմանադրությամբ իրենց տրված լիազորություններն են, կարող են միտինգ անել, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ դա կեղծ քաղաքական օրակարգ է, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ընտրությունների միջոցով է ձևավորում իշխանություն, ինչն էլ Հայաստանի քաղաքացիներն իրականացրել են։ Մեր յուրաքանչյուրիս պարտքն է հարգել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարծիքը՝ սա է, այլ ճանապարհ չկա։ Իսկ մնացածը, թե պարոն Փաշինյանը, կամ «Ելք»-ի մեկ այլ հարգարժան գործընկերներն ինչպիսի օրակարգ ունեն, ինչ են որոշում, ոնց են անում, ես Ազգային ժողովի բարձր ամբիոնից խոսել եմ․ ապրիլյան կառավարության ձևավորումը փորձել ներկայացնել որպես իշխանափոխության կամ իշխանության նոր ձևավորման օրակարգ՝ դա կեղծ օրակարգ է և անհեթեթ է», - ասաց իշխող կուսկացության խոսնակը։

«Ազատության» հարցին, թե իշխանության համար միևնո՞ւյն է՝ փողոցային պայքար կծավալվի, թե՝ ոչ, Շարմազանովը պատասխանեց. - «Գիտեք ինչ կա, Հայաստանի հանրապետական կուսակցությունը փորձառու քաղաքական ուժ է, և առաջին անգամ չէ, որ այս կամ այն ուժերը, չնայած մեծ վերապահումով կարելի է նրանց անվանել ընդդիմություն, որովհետև ընդդիմությունը հիմնական նա է, ում որ ժողովուրդը ձայն է տալիս, իրենք են որոշել, իսկ մնացածն արդեն իրենց խնդիրն է: Կխախտվի Սահմանադրությունը, կխախտվի օրենսդրությունն այն ուժերի կողմից կամ քաղաքացիների կողմից, կամ իշխանության կողմից՝ ցանկացած պարագայում դա անընդունելի և դատապարտելի է»:

«Յուրաքանչյուրը՝ թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն, իրենց գործընթացները կիրականացնեն օրենքի թե Սահմանադրության սահմաններում, մեզ համար ընդունելի է, անկախ նրանից՝ դա մեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս», - եզրափակեց իշխող կուսակցության խոսնակը:

Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի իր լիազորությունները, ինչից հետո խորհրդարանը կընտրի նոր վարչապետին, որը, ըստ փոփոխված Սահմանադրության, կլինի գործադիր իշխանության փաստացի ղեկավարը։

Հանրապետականները բազմիցս հայտարարել են, որ Սերժ Սարգսյանից զատ այդ պաշտոնում այլ անձի չեն տեսնում։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ անընդունելի է համարում «Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը»։ «Ես ինձ չեմ պատկերացնում ուղղակի ձեռքերս ծալած հետևելիս, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերարտադրվում», - ասել է Փաշինյանը։

Սակայն ավելի վաղ «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարի հնարավորությունը հանրությունը բաց է թողել անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG