Մատչելիության հղումներ

«45 տարեկանում հեքիաթների չեմ հավատում»․ բուռն քննարկում Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ


Իշխանությունը հերթական անգամ փոփոխության է ենթարկում Ընտրական օրենսգիրքը, սակայն այդպես էլ հստակ չի արգելում դպրոցների, մանկապարտեզների և բուժհաստատությունների աշխատակիցներին՝ ընտրությունների ընթացքում նախընտրական քարոզչություն իրականացնել:

Առաջարկվող փոփոխությամբ, եթե դատավորներին, դատախազներին, քննիչներին, ոստիկանությանը, ԱԱԾ֊ին, ԴԱՀԿ֊ին, քրեակատարողական հիմնարկներին, Փրկարար ծառայությանը և զինծառայողներին իսպառ արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել, ապա առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական , նախադպրոցական հաստատությունների աշխատողները ու նաև հանրային ծառայողները և պետական հիմնարկները չեն կարող նախընտրական քարոզչություն իրականացնել միայն իրենց լիազորությունները իրականցնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մտահոգություն հայտնեց՝ իշխանությունը կրկին լուծում չի տալիս ընտրությունների ժամանակ դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին նախընտրական քարոզչությունից զերծ պահելու խնդրին, և սա այն դեպքում , որ հենց այս հաստատությունների աշխատակիցներն են ընտրական գործընթացներում ներգրավվում և ոչ թե դատավորներն ու դատախազները ․ ֊ «Այս վիճակով ընդունվելու դեպքում դարձյալ, ցավոք սրտի, մանկավարժները, նախադպրոցական հաստատությունների աշխատողները անխնա ձևով օգտագործվելու են ընտրական գործընթացներում՝ անունը դնելով, որ այդ մասնակցությունը դուրս էր նրանց աշխատաժամանակից: Այսինքն՝ ի վերջո խնդիրը լուծում չի ստանում»:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, մինչդեռ, պարզաբանում է․ եթե ուսուցիչներին, տնօրեններին արգելեն քարոզչությամբ զբաղվել, ապա կսահմանափակեն նրանց Սահմանադրական իրավունքները, իսկ դա անել չեն կարող․ ֊ «Մենք գտնում ենք, որ այստեղ մենք, նման խիստ սահմանափակում դնելով բժշկական հաստատությունների, ուսումնական հաստատությունների աշխատողների համար՝ ցանկացած պարագայում զերծ մնալ քարոզչությունից, փաստորեն կսահմանափակենք նրանց սահմանադրությամբ նախատեսված հիմնարար իրավունքները»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վրդովվեց՝ այդ ինչպե՞ս է, որ դատախազների և դատավորների դեպքում իշխանությունը նրանց սահմանադրական իրավունքների մասին չի մտածում, բայց ուսուցիչների կամ տնօրենների դեպքում վերաբերմունքը կտրուկ փոխվում է․ ֊ «Հիմա ես այստեղ չեմ ուզում հանցագործության մասին հաղորդում տալ, բայց մոռացե՞լ ենք՝ ընդամենը մեկ տարի առաջ, երբ մանկավարժներին կանչում, ասում էին՝ եթե այսքան հանդիպում այսքան մարդով չապահովեք ծնողների, դիմումդ գրի, դուրս արի, գնա, բացարձակապես չկարևորելով, թե այդ մանկավարժը իրականում այդ դպրոցի համար ինչ արժեք է ներկայացնում: Ես չեմ կարծում, որ նման եմ մի մարդու, որը հավատում է հեքիաթների 45 տարեկանում: Ասեմ Ձեզ, որ ամենաքիչը նախընտրական քարոզչության պարզությունը հարամում են պետական ծառայողները: Այդ թվում՝ փրկարարները: Այդ ե՞րբ են այդ մարդիկ միջամտել այդ գործընթացին, որ հիմա մենք դնում ենք՝ փրկարարներին զրկում ենք դրանից: Ամենաշատը նախընտրական գործընթացի ներդաշնակությունը խախտում են, խաթարում են մանկավարժները, դպրոցների դասատուները և բժշկական հաստատությունների աշխատողները: Անձամբ տեսել եմ՝ զանգում են, ասում են՝ եկե՛ք, դպրոցի հետ կապված խնդիր կա: Բարև ձեզ, ինչպես եք․․․ մեր թեկնածուն էսինչնա, լավ տղայա ու սկսում են առանց բաժակի գովերգել այդ թեկնածուին: Էս է իրականությունը: Հիմա մենք, ովքեր որ ամենաշատը խախտում են էդ նախընտրական քարոզչության օրինականությունը, մենք նրանց չենք մեկուսացնում այդ գործընթացից, պատճառաբանելով, թե նրանց սահմանադրական իրավունքը ոտնահարում ենք»:

Բուռն քննարկմանը միջամտեց նախկին Գլխավոր դատախազ, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ ընդդիմադիր պատգամավոր Գևոոգ Պետրոսյանին նախ զգուշացնելով , որ նրա ելույթը հաղորոում էր հանցագործության մասին․ ֊ «Պարո՛ն Պետրոսյան, էդ որ ասում եք՝ էսի էդ տեղը չի․․․ բոլոր տեղերում էլ հանցագործության մասին հաղորդումը հանցագործության մասին հաղորդում է, եթե Դուք հրապարակայնացնում եք: Հիմա Դուք, ըստ էության, տվեցիք հանցագործության մասին հաղորդում, էն տարբերությամբ, որ մենք չենք կարա սուտ մատնության համար Ձեզ նախազգուշացնենք: Բայց, սկզբունքորեն, էդ էլ կարանք անենք»:

Գևորգ Կոստանյանը նաև շեշտեց, թե ուսուցիչներին և տնօրեններին առնչվող մտահոգությունները իրենք փարատել են, երբ Ընտրական օրենսգրքի փոփոխություններում ամրագրել են, որ նրանք չեն կարող քարոզչությամբ զբաղվել ի պաշտոնե, մի ձևակերպում, որը նախկինում չի եղել․ ֊ «Այսինքն՝ ուսուցիչը, բուժաշխատողը, մյուսը, որոնց արգելվում է նախընտրական քարոզչություն իրականացնել ոչ միայն ծառայողական պարտականությունների կատարման ժամանակահատվածում, այլև անգամ դրանից դուրս՝ ի պաշտոնե հանդես գալիս: Պարոն Պետրոսյան, էդ որ ասում եք՝ ուսուցիչը կամ դպրոցի տնօրենը զանգում ա՝ ծնող, արի․․․ դա արդեն մեխանիկորեն ի պաշտոնե հանդես գալ է, որովհետև դպրոցի ուսուցիչը կամ տնօրենը որևէ այլ հիմք չունի այդ ծնողին զանգահարելու: Ինքը այդ հիմքը կարա ունենա, եթե իրանք բարեկամներ են կամ չգիտեմ ինչ են»:

Ի դեպ, Կառավարությունը նաև առաջարկում է վարչական ռեսուրսի օգտագործման համար քրեական պատասխանատվություն սահմանել: Այս փոփոխության արդյունքում Քրեական օրենսգիրքը կլրացվի նոր հանցակազմով, որը կսահմանի 3-ից մինչև 5 տարվա ազատազրկում: ֊ «Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուց հարկադրելու համար: Նման արարքը իրո՞ք կարծում եք՝ իր հանրային վտանգավորության աստիճանով այդքան բարձր է, որ անձը ենթակա կլինի քրեական պատասխանատվության»:

Ի դեպ, հիշեցնենք, «Սաս գրուպի» աշխատակիցների հայտնի ձայնագրությունը, որտեղ ինչպես հետո պարզվեց Հանրապետական պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը հարկադրում, սպառնում , նաև նվաստացնում էր աշախատկցիներին ՝ նրանց ստիպելով ձայներ բերել Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար : Ընդորում, ՀՔԾ-ն կարճեց այս փաստով հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։

Ի դեպ, Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններով առաջարկվում է նաև քրեական պատասխանատվության ենթարկել ընտրակաշառքի միջնորդության համար: Սա նույնպես նորություն է Քրեական օրենսգրքում, որի համար սահմանվում է 1֊ից մինչև 5 տարվա ազատազրկում։

Հավելենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը դրական եզրակացություն ստացավ Պետաիրավական հանձնաժողովում և ընդգրկվեց խորհրդարանի մեծ օրակարգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG