Մատչելիության հղումներ

Էնթոնի Վիթը համերգով հանդես կգա Երևանում


Երկուշաբթի օրվանից Հայաստանում է և մարտի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա լեհ անվանի դիրիժոր, դասական երաժշտության բնագավառում աշխարհի ամենահեղինակավոր մրցանակների դափնեկիր Էնթոնի Վիթը։ Կկատարվեն Մոցարտի 41 սիմֆոնիան (Յուպիտերը) և Բրուկների 3-րդ սիմֆոնիան:

Աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերը ղեկավարած և ավելի քան 5 միլիոն ձայնասկավառակ ունեցող Էնթոնի Վիթն առաջին անգամ է Հայաստանում: Ֆիլհարմոնիկի հետ մի քանի փորձերից հետո համերգից առաջ հրավիրված ասուլիսում նա շեշտեց, որ նվագախմբում թույլ օղակներ չկան․ - «Նրանք հիանալի են աշխատում: Դա հրաշալի համերգ է լինելու»:

Ներկայացնելով լեգենդար դիրիժորին՝ նվագախմբի փոխտնօրեն Արմեն Բադարյանը հիշեցրեց, որ մոտ մեկ տարի առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներ է ունեցել Լեհաստանում, որտեղ էլ հենց պայմանավորվածություն է ձեռք բերվել երևանյան հյուրախաղի մասին:

«Ազատության» հարցին, թե արդյոք իր նվագացանկում կան հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, Էնթոնի Վիթը պատասխանեց․ - «Իհարկե, Խաչատրյան»:

Հավելեց, որ Վարշավայի սիմֆոնիկ նվագախումբը որպես գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար ավելի քան 12 տարի գլխավորելիս հատուկ համերգ է կազմակերպել, որտեղ հնչել է միայն Արամ Խաչատրյանի երաժշտությունը:

Անցյալ դարի վաթսունականներին Լեհաստանում ոչ միայն հանդիպել է Օհան Դուրյանին՝ հիանալով նրա դիրիժորական տաղանդով, այլև հրաշալի հարաբերություններ է ունեցել նրա հետ:

Ուշագրավ է, որ Էնթոնի Վիթն անչափ զարմացավ՝ տեղեկանալով որ Օհան Դուրյանը հայ է: Ասաց, որ այդ տարիներին ինքն ուսանող է եղել և հաճախ է ներկա գտնվել Դուրյանի փորձերին, որոնք շատ մեծ տպավորություն են թողել նրա վրա:

Աշխատանքային ամենամեծ փորձառությունը, իհարկե, աշխարհահռչակ Հերբերտ ֆոն Կարայանից է ստացել, որի ասիստենտն է եղել երկար տարիներ:

Էնթոնի Վիթը, ի դեպ, նախապես ոչ թե երաժշտական, այլ իրավաբանական կրթություն է ստացել և երազել է փաստաբան դառնալու մասին, բայց օրենքներն ոսումնասիրելուն զուգահեռ, նաև երաժշտական դպրոց է ավարտել ու շարունակել կրթությունը հենց երաժշտության ասպարեզում:

Թեև ասաց, որ չէր էլ ենթադրում, որ լավ դիրիժոր է դառնալու: Իսկ դրա համար Ֆոն Կարայանի օրինակն էր բերում, որն օրական տասը ժամ է աշխատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG