Մատչելիության հղումներ

Ղարաբաղը կանգնած է ճիշտ ճանապարհին. քաղաքագետ


Ղարաբաղը կանգնած է ճիշտ ճանապարհին, Ղարաբաղն ուզում է այնպես անել, որ աշխարհն իրեն ճանաչի, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ կարևոր որակելով Բակո Սահակյանի այցը ԱՄՆ։

Հարցին, թե այս այցը հակամարտության կարգավորման վրա որևէ ազդեցություն կունենա՞, Գրիգորյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ այո, ինչո՞վ՝ Միացյալ Նահանգներն առաջին ու գլխավոր ամենահզոր պետություններից մեկն է աշխարհում՝ չասեմ առաջինը, Դուք գիտեք, որ տնտեսությունն այսօր էլ առաջինն է, ռազմական իմաստով առաջին երկիրն է, ուրեմն՝ այցելել Միացյալ Նահանգներ, այցելել Կոնգրես՝ պառլամենտ Միացյալ Նահանգների, դա նշանակում է շատուշատ բան, դա ինչ-որ չափով ճանաչման տարրերից մեկն է։ Չեմ ասում, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Ղարաբաղը, բայց, կներեք, այս ձևի այցելություններ, այդ թվում՝ լուրջ հանդիպումներ այս ձևի երկրում, դա շատ կարևոր գործոն է, դա ցույց է տալիս, որ իրոք Ղարաբաղը կանգնած է ճիշտ ճանապարհին, Ղարաբաղն ուզում է այնպես անել, որ աշխարհն իրեն ճանաչի, ու պարզ է, որ առաջին հերթին պետք է գնա Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ՝ հզոր երկրների մոտ, եթե ընդունում են, ուրեմն այդ փաստը շատուշատ բաների մասին է ասում»։

Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին այցելել է ԱՄՆ Կոնգրես, հանդիպում ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Քաղաքագետի կարծիքով՝ սա նաև ԱՄՆ-ի պատասխանն է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը։

«Դա նաև ազդակ է Ադրբեջանին, ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, այն էլ լուրջ պատրաստվում է այս վերջին ժամանակները, ու այստեղ է, որ ես չեմ բացառում, որ Միացյալ Նահանգներն այս մակարդակի ընդունում է Բակո Սահակյանին՝ պատասխան տալով այդ ագրեսիվ քաղաքականությանը, որը վարում է Ադրբեջանը», -ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք նաև, որ մարտի 12-ին Ադրբեջանում մեկնարկել են հնգօրյա լայնածավալ զորավարժություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG