Մատչելիության հղումներ

Բաքվում այսօր մեկնարկում է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը


Էլմար Մամեդյարով, Միխեիլ Ջանելիձե, Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Էլմար Մամեդյարով, Միխեիլ Ջանելիձե, Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Բաքվում այսօր մեկնարկում է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի արտգործնախարարների քառակողմ հանդիպումը:

«Սա նոր ձևաչափ է, որը կնպաստի մեր երկրների արդյունավետ համագործակցությանն ու տարածաշրջանի անվտանգությանը», - անցած շաբաթ ասել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Հանդիպման մյուս մասնակիցները ևս հայտարարել են, թե դրական ակնկալիքներ ունեն Ադրբեջանում կայանալիք այս բանակցություններից:

«Մենք պատրաստվում ենք քննարկել չորս երկրներին հետաքրքրող քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրավիճակը տարածաշրջանում, անվտանգության ապահովումը Կովկասում ու տնտեսական համագործակցությունը մեր պետությունների միջև», - հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին:

Թուրքիան արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուից բացի Բաքու է գործուղել նաև վարչապետ Բինալի Յըլդըրըմին, ով երեկ արդեն հանդիպել է Ադրբեջանի իշխանությունների հետ ու խոսել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին:

«Այդ հակամարտությունը բաց վերք է: ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն պաշտպանում են Ադրբեջանի դիրքորոշումն ու իբրև թե փորձում են լուծել այս հարցը, սակայն որևէ առաջընթաց այդպես էլ չկա», - ադրբեջանական APA գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Բինալի Յըլդըրըմը, ընդգծելով՝ այս հարցում Թուրքիան եղել և մնում է Ադրբեջանի կողքին:

Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Թուրքիայի վարչապետը ասել է՝ Անկարան ուզում է դրական հարաբերություններ ունենալ հարևանների՝ Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ:

«Մենք ուզում ենք ավելի շատ բարեկամ ունենալ ու ավելի քիչ թշնամի, սակայն, եթե ինչ-որ մեկը նկրտումներ ունի մեր հողերի նկատմամբ, կամ վատ է տրամադրված մեր հանդեպ, ապա մենք դա անպատասխան չենք թողնի», - ասել է Յըլդըրըմն՝ առանց հավելյալ մանրամասների:

Թուրք վարչապետը խոսել է նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերություններից՝ չթաքցնելով, որ Անկարան դժգոհ է Վաշինգտոնից՝ Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդերի հետ համագործակցելու և նրանց զինելու համար:

«Մեր դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ի որոշ անդամների պահվածքը մեզ դուր չի գալիս, նրանք համագործակցում են ահաբեկչական մի խմբավորման հետ՝ մյուսին պարտության մատնելու համար: Անհամբերությամբ ենք սպասում, մինչև նրանք հետ կկանգնեն այս սխալ ճանապարհից», - ասել է Յըդըրըմը:

Ի տարբերություն Անկարայի, Վաշինգտոնը ոչ միայն ահաբեկիչ չի համարում Սիրիայի քրդական խմբավորումներին, այլև համագործակցում է նրանց հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկությանն ու այդ պաշտոնում Մայք Փոմփեոյի առաջադրմանը՝ Թուրքիայի վարչապետն ընդգծել է. - «Ոչ թե մեզնից, այլ Նահանգներից է կախված, թե այսուհետ ինչպես կզարգանան թուրք-ամերիկյան հարաբերությունները: Նրանք գիտեն մեր պահանջների ու մեզ համար անթույլատրելի հարցերի սահմանների մասին»: Թուրքիայի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ արդեն տևական ժամանակ է՝ Անկարան պահանջում է Վաշինգտոնից արտահանձնել Էրդողանի ընդդիմախոս, Նահանգներում բնակվող հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին, ում հայրենիքում մեղադրում են 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

«Եթե Ամերիկան Թուրքիայի բարեկամն է, ապա պետք է մեզ հանձնի Գյուլենին, և պետք է, ի վերջո, դադարեցնի համագործակցությունը ահաբեկիչների հետ», - Բաքվում հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG