Մի շարք իրավապաշտպանների պնդմամբ, Քրեական նոր օրենսգրքի նախագծով փորձ է արվում քրեականացնել իշխանության հասցեին հնչող սուր քննադատությունը։
Շրջանառության մեջ դրված նախագծով, մասնավորապես, սահմանվում է՝ հրապարակայնորեն ահաբեկչությունն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է մինչև երեք տարի ազատազրկմամբ։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, օրենսգիրքը չի հստակեցնում, թե ի՞նչ է նշանակում ահաբեկչություն արդարացնելը և իշխանությունները կարող են այս հոդվածի ներքո քաղաքական հետապնդումներ սկսել ընդդիմախոսների նկատմամբ․ - «Հենց նույն «Սասնա ծռերի» խմբի կողմից այդ զինված ապստամբությանը զուգահեռ, երբ նրանք գտնվում էին ՊՊԾ գնդում, խաղաղ ցույցեր էին տեղի ունենում, որոնց իմաստը հենց արյունահեղության թույլ չտալն էր: Այսինքն, այնպիսի գործողություններից զերծ պահելը, որպեսզի արյունահեղություն, առճակատում չլիներ: Եվ դա հիմա որակեն որպես աջակցությո՞ւն: Շատ տարօրինակ է»:
«Ազատության» ճշտող հարցին՝ այսինքն նման մտավախություն ունեն, իրավապաշտպանը արձագանքեց․ - «Ոչ թե ունեմ, այլ ես գտնում եմ, որ միանշանակ այդ պատճառով է այս փոփոխությունն արվում, որովհետև հստակ չեն դրա կիրառման սահմանները»:
Սաքունցի պնդմամբ՝ այս հոդվածը կարող է անգամ հանրային բանավեճերի ժամանակ կարծիք արտահայտողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գործիք հանդիսանալ։ Իրավապաշտպանն ընդգծում է, կողմ է՝ քաղաքացիների նկատմամբ ատելության կոչերը պատժելուն, բայց իշխանությունների պարագայում հասարակության կարծիքն, ըստ նրա, լռեցնել չի կարելի․ - «Իշխանությունների նկատմամբ ատելության խոսքը չի կարող քրեորեն հետապնդելի արարք համարվել, որովհետև պաշտոնյաների գործողությունների նկատմամբ նույնիսկ ամենածայրահեղ, նույնիսկ վիրավորական գնահատականները կոնվենցիայով պաշտպանված են, դա հանրային կարծիքն է»:
Իրավապաշտպանի համոզմամբ, այս փոփոխությունն արվում է հատուկ իշխանության գործունեության դեմ արտահայտվողներին լռեցնելու համար։ Նախագծի հեղինակ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, մինչդեռ, չի ընդունում հնչող այս մեղադրանքները․ - «Հերքում եմ, չկա այս նախագծում մի որևէ հանցակազմ, որը արված է կոնկրետ անձի հետ կապված»:
Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը նույնպես խնդրահարույց է համարում այս հոդվածի ներդրումը, նրա խոսքով՝ այն շատ հեղհեղուկ է և Հայաստանյան պայմաններում կարող է կամայականորեն կիրառվել։ - «Մի օրինակ բերեմ․ ենթադրենք որևէ մեկն ասում է, որ Դրաստամարտ Կանայանը մեծ զորավար է: Հիշենք, որ նա Նակաշիձեի նկատմամբ ահաբեկչություն է իրականացրել: Կամ մեկն ասում է՝ Թեհլերյանը հայոց մեծերից է՝ նրան պետք է քրեական պատիժ տրվի։ Իհարկե, ես սա հեգնելով եմ ասում, նման բան չի լինի, բայց այդ հոդվածը կարող է շատ կամայականորեն կիրառվել»:
Դավիթ Հարությունյանը հակադարձում է․ - «Յուրաքանչյուր քայլ, որը մենք կատարում են և որը վիճահարույց է, մենք ուսումնասիրում ենք այլ երկրների փորձը, քննարկում միջազգային փորձագետների հետ, որպեսզի տեսնենք այլ երկրների դատարանների փորձը, նրանց մեկնաբանությունները»:
Ահաբեկչությունը նուրբ թեմա է, ասում է նախարարը, ընդգծելով՝ պատրաստ են լսել քաղհասարակության ու իրավապաշտպանների բոլոր առաջարկությունները։ - «Այս պահին մենք պատրաստ ենք քննարկելու, բայց ուղղակի առաջարկում եմ յուրաքանչյուրին, փոխանակ ընթերցել հատուկ մասի որոշակի դրույթ և հընթացս այն մեկնաբանել, անպայման պետք է հաշվի առնվի, որ դա պետք է դիտարկվի ընդհանուր մասի բոլոր սկզբունքները հաշվի առնելով»:
Եվրամիության աջակցությամբ այսօր Երևանում Քրեական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկում էր կազմակերպվել Կառավարության ներկայացուցիչների, իրավապահ և դատական մարմինների ու քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Իրավապաշտպանների առաջարկություններից մեկը, հենց այս հոդվածը օրենսգրքի նախագծից հանելուն էր վերաբերվում։ Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել e-draft.am կայքում: Ըստ Արդարադատության նախարարի, քննարկումները դեռ կշարունակվեն, բոլոր առաջարկությունները լսելուց հետո, նախագիծն արդեն կներկայացվի խորհրդարան։