Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը հանդիպումներ է անցկացնում Միացյալ Նահանգներում


Շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այցը Միացյալ Նահանգներ, որի կապակցությամբ նախօրեին պաշտոնական Բաքուն բողոքի նոտա էր հղել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին:

Ղարաբաղի նախագահի կայքից տեղեկանում ենք, որ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն է ժամանել երկուշաբթի օրը: Երեկ պատվիրակությունն այցելել է Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի և դիվանագիտական անձնակազմի հետ:

«Նախագահ Սահակյանը կարևորել է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի սերտ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը», - տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի կայքը:

Նշվում է նաև, որ Սահակյանը Վաշինգտոնում այցելել է նաև Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչություն և այնտեղ կարևորել է ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը` ընդգծելով, որ դրա համար ներկայացուցչությունը պետք է շարունակի իրականացնել ամենօրյա արհեստավարժ աշխատանք, և կոնկրետ հանձնարարականներ տվել այդ ուղղությամբ:

Ղարաբաղյան պատվիրակության այցի այլ մանրամասներ՝ այդ թվում ամերիկյան կողմի հետ հնարավոր հանդիպումների մասին, տեղեկություններ դեռ հայտնի չեն:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հատկապես կարևորում է Ղարաբաղյան պատվիրակության այցն այն պատճառով, որ դա հաջորդում է Միացյալ Նահանգներ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցին․ - «Ի տարբերություն նախկինի, երբ արտաքին քաղաքականության մեջ Ղարաբաղի հաջողությունները հիմնականում կախված էին Ադրբեջանի թույլ տված սխալներից, այս այցով Լեռնային Ղարաբաղը նախաձեռնություն է դրսևորում, ինչը ողջունելի է, մյուս կողմից իր մաքսիմալիստական քաղաքականությամբ և ագրեսիվ պահվածքով Ադրբեջանը պարզապես ավելի է ամրապնդում այն, որ Ղարաբաղը չպետք է վերադառնա Ադրբեջանի կազմ»:

Երկուշաբթի օրը Ադրբեջանի արտգործնախարարություն է հրավիրվել երկրում Միացյալ Նահանգների դեսպանը, որին ներկայացվել է պաշտոնական բողոքի նոտա Բակո Սահակյանի այցի կապակցությամբ: Դրանում նաև նշվում էր, որ նման քայլով Միացյալ Նահանգները լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին և ծառայում տարածաշրջանում լարվածության աճին:

«Ադրբեջանը փոխադարձ կերպով կպատասխանի նման վարքագծին», - ըստ տեղական լրատվամիջոցների, հայտարարել է ադրբեջանական կողմը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, նույնիսկ, եթե ամերիկյան իշխանությունների հետ ուղղակի հանդիպում չլինի, ամեն դեպքում ղարաբաղյան պատվիրակության այցը կարևոր խորհուրդ ունի․ - «Պետք է չմոռանանք, որ գործ ունենք չճանաչված պետության հետ: Եվ այդ չճանաչված պետության նախագահի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ արժանանում է ճանաչված պետության՝ Ադրբեջանի բողոքի նոտային Միացյալ Նահանգներին: Սա արդեն ցուցիչ է՝ անկախ նրանից, թե Ադրբեջանը ինչ շարժառիթով է փորձել այդ բողոքը հղել: Կարևոր է, որ Ադրբեջանը առիթ դիտարկել է Ղարաբաղի նախագահի այցը այդ բողոքի համար»:

Բակո Սահակյանը ԱՄՆ այցելել էր նաև նախկինում, Միացյալ Նահանգներ այցի փորձ ուներ նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախումբը, ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», հաղորդում է, որ ԼՂ նախագահի ամերիկյան այցին զուգահեռ Կալիֆոռնիայի հայաշատ Գլենդեյլ քաղաքում հնարավոր է փողոցներից մեկը Լեռնային Ղարաբաղի պատվին վերանվանվի «Արցախի փողոց»: Նշվում է, որ Գլենդեյլի քաղաքային խորհուրդը երեկ միաձայն քվեարկել է փողոցը վերանվանելու գործընթացը սկսելու օգտին:

XS
SM
MD
LG