«Լավ երեկո» հաղորդաշարի՝ կանանց գաղութում նկարահանած ռեպորտաժը մտահոգել է նաև արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին։
«Ազատության» հետ զրույցում Հարությունյանն այն անթույլատրելի որակեց՝ նշելով, որ սա երկրորդ լուրջ բացթողումն է Հանրային հեռուստաընկերության կողմից։
«Ես կարծում եմ դա անթույլատրելի է, ինքս մտահոգված եմ այդ առումով, և շատ լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, որովհետև սա, իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, սա երկրորդ լուրջ բացթողումն է Հ1-ի կողմից, և լուրջ քննարկում ենք ունենալու», - ասաց Հարությունյանը։
Նշենք, որ ռեպորտաժում լրագրողը հարցազրույցներ է անցկացնում կալանավորված կանանց հետ՝ նրանց հարցեր ուղղում «տղամարդու իրենց իդեալի», սիրո, կալանավայրում «հմայիչ բանտապահների» առկայության մասին, իսկ կանանց պատասխանները կադրում ուղեկցվում են բարձր ծիծաղով։
Իրավապաշտպանները պնդում են, որ ռեպորտաժում խոցելի խմբի կանայք ծաղրի են ենթարկվել։