Լոնդոնում իր տանը մահացած են գտել ռուսաստանցի գործարար Նիկոլայ Գլուշկովին, ով համարվում էր Կրեմլի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատներից: Նա ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկու գործընկերներից էր, ում ևս տարիներ առաջ մահացած էին գտել Լոնդոնում:
Նիկոլայ Գլուշկովի մահվան մասին Ֆեյսբուքի իր էջում առաջինը գրել է գործարար Դեմյան Կուդրյավցևը, ում ընտանիքին է պատկանում «Վեդոմոստի» պարբերականը:
Գլուշկովի փաստաբան Անդրեյ Բորովկովը հաստատել է նրա մահվան լուրը՝ ասելով, թե դեռ տեղյակ չէ հանգամանքներին:
Բրիտանական «Գարդիան»-ը գրում է, որ Գլուշկովը Բերեզովսկու ընկերն էր: 68-ամյա Գլուշկովին մահացած են գտել երկուշաբթի գիշերը՝ Լոնդոնի հարավարևմտյան շրջանում գտնվող իր տանը: Ոստիկանությունը, առանց մահացածի անունը տալու, հայտնում է, որ գործը հետաքննում է հակաահաբեկչական ստորաբաժանումը: Ոստիկանությունը նաև հայտնել է, թե ապացույցներ չկան, որ տվյալ անձի մահը կարող է կապ ունենալ մարտի 4-ին Ռուսաստանի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ:
Ռուսական «Կոմերսանտ»-ը, հղում անելով Նիկոյալ Գլուշկովի ծանոթներին, գրում է, որ նրա պարանոցին հետքեր են եղել, պարզ չէ՝ արդյոք նրան խեղդամա՞հ են արել, թե՞ նա ինքնասպանություն է գործել:
Ռուսաստանում Գլուշկովը աշխատում էր Բերեզովսկու հետ, պետական «Աէրոֆլոտ»-ում և Բերեզովսկու «ԼոգոՎԱԶ» ավտոընկերությունում թոփ մենեջեր էր: 1999-ից հետո, երբ Բերեզովսկին Պուտինից փախավ Բրիտանիա, Գլուշկովը Ռուսաստանում ձերբակալվեց և հինգ տարվա ազատազրկման դատապարտվեց փողերի լվացման և խարդախությունների մեղադրանքներով: Նա ազատ է արձակվել 2004-ին:
Գլուշկովը վերջին տարիներին բնակվում էր Լոնդոնում՝ նա Բրիտանիայում քաղաքական ապաստան էր ստացել: 2011-ին նա ցուցմունք էր տվել Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող օլիգարխ Ռոման Աբրամովիչի դեմ Բերեզովսկու հարուցած գործով:
Բերեզովսկու նախկին գործընկերներից Ալեքսանդր Գոլդֆարբը ասել է, թե Գլուշկովի մահը կասկածելի է: «Նիկոլայ Գլուշկովը հայտնի է որպես մարդ, ով Բրիտանիա է փախել Բերեզովսկու և Լիտվինենկոյի հետ: Նա Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել էր: Բրիտանական դատարանը մերժել էր նրան Ռուսաստանին արտահանձնելու պահանջը», - BBC-ին հիշեցրել է Գոլդֆարբը:
Անցյալ տարի Մոսկվայի դատարանը մի նոր գործով Նիկոլայ Գլուշկովին մեղավոր էր ճանաչել և հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման դատապարտել «Աէրոֆլոտ»-ից 123 միլիոն դոլար հափշտակելու գործով:
Բորիս Բերեզովսկուն, հիշեցնենք, 2013 թվականին կախված հայտնաբերել էին Լոնդոնի ծայրամասում գտնվող իր առանձնատանը: Մինչև հիմա չեն փարատվել կասկածները, որ դա ինքնասպանություն չէր, որ նրան սպանել են, և այդ գործողության հետևում կանգնած է Կրեմլը: