Մատչելիության հղումներ

Թբիլիսիի հայկական թատրոնի շենքը հիմնանորոգվում է


Թբիլիսիում գործող հայկական թատրոնը ավելի քան 160 տարվա պատմություն ունի: Թատրոնի ներկայիս շենքը, որը գտնվում է Քեթևան Ծամեբուլի 8 հասցեում, կառուցվել է 1936 թվականներին, հիմնանորոգվել՝ 1972 թվականին:

Արդեն 7 տարի է շենքը գտնվում է վթարային վիճակում և թատերախումբը գործում է Վրաստանի մայրաքաղաքի այլ թատրոններում՝ հյուրախաղերով հաճախ հանդես գալով նաև Հայաստանում: Հենց այս երեկո Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը մեր հանդիսատեսին կներկայացնի իր խաղացանկային բեմադրություններից մեկը՝ «Օրն անձրևոտ» պիեսը Արմեն Բայանդուրյանի հեղինակությամբ:

Մինչև ներկայացումը թատրոնի ղեկավարները՝ գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն ու տնօրեն Լուիզա Խաչատուրովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտում էին, որ վերջին 7 տարիների ընթացքում թատրոնը ոչ մի վայրկյան գործունեությունը չի դադարեցրել:

Արմեն Բայանդուրյան․ - «Յոթ տարվա ընթացքում թատրոնը ամեն տարի պատրաստել է 4-5 նոր ներկայացում: Տարին մենք խաղում ենք մոտ 50 ներկայացում: Մենք մասնակցում ենք փառատոների, մենք լինում ենք հայաշատ վայրերում: Հայաստանում ենք հաճախ լինում: Մենք գործում են Ռուսթավելու անվան թատրոնի հարևանությամբ, Մարջանիշվիլու անվան թատրոնի հարևանությամբ․ դժվար բան է նրանց հարևանությամբ գործելը, քանզի այս երկու թատրոններն էլ համաշխարհային համբավ ունեցող թատրոններ են»:

Անդրադառնալով թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներին՝ Բայանդուրյանն ասաց․ - «Մենք անընդհատ դիմում էինք երկրի ղեկավարությանը՝ վարչապետին, նախագահին, մշակույթի նախարարին: Բայց այս յոթ տարվա ընթացքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Վրաստանում, և ելնելով այդ մեծ փոփոխություններից, այսքան ձգվեց»:

Դե իսկ այն պահին, երբ շենքը հիմնանորոգող մասնագետները աշխատանքների ընթացքում հասկացել են, որ շենքն այնպիսի անմխիթար վիճակում է գտնվում, որ վերանորոգումից հետ հազիվ 4 տարի կդիմանա, Վրաստանի մշակույթի նախարարից թատրոնի պատասխանատուները առաջարկ են ստացել՝ քանդել թատրոնի հին շենքը, նորը կառուցվել նույն տեղում՝ նույն արտաքին տեսքով, նույն 570 հոգանոց դահլիճով, ավելի բարենորոգված նախագծով:

«Վրաստանի նախկին վարչապետ, մեծ բարերար Բիձինա Իվանիշվիլին փաստորեն վերցրել է լրիվ շենքի վերակառուցումը իր վրա, և օգոստոս ամսից կատարվում են աշխատանքներ: Ժամանակակից շենք ենք ունենալու․․․ Մի քանի օր առաջ Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ոչ պաշտոնական այցով եկել էր Թբիլիսի, և Վրաստանի մշակույթի նախարարի հետ անձամբ եկան տեսնելու, թե ինչ դրության մեջ է շենքը: Պարոն նախարարը ևս համոզվեց տեղում, որ սա ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Վրաստանին: Մենք պիտի շատ շնորհակալ լինենք այդ մեծ բարերարին, որ երկու տարի յոթ ամիս հետո մենք ունենալու ենք նոր, ամուր շենք»:

Ի դեպ, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքը անկախությունից հետո Վրաստանում կառուցված թատրոնի առաջին նոր շենքն է լինելու:

Հավելենք, որ թատրոնի խաղացանկում 35 ներկայացում կա: Թատրոնի նոր շենքի կառուցումից հետո ավելանալու է Վրաստանի բյուջեից հատկացվող գումարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG