Մատչելիության հղումներ

Զեյնալյան․ Նպատակ է դրված, որ Թովմասյանը պաշտոնավարի ՍԴ նախագահի պաշտոնում մինչև 2035 թվականը


ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյան («Ելք»)
ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյան («Ելք»)

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է 12 օր առաջ ՍԴ անդամ ընտրված Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր է երեկվանից, երբ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց հետո, հրաժարական է ներկայացրել Գագիկ Հարությունյանը:

ՍԴ նախագահի պաշտոնը թափուր է մնացել 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ․ սա նշանակում է, որ դեռ ուժի մեջ չեն մտել 2005 թվականին ընդունված Սահմանադրության դրույթները ՍԴ նախագահի ընտրության մասին, գործում է 2005 թվականին ընդունված Սահմանադրությունը, որի համաձայն Ազգային ժողովը 30-օրյա ժամկետում պետք է նշանակի Սահմանադրական դատարանի նոր նախագահ:

Փաստացի ստացվում է, որ չնայած Հայաստանում 2015-ին փոխվել է Սահմանադրությունը, սակայն Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվելու է հին կարգով:

Իսկ այս հարցով տարբերությունները 2005 և 2015 թվականների սահմանադրություններում էական են:

Եթե ընտրություները կայանային 2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, ապա Սահմանադրական դատարանն իր կազմից նախագահ կընտրեր՝ վեց տարի ժամկետով և առանց վերընտրվելու իրավունքի: Մինչդեռ 2005-ին ընդունված մայր օրենքի դրույթներով, Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից և պաշտոնավարելու է ոչ թե 6 տարի, այլ մինչև 65 տարեկանը:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը կարծում է, որ Սահմանադրության հեղինակները, որոնց թվում էր նաև Հրայր Թովմասյանը, կանխատեսել են այս զարգացումները․ - «Նախապես պլանավորված է եղել: Բայց, կարծում եմ, այս հնարքով, տեղադրված բանալիով, չասեմ ականով, արգելափակվում է նոր Սահմանադրության տրամաբանությունը: Այս նոր Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի անդամները պիտի լինեին փոփոխական, և գործեր ավելի ժողովրդավարական մեխանիզմ: Բայց, կարծում եմ, սա հատուկ արվել է նրա համար, որ չեզոքացվի դա, և Սահմանադրական դատարանի նախագահն այդ պաշտոնում իրականացնի քաղաքական մեծամասնության քաղաքական կամքը: Այսինքն՝ քաղաքականացվի Սահմանադրական դատարանը: Կարծում եմ, հակասում է Սահմանադրության ոգուն որևէ մեկի պաշտոնավարումը․․․ մինչև 2035 թվականը»:

Ուշագրավ է նաև, որ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորոթյունները պետք է դադարեցվեին ոչ թե մարտի 12-ին, այլ մարտի 23-ին, երբ լրանում է նրա 70-ամյակը, քանի որ նրա դեպքում գործում է 1995 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթը: Սակայն փաստացի նրա լիազորությունները դադարեցվեցին 12 օր ավելի վաղ։

Արտակ Զեյնալյանն այս շտապողականության մեջ էլ միտում է նկատում․ - «Կարելի է նկատել, որ սա հարմարեցվում է նրան, որպեսզի 2005 թվականի խմբագրմամբ Սահմանադրության ռեժիմը գործի, և իրենց համար ցանկալի անձնավորությունը նշանակվի այդ պաշտոնում և պաշտոնավարի մինչև 65 տարեկանը»:

Սահմանադրական դատարանը, ըստ Զեյնալյանի բնորոշման, նախկինում ունեցել է փայլուն որոշումներ, որոնք սակայն իշխանությունները հրաժարվել են կատարել: Այժմ՝ Հրայր Թովմասյանի նախագահությամբ, Զեյնալյանի կարծիքով, Սահմանադրական դատարանն ավելի իշխանահաճո որոշումներ կկայացնի:

Սահմանադարական դատարանի նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանն այսօր հրաժարվեց մեկնաբանություններից:

Հանրապետականի խոսնակ Էդուրարդ Շարմազանովն ասաց, թե հուսով է, որ Թովմասյանը Սահմանադրական դատարանի «արդարամիտ նախագահ կլինի»․ - «Քանի որ մենք գտնվում են մինչև ապրիլի 9-ի ժամանակահատվածում, բնականաբար, շատ տրամաբանական է, որ պետք է գործի այն նորմը, որը գործում է մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը: Պարոն Թովմասյանը, իմ սուբյեկտիվ կարծիքով, այն անձն է, որը կարող է արժանիորեն փոխարինել Գագիկ Հարությունյանին»:

Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում կընտրրի Ազգային ժողովը՝ փակ գաղտնի քվեարկությամբ, մարտի 20-ից սկսվող քառօրյայի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG