«Վստահ եմ, որ վաղ թե ուշ Արցախի Հանրապետությունը կդառնա ԱՊՀ ՄԽՎ լիիրավ անդամ՝ իր ներդրումն ունենալով կազմակերպության ամրապնդման և զարգացման գործում», - այսօր հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստում։
Շարմազանովն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը յուրօրինակ հարթակ է համարել, որն, ըստ ԱԺ փոխնախագահի, ավելի քան 25 տարի իրականացնում է ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ապահովմանն ուղղված աշխատանք՝ հանդիսանալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման անմիջական հարթակ:
Խոսելով վերջին քառորդ դարում ԱՊՀ ՄԽՎ գործունեության նշանավոր իրադարձությունների մասին՝ առաջին հերթին Շարմազանովն առանձնացրել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դերն ու ներդրումը 1994-ի մայիսին Բիշքեկում ստորագրված արձանագրության նախապատրաստման և ամրապնդման գործում, որին հետևեց եռակողմ անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև:
«Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօր Ադրբեջանն անտեսում է հենց իր կողմից ստորագրված եռակողմ հրադադարի մասին պայմանագիրը: Դրա հստակ օրինակն է Ադրբեջանի 2016 թվականի ապրիլյան ագրեսիան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ազատատենչ ժողովրդի դեմ, որը խլեց հարյուրավոր կյանքեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում», - ասել է Շարմազանովը՝ շարունակելով. - «Վստահ եմ, որ վաղ թե ուշ Արցախի Հանրապետությունը կդառնա ԱՊՀ ՄԽՎ լիիրավ անդամ՝ իր ներդրումն ունենալով կազմակերպության ամրապնդման և զարգացման գործում: Ձեր հանձնախմբի օրակարգը հագեցած է հարցերով, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում օրենսդիրների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ, բեղմնավոր շփումներ, հետաքրքիր բանավեճ»։