Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը 30-օրյա հրադադար է պահանջում ՄԱԿ-ից Արևելյան Գուտայում


Սպիտակ տունը Վաշինգտոնում
Սպիտակ տունը Վաշինգտոնում

Միացյալ Նահանգները նոր բանաձև է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով 30-օրա հրադադար հաստատել Արևելյան Գուտայում, և զգուշացրել՝ եթե խորհուրդը տապալի աշխատանքները, Վաշինգտոնը սեփական ջանքերով է քայլեր ձեռնարկելու:

ՄԱԿ-ում ՄիացյալՆահանգների դեսպան Նիկի Հեյլին ընդգծել է, որ խորհրդի երկու շաբաթ առաջ ընդունած բանաձևը տապալվել է, քանի որ Սիրիական կառավարությունը՝ Ռուսաստանի աջակցությամբ, ուժեղացրեց հարձակումը Արևելյան Գուտայում:

Ռուսաստանը պնդում է, որ Անվտանգության խորհուրդը չի կարող հրադադար պարտադրել՝ առանց պատերազմող կողմերի միջև համաձայնության:

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2401 բանաձևով Սիրիայի ողջ տարածքում 30-օրյա հրադադար էր հայտարարել` կոչ անելով սկսել քաղաքացիական բնակչության տարհանումը Արևելյան Գուտայից: Չնայած դրան՝ մարտական գործողությունները Դամասկոսի հարևանությամբ գտնվող այս շրջանում շարունակվում են։

Բաշար Ասադին հավատարիմ ուժերը շարունակում են հարձակումը ընդդիմության կողմից վերահսկվող և 2013 թվականից պաշարման մեջ գտնվող այս շրջանի ուղղությամբ` խոստանալով, որ շատ շուտով Արևելյան Գուտայում տեղակայված զինված խմբավորումների դիմադրությունը վերջնականապես կհաղթահարվի:

Միջազգային կազմակերպությունները` մասնավորաբար ՄԱԿ-ի ներկայացուցիչները, շարունակում են հայտարարել, որ սիրիական կառավարական զորքերի և դրանց աջակցող ռուսաստանյան օդուժի գործողությունների հետևանքով նախևառաջ խաղաղ բնակիչներն են տուժում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG