Միացյալ Նահանգները «զայրացած» է նախկին հետախուզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր հետ տեղի ունեցած միջադեպից:
Անդրադառնալով Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած թունավորման դեպքին, որի հեղինակն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն է, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը զգուշացրել է՝ «Մոսկվան վստահաբար համարժեք պատասխան կստանա»:
«Մենք վստահում ենք Միացյալ Թագավորության հետախուզությանը և գնահատականներին, որ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն է պատասխանատվություն կրում թունավորման համար», - ասել է Թիլերսոնը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերզա Մեյի հայտարարությունից ժամեր անց:
Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել էր, որ հարձակվողները օգտագործել են Ռուսաստանում արտադրվող «նովիչոկ» անունը կրող նյարդային համակարգը թունավորող միջոցը:
Լոնդոնը Ռուսաստանի դեսպանից մինչև մարտի 13-ը պարզաբանում է պահանջել։
Հիշեցնենք՝ Սկրիպալին և նրա դստերը ոստիկաններն օրերս հայտնաբերել էին Լոնդոնից մոտ 100 կիլոմետր հարավ գտնվող Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկին հարող փոքրիկ զբոսայգու նստարանին՝ անգիտակից վիճակում:
Երեկ Մեծ Բրիտանիայի Անվտանգության խորհուրդը քննարկել է Սկրիպալի թունավորման շուրջ ծագած իրավիճակը։
«Ուկրաինայից Սիրիա և հիմա էլ Միացյալ Թագավորություն, Ռուսաստանը շարունակում է անկայուն և անպատասխանատու ուժ մնալ՝ արհամարհելով այլ պետությունների ինքնիշխանությունն ու քաղաքացիների կյանքը: Հանցագործություն կատարողներն ու պատվիրատուները պետք է պատժվեն», - ասել է Թիլերսոնը: