Մատչելիության հղումներ

Փորձագետները քննադատում են «Երևան» տոնավաճառի «խտրական վերաբերմունք քարոզող» գովազդը


Հեռուստաեթերում հայտնված շինանյութի շուկաներից մեկի գովազդը, փորձագետների գնահատմամբ՝ խտրական վերաբերմունք է քարոզում: Գովազդում ապրանքների ցածր գները համեմատվում են կարճահասակ մարդու հասակի հետ, համեմատականներ են տարվում նաև գովազդում նկարահանված մարդու գիրության, սևամորթ մարդու մաշկի գույնի, տարեց տղամարդու տարիքի հետ:

«Երևան» տոնավաճառի մարկետինգի բաժնի պատասխանատու Էդուարդ Աղայանի խոսքով՝ այդ մարդկանց վիրավորելու որևէ միտում չեն ունեցել, դա պարզապես հումոր է: «Ազատությանը» տրված գրավոր պատասխանում Աղայանն ասում է․ ֊ «Երբևէ նպատակ չենք ունեցել՝ որևէ մեկին ծաղրելու, կամ ռասիզմ տարածելու։ Դա ուղղակի հումորային տեսահոլովակ է, որում ավելի պատկերավոր, ավելի լավ ներկայացնելու համար դերասաններ ենք հրավիրել, որոնք խաղում են այդ դերերը, ու ոչ մեկի անձին ուղղված վիրավորանք չկա դրա մեջ։ Նպատակն այն էր, որ նայելիս մարդկանց հետաքրքիր լինի, ոչ թե պարզապես հայտարարություն լինի։ Սևամորթ մարդու փոխարեն կարող էր հայ լինել, այդտեղ ոչ մի ռասիստական բան չի կարող լինել, դա պարզապես խաղարկային գովազդ է։ Մենք էլ ենք հասկանում՝ ո՞ր դարն է, որ մեզ նման բաներ թույլ տանք»։

Մեդիափորձագետ Սուրեն Դեհերյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց՝ սա հումոր չէ՝ գովազդատուն պետք է նաև սոցիալական պատասխանատվություն ունենա: ֊ «Ոմանց համար միգուցե հումորի տարբեր շերտեր լինեն, բայց դրա մեջ նաև այդ ցինիզմը չպետք է լիներ, դիմացինի նկատմամբ, կարծում եմ, որոշակի վերաբերմունք է ձևավորվում բացասական իմաստով: Անգամ գովազդում պետք է լինի գովազդատուի կողմից սոցիալական պատասխանատվությունը»:

Հաշմանդամության խնդիրներով զբաղվող «Հայկական ճամբար» ՀԿ-ի նախագահ Վարդուհի Արամյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս գովազդում ծաղրում ու հեգնում են գեր, սևամորթ, ցածրահասակ ու ծեր մարդկանց: Արամյանը մտահոգված է՝ իրենք տարիներ շարունակ նաև սոցիալական գովազդների ու տարբեր ծրագրերի օգնությամբ փորձում են կոտրել հասարակության խտրական վերաբերմունքը, այնինչ այսօրինակ գովազդներով հակառակն է տեղի ունենում․ ֊ «Ստացվում է, որ մենք մարդկանց իրենց հատկություններով նույնականացնում ենք ապրանքների հետ: Հենց այ այս տենդենցը շատ վատ է: Գուցե մյուս անգամ էլ որոշենք, որ մեկ ոտք չունեցող մարդուն նույնականացնենք մեկ ոտք չունեցող սեղանի կամ աթոռի հետ: Նմանատիպ գովազդները խթան են, որպեսզի այդ կարծրատիպերը խորանան: Դրա համար մենք բարձրաձայնում ենք, որովհետև հակազդեցություն է գալիս տարիներով աշխատանքի և ընդամենը մեկ գովազդի, որը կարող է շատ ավելի ազդեցիկ լինել»:

«Երևան» տոնավաճառի մարկետինգի բաժնի ղեկավարն էլ հավելում է՝ գովազդում նկարահանվածները դերասաններն են, եթե նրանք չեն վիրավորվել ու տեքստը որպես հումոր են ընկալել, ապա ո՞րն է խնդիրը: Հավելում են՝ առաջին անգամ չէ, որ այս դերասաններն այդօրինակ դերերով են ներկայանում տարբեր ներկայացումներում, ֆիմլերում ու գովազդներում:

Վարդուհի Արամյանը արձագանքում է՝ մեկ մարդու օրինակով սխալ է դատել, մյուսների համար դա վիրավորական է, թե ոչ:

Ի դեպ «Երևան» տոնավաճառը պատկանում է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին: Տարեսկզբին քննադատության արժանացավ նաև «Մեր երկիր» ընկերության գովազդային վահանակը, որում կովերը պատկերացված էին հայ կնոջ տարազով: Մինչ ազգագրագետները քննադատում էին, թե հայ կինը կով չէ ու այդ համեմատականներն անգամ վիրավորական են, ընկերության ղեկավարը պատասխանել էր՝ գովազդային վահանակը հումորային է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG