Մատչելիության հղումներ

Լոնդոնը չի բացառում ֆուտբոլի աշխարհի առաջնության բոյկոտը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ողջունում է լեգենդար ֆուբոլիստներ Պելեին և Մարադոնային, 2017թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ողջունում է լեգենդար ֆուբոլիստներ Պելեին և Մարադոնային, 2017թ.

Անգլիայի, Լեհաստանի և ևս երկու երկրների (ենթադրաբար՝ Ճապոնիայի և Ավստրալիայի) ազգային հավաքականները տեսականորեն կարող են բոյկոտել այս տարվա ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Պաշտոնական դիրքորոշում այս հարցի վերաբերյալ դեռ չի հրապարակվել, սակայն, եթե հետաքննությամբ պարզվի, որ Անգլիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի ծանր թունավորումը ռուսական գաղտնի ծառայություններն են կազմակերպել, առավել քան հավանական կլինի, որ այլևս կառավարության մակարդակով քննարկվի ֆուտբոլի աշխարհի առաջնության բոյկոտը:

Նախկին լրտեսը և նրա դուստրն անցած շաբաթվանից հիվանդանոցում են: Նրանց հայտնաբերել են անգիտակից վիճակում՝ պարտեզի նստարանին: Տարօրինակ թունավորումը տեղի է ունեցել նյարդային-պարալիտիկ նյութի ազդեցության արդյունքում:

Ճաշարանը, որից դուրս գալուց հետո հայրը և դուստրն ուշագնաց են եղել, հիմա փակ է, թույնի հետք են հայտնաբերվել նաև գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են ժամանակին մութ հանգամանքներում մահացած Սկրիպալի կինը և որդին:

Ենթադրվում է, որ ճաշարան գնալուց առաջ Սկրիպալը և դուստրն այցելել են հարազատների շիրիմներին:

Առաջինը բոյկոտի թեման արծարծել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն, ով ավելի ուշ պարզաբանել է, թե նկատի ուներ ոչ թե ֆուտբոլիստների, այլ պաշտոնյաների կողմից առաջնության բոյկոտը:

Բրիտանացի՝ թե՛ քաղաքական, թե՛ մարզական մեկնաբաններն, առնվազն այսօրվա դրությամբ հավանական չեն համարում 2018 թվականի առաջնությունն անգլիացիների կողմից բոյկոտելու հնարավորությունը:

Եթե նրանք, այնուամենայնիվ, դիմեն այդ քայլին, ապա ՖԻՖԱ-ն կարող է ծանր պատիժ սահմանել անգլիացիների նկատմամբ:

Նախ, Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորված կլինի վճարել 250 հազար շվեյցարական ֆրանկի չափով տուգանք՝ այն դեպքում, եթե չմասնակցելու մասին հաղորդի առաջնության մեկնարկից 30 օր առաջ: Եթե ծանուցումն ավելի ուշ տրվի՝ տուգանքի չափը կհասնի արդեն կես միլիոն շվեյցարական ֆրանկի:

Բացի այդ, ՖԻՖԱ-ն կարող է ընդունել առաջնությանը չներկայացող հավաքականին հաջորդ առաջնությունից զրկելու որոշում:

Հիշեցնենք՝ հաջորդ առաջնությունը տեղի կունենա 2022 թվականին Քաթարում:

«Բրիտանական հողում անմեղ մարդու սպանությունը երբեք անպատասխան չի մնա», - ասել է արտգործնախարար Ջոնսոնը:

Ռուսները դեռ հանգիստ են արձագանքում բոյկոտի մասին քննարկումներին, նկատել տալով, թե անգլիացիների գործերին չեն խառնվում և պնդելով, որ ՖԻՖԱ-ն ունի հստակ կանոնակարգ. եթե մի հավաքական բոյկոտի՝ առաջնությունը չի տուժի:

Բայց կա մեկ՝ այսօրվա դրությամբ խիստ անհավանական տարբերակ, որը ՖԻՖԱ-ի և Ռուսաստանի համար իսկական գլխացավանք կլինի, սոսկ տեսականորեն, եթե ռուսների մեղավորությունը Սկրիպալի և նրա դստեր թունավորման հարցում ապացուցվի, բոյկոտի կողմնակիցների թիվը կարող է ավելանալ, և օրակարգում կհայտնվի ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը հրատապ կարգով մեկ ուրիշ երկրում անցկացնելու խնդիրը: Այնուամենայիվ մարզական մեկնաբանների մեծ մասը հուսով է, որ գործը դրան չի հասնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG