Իրավապաշտպան Արթուր Սաքունցին սպանելու սպառնալիք հղած Ֆեյսբուքի օգտատիրոջ ինքնությունը դեռևս չի պարզվել, թեև դեպքից անցել է արդեն ավելի քան կես տարի:
Հիշեցնենք՝ Ֆեյսբուքում իշխանության հասցեին Սաքունցի քննադատական գրառումից հետո Աշոտ Ավանեսյան անունով օգտատերը անցած տարվա հունիսի սկզբին անձնական վիրավորանքներ էր ուղղել իրավապաշտպանին ու գրել․ - «Սաքունց, ես քեզ սպանելու եմ, ադրբեջանամետ դիվերսանտ... դու Ալիևի ագենտն ես, քո նման վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք, ամեն վայրկյան սպասիր ինձ, ես հետևից կրակողներից չեմ, կրակելու եմ դեմից, 2-3 մետրից՝ 9 մմ տրամաչափի փամփուշտով: Սպասիր ինձ, Սաքունց»:
Սպառնալից մեկնաբանության հեղինակ Աշոտ Ավանեսյան անուն-ազգանունով օգտատերը 5 օր անց դարձավ Նիկոլայ Զախարչենկո: Ավելի ուշ ո՛չ մեկնաբանությունը կար, ո՛չ էլ օգտատիրոջ էջը:
Գործը քննում է Լոռու մարզային քննչական վարչությունը, քանի որ Սաքունցը բնակվում է այդ մարզում: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ հարցաքննվել են բազմաթիվ անձինք՝ տվյալ օգտատիրոջ ինքնությունը պարզելու համար։ Տեղեկացնում են, որ օգտատիրոջը հայտնաբերելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը, անձնագրերի և վիզաների վարչությունից ստացվել են ՀՀ տարածքում հաշվառված Աշոտ Ավանեսյան տվյալներով անձանց լուսանկարները, որոնք զննվել և համեմատվել են Արթուր Սաքունցի կողմից ներկայացված՝ նույն տվյալներով ֆեյսբուքյան օգտատիրոջ անձնական էջի լուսանկարի հետ, սակայն համընկնումներ չեն հայտնաբերվել:
Իրավապաշտպան Սաքունցը բացարձակապես տեղյակ չէ քննության ընթացքից, պնդում է՝ քննչական մարմինները շահագրգռված չեն բացահայտել այս գործը․ - «Միշտ էլ եղել են ինչ֊որ քննադատություններ, որոնց, բնականաբար, ուշադրություն չենք էլ դարձնում: Բայց երբ գործը հասնում է այդպիսի սպառնալիքների, արդեն նշելով նաև զենքի տեսակը և այն հնարավոր պայմանները, ապա նման պահվածք ունեցող անձը չի կարող իրեն անպատիժ զգալ առանց իշխանության հովանավորության»:
Քննչական Կոմիտեից նաև հայտնում են, որ «Ashot Avanesyan» տվյալներով օգտատիրոջ վերոհիշյալ մեկնաբանությունը մեկնաբանած՝ «Артур Казарян», «Anaid Avetisyan», «Vahagn Ghumashyan» օգտատերերի IP հասցեները և բաժանորդների տվյալները պարզելու նպատակով ինտերնետային հաղորդակցության միջոցով փոխանցվող հաղորդագրության վերծանման թույլտվություն ստանալու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թարգմանվել է անգլերեն և ուղարկվել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի ղեկավարությանը համապատասխան հարցմամբ դիմելու, վերոհիշյալ օգտատերերի ինքնությունները պարզելու, նրանց հարցաքննելու միջոցով «Ashot Avanesyan» տվյալներով օգտատիրոջը հայտնաբերելու հանձնարարությամբ: Այդուհանդերձ, Քննչական կոմիտեից հայտնում են, որ հանձնարարության պատասխանը դեռևս չեն ստացել:
Մինչ այս ամիսների ընթացքում իրավապահ մարմինները փորձում են գտնել կասկածյալին, Սաքունցը նկատում է՝ սպանության սպառնալիքները նախադեպ են դառնում․ հիշում է՝ այս դեպքից շատ կարճ ժամանակ անց այսպիսի սպառնալիքներ հնչեցին նաև «Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիանա Գրիգորյանի և լրագրող Մհեր Արշակյանի հասցեին: Իրավապաշտպանը եզրահանգում է՝ սա ծրագրավորված գործողությունների շարք է․ - «Լրագրողների, փաստաբանների կամ իրավապաշտպանների նկատմամբ նման բնույթի սպառնալիքները մնում են անհետևանք: Այստեղ միանշանակ տեսնում ենք ձեռագիր, որի նպատակն է լռեցնել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործունեությունը, քննադատական միտքը»:
«Ոչ ոք չպետք է մահից վախենա կառավարությանը հրապարակավ քննադատելու համար», - իրավապաշտպանի նկատմամբ սպանության սպառնալիքներն «անհապաղ» հետաքննելու կոչով Հայաստանի իշխանություններին դիմել էր Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Սաքունցը հույս ունի, որ գոնե միջազգային արձագանքը կպարտավորեցնի իշխանություններին գործին արդյունավետ ընթացք տալու հարցում․ - «Ինչ֊որ մի պահի այս բոլոր գործերի հիման վրա իշխանությունները ստիպված կլինեն բացատրություններ տալու ոչ միայն մեզ, այլ նաև որպես պետություն, որը վերցրել է հանձնառություններ ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների հանդեպ»: