Մատչելիության հղումներ

Շարմազանով․ ՀՀԿ-ին իշխանությունից կարելի է հեռացնել միայն ընտրությունների միջոցով


Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող քաղաքական ուժի խոսնակ Էդուար Շարմազանովը, արձագանքելով իշխանափոխության համար փողոցային պայքար սկսող «Հանուն Հայաստան պետության» ճակատին, հայտարարեց․ - «Եթե կա քաղաքական ուժ կամ քաղաքացիական նախաձեռնություն, որը ցանկանում է Հայաստանում իշխանության գալ կամ իշխանություն ձևավորել կամ իշխանափոխություն իրականացնել․․․ Ընտրությունները մի տարի առաջ են եղել: Պետք է ընտրությունների մասնակցի: Բոլոր քաղաքակիրթ ժողովրդավարական երկրներում այլ ճանապարհ իշխանություն ձևավորելու կամ իշխանափոխություն անելու, չկա: Հետևաբար, եթե իրենց սկսել են 2022 թվականի քաղաքական կամպանիան, դա իրենց խնդիրն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շարմազանովը:​

Շարմազանովը բնական է համարում, որ երկրում կան դժգոհ ուժեր:

«Հարգում ենք բոլորի կարծիքը», - ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն մինչև 2022 թվականը իշխանություն լինելու մանդատ են ստացել․ - «Քաղաքացիները մեզ վստահել են: Ես չեմ ասում՝ մենք ենք իշխանություն, որովհետև շատ դեպքերում տենց են մեկնաբանում՝ մենք ենք իշխանություն, ինչ կուզենք կանենք: Ոչ, սա սխալ մեկնաբանություն է: Մենք ինչ ուզենք չենք անի: Մենք պետք է անենք այն, ինչ մեզ պատվիրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը: Մենք, որպես պատասխանատու քաղաքական ուժ, պետք է մինչև 2022 թվականը, մինչև վերջին օրը իրականացնենք այն գործողությունները, այն ծրագրերը, որի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեզ տվել են ձայն»:

«Հանուն Հայաստան պետության» ճակատ կոչվող նախաձեռնությունը շաբաթ օրը առաջին հանրահավաքն անցկացրեց Ազատության հրապարակում։ Մի շարք արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական ակտիվիստների համախմբած նախաձեռնությունը մտադիր է ապրիլի 9-ից ամենօրյա հանրահավաքների ու երթերի միջոցով կանխել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը։

Ճակատում առավել հայտնի քաղաքական ուժերից ընդգրկված է «Ժառանգությունը»։ Կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում ներկայացրեց իշխանափոխության ծրագրային քարտեզը՝ ստեղծել ժամանակավոր կառավարություն, ընդունել նոր սահմանադրություն և անցկացնել արտահերթ ընտրություններ․ - «Նշում են, որ Հանրապետական կուսակցությունը իրավունք ունի վարչապետի թեկնածու առաջադրել, որովհետև ժողովուրդը իր ընտրությունը կատարել է: Եթե Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին նստում է և որոշակի ժամանակ շարունակում է պաշտոնավարումը, ակնհայտորեն Հայաստանից առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ կարտագաղթի»:

Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ փորձելու են ճակատում ներգրավել նաև քաղաքական այլ ուժերի։

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շաբաթ օրը ներկա էր «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքին։ Փաշինյանը չի բացառել, որ ապրիլին «Ելքը» նույնպես փողոցային պայքար սկսի։

Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դաշինքը դեռ որոշում չի կայացրել՝ միաժամանակ հավելելով, որ ինքն այս պահին փողոց դուրս գալու նպատակահարմարություն չի տեսնում․ - «Եթե տեսնենք, որ իմպուլսներ կա, հանրությունը դրա կարիքը ունի, պահանջարկ կա, «Ելքը» պատրաստ է այդ առաջարկը ներկայացնել: Բայց ակնհայտորեն, իմ կարծիքով գոնե, իմ տպավորությամբ, այսօր այդ պահանջարկը՝ այդ ճանապարհով, տեսանելի չէ»:

Դեռևս անորոշ է, թե արդյոք «Հանուն Հայաստան պետության» ճակատի փողոցային պայքարին կմիանան արտախորհրդարանական առավել հայտնի մյուս ուժերը։ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը հարցը դեռ չի քննարկել: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ պատրաստ են քննարկումներ սկսել բոլոր այն ուժերի հետ, որոնք կկիսեն իր ղեկավարած կուսակցության գաղափարներն ու սկզբունքները։

Ապրիլի 9-ին, երբ կավարտվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը, խորհրդարանական խմբակցությունները 7-օրյա ժամկետում պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին։ Ու թեև ՀՀՀ-ն դեռ չի հայտարարել, թե ով է լինելու իրենց թեկնածուն, ընդդիմադիրները վստահ են՝ դա Սերժ Սարգսյանն է։

Էդուարդ Շարմազանովը իշխանափոխությունը վարչապետի ընտրությամբ պայմանավորելը կեղծ օրակարգ որակեց․ - «Իշխանությունը կարող է վեց ամիսը մեկ նոր կառավարություն ձևավորել․․․ իշխանությունը չի փոխվելու: Անկախ նրանից՝ Պողոսը կլինի, Պետրոսը թե Մարտիրոսը, իշխանությունը Հանրապետականն ու Դաշնակցությունն են: Իսկ ժողովրդի անունից որ խոսում են՝ ժողովուրդը կհանդուրժի-չի հանդուրժի․․․ ժողովուրդը իր ընտրությամբ որոշել է: Եվ ես չեմ կարծում, որ մի քանի հազար մարդ պետք է որոշեն մի միլիոն քվեարկածների փոխարեն»:​

XS
SM
MD
LG