Մատչելիության հղումներ

Մի շարք կազմակերպություններ պահանջում են իշխանություններից ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին


Անդրիաս Ղուկասյանը դատարանի դահլիճում, արխիվ
Անդրիաս Ղուկասյանը դատարանի դահլիճում, արխիվ

Մոտ երեք տասնյակ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ իշխանություններից պահանջում են անհապաղ դադարեցնել «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը և նրան ազատ արձակել:

Համատեղ հայտարարության մեջ կազմակերպություններն «իրենց խիստ մտահոգությունն ու վրդովմունքն են արտահայտում Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի վերաբերյալ»:

«Տեղական և միջազգային կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել և արձանագրել են, որ իշխանությունները «պատժում են» Անդրիաս Ղուկասյանին նրա քաղաքական հայացքների համար: Սակայն այդ գնահատականները շարունակում են անուշադրության և անտարբերության մատնվել ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլ նաև Հայաստանի իշխանությունների հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների կողմից», - ասված է հայտարարությունում:

կազմակերպությունները նշում են, որ Անդրիաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար: Սակայն ներկայումս միայն Ղուկասյանն է ենթարկվում վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման, որի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի փոխվում, չնայած բազմաթիվ միջնորդություններին, և նա շարունակում է մնալ անազատության մեջ։

«Վերաքննիչ դատարանում Անդրիաս Ղուկասյանի պաշտպանի կողմից խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված բողոքի քննության ժամանակ դատավորը հարց է ուղղել, թե արդյո՞ք Անդրիաս Ղուկասյանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, եթե ազատ արձակվի: Եվ ստանալով Անդրիաս Ղուկասյանի դրական հաստատուն պատասխանը, Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել չփոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, թողնելով անազատության մեջ», - ասված է հայտարարությունում:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նշում են, որ 2017 թվականի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել է Անդրիաս Ղուկասյանի գանգատը:

«Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվող գանգատում առաջին անգամ բարձրացվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը: Այս հոդվածը նպատակ ունի արգելելու քաղաքական ընդդիմադիրների դեմ պետական իշխանության չարաշահումը, և Եվրոպական դատարանն այն մեկնաբանում է որպես պետական մարմինների ցանկացած «թաքնված մտադրությունների» դեմ միջոց: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Անդրիաս Ղուկասյանի գանգատին քննության առաջնահերթություն է տվել (Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Կանոններ, Կանոն 41), ինչը ենթադրում է, որ Դատարանը պետք է կարճ ժամկետներում հարցեր ուղղի Հայաստանի կառավարությանը խախտումների վերաբերյալ: Այնուամենյանիվ, ավելի քան 12 ամիս անց Դատարանի կողմից Հայաստանի կառավարությանը հարցեր չեն առաջադրվել: Այս հանգամանքը լրացուցիչ մտահոգություններ է առաջացնում, որ Հայաստանի կառավարությանը հարցերի առաջադրման ձգձգումը կարող է պայմանավորված է լինել դատարանում աշխատող Հայաստանի իրավաբանների ազդեցությամբ: Այս առնչությամբ պահանջում ենք ՀՀ իշխանություններից անհապաղ դադարեցնել Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը և նրան ազատ արձակել»:

Նրանք Եվրոպական Միությանը և Հայաստանի հետ համագործակցող միջազգային կառույցներին առաջարկում են քաղաքական հետապնդումների, և մասնավորապես՝ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջը դարձնել Հայաստանի Հանրապետության հետ իրենց հարաբերությունների զարգացման հիմնական նախապայմաններից մեկը:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից էլ պահանջում են հետևողականություն և պատասխանատվություն դրսևորել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի քննության նկատմամբ, առավել ևս, երբ այդ գործերի քննության համար սահմանվել է առաջնահերթության կարգ:

Հայտարարության տակ ստորագրել են մասնավորապես՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիա», «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունները, Երևանի Մամուլի Ակումբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG