Մատչելիության հղումներ

Անգլիայում հարյուրավոր մարդկանց սպառնում է նյարդային համակարգը կաթվածահար անող ուժեղ նյութը


Ոստիկանությունը Սոլսբերիում, 11-ը մարտի 2018թ.
Ոստիկանությունը Սոլսբերիում, 11-ը մարտի 2018թ.

Լոնդոնից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սոլսբերի փոքր քաղաքը, որտեղ թունավորվել էին ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը, ասես վերածվել է միստիկ մի վայրի. հարյուրավոր մարդկանց սպառնում է նյարդային համակարգը կաթվածահար անող ուժեղ նյութը։

Դրա հետքերը հայտնաբերվել են այն ռեստորանում և փաբում, որտեղ եղել են Սկրիպալն ու նրա դուստրը մինչև առևտրի կենտրոնում անգիտակից վիճակի մեջ ընկնելը։

Առողջապահության հարցերով խորհրդական Սալի Դևիսը Սոլսբերիի բնակիչներին խորհուրդ է տվել լվալ այն հագուստները, որոնց վրա կարող էին թունավոր նյութի հետքեր մնալ, թաց անձեռոցիկներով մաքրել հեռախոսները, պայուսակները, զարդերը։

Անգլիայի գլխավոր բժիշկն ասել է, որ զգուշացումները վերաբերում են նրանց, ովքեր եղել են Սկրիպալի և նրա դստեր այցելած վայրերում։ Խոսքը մոտավորապես 500 մարդկանց մասին է։ Միաժամանակ նա ասել է, որ հանրային առողջությանը սպառնացող վտանգ չկա։

Բրիտանիայի իշխանությունները դեռևս չեն հայտարարել, թե ի՞նչ նյութի մասին է խոսքը, թունավոր ի՞նչ նյութից են վատացել Սկրիպալն ու նրա դուստրը։ Վերջիններս դեռ գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ։

Ենթադրություններ կան, որ նրանց թունավորելու հետևում կանգնած է Մոսկվան, ինչպես 2006-ին ռադիոակտիվ նյութով թունավորվեց և մահացավ ռուսաստանցի մեկ այլ հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոն։

Երկու դեպքում էլ Մոսկվան հերքում է մեղադրանքները։

Սոլսբերի են ուղարկվել բրիտանացի 180 զինծառայողներ՝ քիմիական պաշտպանության բակտերեոլոգիական զենքերի մասնագետներ։

Մեկ շաբաթվա մեջ Բրիտանիայի կառավարությունն անվտանգության հարցերով երկու նիստ է անցկացրել։

Արտակարգ իրավիճակների կոմիտեի շաբաթ օրը տեղի ունեցած երկրորդ նիստում Ներքին գործերի նախարար Էմբեր Ռադդն ասել է, որ ոստիկանության հակաահաբեկչական բաժնի 250 աշխատակիցներ ներգրավված են հետաքննությունում, կան հարյուրավոր ապացույցներ և վկաներ։

Թունավորման դեպքից հետո Սոլսբերիի գերեզմանատանը սկսեցին ծաղիկներ հայտնվել Սկրիպալի կնոջ և տղայի շիրիմներին, իսկ ուրբաթ օրվանից ոստիկանությունն արգելափակոցներ դրեց գերեզմանի մոտ, որ մոտեցողներ չլինեն։

Դեռևս փակ են այն ռեստորանն ու փաբը, որտեղ եղել էին Սկրիպալն ու նրա դուստրը։ Փակ է նաև Սոլսբերիի ծայրում գտնվող Սկրիպալի տունը։

Ըստ բրիտանական մամուլի, Լոնդոնը ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների հետ քննարկում է պատասխան համակարգված քայլեր Ռուսաստանի դեմ, եթե պարզվի, որ Սկրիպալի թունավորման հետևում կանգնած է Մոսկվան։ Այդ քայլերը ենթադրում են մինչև անգամ բոյկոտել Ռուսաստանում այս տարի անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Մոսկվան հերքում է իր դեմ ուղղված բոլոր կասկածները և մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG