Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը «Սերժ Սարգսյանից զատ, վարչապետի պաշտոնը լիարժեք իրականացնելու կարողություններով օժտված անհատ, հատկապես Հանրապետական կուսակցության շարքերում», չի տեսնում։
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Հարությունյանն ասաց՝ այս փուլում այդ պատասխանատվությունը կարող է ստանձնել միայն Սերժ Սարգսյանը։
«Եթե հաշվի առնենք այն կենսափորձը, աշխատանքային փորձը, հմտությունները, տեղեկատվություն, միջազգային հարթակներում ճանաչելիություն, միջազգային կապեր, վստահելի գործընկերոջ համարում, համբավ... այս ամենը, եթե հաշվի առնենք, ես չեմ տեսնում առաջիկայում Սերժ Սարգսյանից զատ՝ հանրապետության վարչապետի պատասխանատու պաշտոնը լիարժեք իրականացնելու կարողություններով օժտված անհատ, հատկապես Հանրապետական կուսակցության շարքերում», - ասաց Խոսրով Հարությունյանը՝ շարունակելով. - «Ինչ վերաբերում է՝ արդյո՞ք, այլ թեկնածու տեսնո՞ւմ եմ, իմ մեկնաբանություններով, ըստ էության, չեմ էլ տեսնում։ Որովհետև, եթե դա պետք է լինի Հանրապետական կուսակցության կազմից, իսկ համաձայնեք, որ դա պետք է լինի Հանրապետական կուսակցության կազմից, օբյեկտիվորեն, առանց ստվերելու որևէ մեկին, այդ թվում՝ շատ խոստումնալից երիտասարդների, օբյեկտիվորեն այս փուլում այդ պատասխանատվությունը կարող է ստանձնել միայն հանրապետության նախագահը, Հանրապետական կուսակցության ղեկավարը»։
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը 2014 թվականին հայտարարեց, որ ինքը չի հավակնում երրորդ անգամ երկիրը ղեկավարել, և հարցին, թե հնարավո՞ր է Սերժ Սարգսյանը մնա իշխող կուսակցության ղեկավար, սակայն վարչապետ նշանակվի մի երիտասարդ հանրապետական, իշխող խմբակցության պատգամավորն այսպես արձագանքեց. - «Նախ նախագահ Սարգսյանը 2014 թվականին, համոզված եմ, երբ որ այդ մտքերն արտաբերում էր, նրա նպատակը մեկն էր՝ փորձել մեկնարկող սահմանադրական բարեփոխումների նկատմամբ հանրության մոտ և փորձագիտական, քաղաքական շրջանակներում ձևավորել պոզիտիվ վերաբերմունք։ Նպատակը միայն սա է եղել։ Դա, գիտեք, երդում չէ Աստվածաշնչի վրա։ Քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ենթադրելը նման մտքերի շարադրանք, որոնք հնարավորություն կտան սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ ձևավորել հանրային վստահություն, սա մեկ, երկրորդն՝ այսօր էլ դեռևս Սերժ Սարգսյանն իր ասածը չի հերքել, ես թեպետ կրկնում եմ, համոզված եմ, որ այդ պատասխանատու պաշտոնում ներկա փուլում շոշափելի կարճաժամկետ, կամ միջին ժամկետ հայտնվածում ես այլ ուղղակի պատասխանատու հանրապետականից չեմ տեսնում։ Իսկ ինչ վերաբերում է՝ միգուցե՞ մի երիտասարդի նշանակեն, տեսեք, էքսպերիմենտներ մենք կարող ենք Ձեզ հետ անել, բայց տեսեք՝ մարդը՝ ապագա վարչապետը պետք է գնա, նստի բանակցություններ վարի՝ թե ղարաբաղյան խնդրի շուրջ... և դրանք անմիջապես՝ տետ- ա-տետ բանակցային պրոցեսներ են, որտեղ յուրաքանչյուրը չի ասելու՝ «մի րոպե, մի հատ զանգեմ, տեսնեմ ինչ են ասում», էդպիսի բան գոյություն չունի, մարդը կամ պատրաստ է նման բանակցություններ վարելու՝ իր փորձառությամբ, իր հմտություններով, իր կարողություններով, կամ պատրաստ չէ, հետևաբար, կներեք, ես կարծում եմ, որ էքսպերիմենտներ դնելու տեղը չէ հիմա»։
Նշենք, որ ապրիլի 9-ին կավարտվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նույն օր կառավարությունն իր հրաժարականը կներկայացնի նորընտիր նախագահին։ Խորհրդարանը յոթնօրյա ժամկետում բաց քվեարկությամբ կընտրի նոր վարչապետին, ու թեև մինչ օրս Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի հստակեցրել, թե ինչով է զբաղվելու ապրիլի 9-ից հետո, մի շարք հանրապետականներ արդեն հայտարարել են, որ պատրաստ են վարչապետի պաշտոնում առաջադրել նրա թեկնածությունը:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ասյտեղ.