Մատչելիության հղումներ

«Մեդիալաբ»-ի խմբագիրը պնդում է՝ իր և ընտանիքի դեմ սպառնալիքների քրգործը ձգձգվում է


«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», փետրվար, 2018թ․
«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», փետրվար, 2018թ․

«Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի և նրա ընտանիքի հասցեին սպառնալիքների գործով փորձաքննություն է նշանակվել։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ Գրիգորյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ փորձաքննություն նշանակելու միջնորդությունը բավարարվել է։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակային, ապա անձնական նամակ գրած Հայկ Օհանյանը, որը լրագրողին ուղղած մեկնաբանություններում նաև ինտերնետային նշաններ էր ավելացրել տեքստին, Գրիգորյանի հետ առերեսման ժամանակ պնդել էր, թե որևէ սպառնալիք չի ներկայացրել։ «Ազատության» հետ զրույցում Արթուր Սաքունցն ասաց, որ դրանից հետո որոշել են դիմել քննիչին, խնդրելով փորձաքննության ենթարկել նաև տեքստն ու այդ նշանները՝ պարզելու, թե ինչ են արտահայտում դրանք առհասարակ և ուղարկողը ինչ է փորձել դրանով ասել՝ սպառնալից նամակներ ուղարկելով։

«Օրինակի համար՝ ավազի ժամացույցի սիմվոլը, դա ի՞նչ է նշանակում, այսինքն՝ անիմաստ հո չե՞ն ուղարկելու այդ ավազի ժամացույցը, որը ունի սկիզբ և ունի վերջ, չէ՞, որ, ասենք, ժամանակը վերջանում է: Մենք կարող ենք ենթադրել, որ դա սպառնալիքի հենց բովանդակություն ունի, քանի որ, եթե ժամանակը վերջացավ ու չկատարվեց պահանջը, իսկ պահանջը այն էր, որ ծաղրանկարը հանի, իսկ դա միանշանակ տեքստում գրված է, արդյոք ի՞նչ գործողություններ կարող էինք սպասել», - նշեց Սաքունցը:

Իրավապաշտպանը մեկ այլ օրինակ էլ է բերում․ - «Մյուսը լատինատառ սիմվոլն էր, որի իմաստը, իհարկե, այս պահին մենք չենք հավակնում, որպեսզի ամբողջությամբ բովանդակությունը ներկայացնենք, բայց դա էլ մեկ այլ սիմվոլ էր, որի մոտավոր իմաստը սա է, որ «ապրիր այսօր, քանի որ վաղը դա կարող է չլինել», մոտավորապես: Դա անձնական նամակների մեջ էր»:

Հիշեցնենք, հունվարի 28-ին «Մեդիալաբ»-ը հրապարակել էր պաշտպանության նախարարին պատկերող մի ծաղրանկար, որտեղ ընթերցողների ուշադրությունը հրավիրվում էր նախարարության՝ ծաղիկների վրա արված մեծ ծախսի, և մյուս կողմից էլ՝ զինվորների կարիքները չհոգալու խնդրի վրա։

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Օհանյանը նախ նկարի մեկնաբանությունում, ապա արդեն անձնական նամակներով հիշեցրել էր 2015-ի հունվարին «Շառլի Էբդո»-ի հետ տեղի ունեցածը, երբ Փարիզում երգիծական պարբերականի խմբագրության վրա հարձակման հետևանքով 12 մարդ զոհվեց։ Օգտատերը հիշատակել էր նաև լրագրողի մանկահասակ դստեր անունը։

Օրեր անց հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝ «սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այն իրականացնելու իրական վտանգ է եղել»:

Անցած ամիս Քննչական կոմիտեում լրագրողի հետ առերեսման ժամանակ 40-ամյա Հայկ Օհանյանը, ով բանակի պահեստազորի սպա է, հայտարարել է, թե չի սպառնացել։ Առերեսումից հետո «Ազատության» հետ զրույցում կրկին պնդել է նույնը․ - «Ի նկատի եմ ունեցել, որ դա հասարակության մեջ կարող է ինչի բերել, այսինքն՝ երկրի ամենասրբություն համարվող զինվորի վրա ծաղրելը, ես ինձ նկատի չեմ ունեցել, ու հաշվի ենք առել, որ տենց բաների է բերում դա։ Էդ էր իմաստը»։

Հարցին էլ, թե այդ դեպքում ինչո՞ւ է հիշատակել լրագրողի մանկահասակ աղջկան, նա ուշագրավ պատասխան է տվել․ - «Դա, որ արդեն անցել էինք զուտ կատակի դաշտի, շեշտվել է ուղղակի․․․ Գեղեցիկ անուն ունի ընդամենը։ Մահվան կամ ինչ-որ վերաբերվող իրա անձին սպառնալիք չկա: Իմ սիրելի անունն է ընդամենը»։

«Մեդիալաբ»-ի խմբագիրը առերեսումից հետո հայտարարեց՝ Օհանյանը, որ փորձում է գործը տանել այն ուղղությամբ, թե սպառնալիքներ չեն եղել, պետք է պատժվի։ «Եվ սա պիտի նաև նախադեպ լինի, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն և լրատվամիջոցներին և նաև լրագրողներին, խմբագիրներին նմանօրինակ բովանդակությամբ սպառնալիքներ, մեսիջներ չհղվեն: Եվ այդ առումով այս գործը միանշանակ մենք կարևոր ենք համարում և հույս ունենք՝ նաև կարևոր է շատ լրագրողների պաշտպանության առումով», - ասաց Մարիաննա Գրիգորյանը:

Հայկ Օհանյանը դեռևս որպես վկա է ներգրավված այս գործում, այլ ոչ թե որպես կասկածյալ, «Ազատությանը» փոխանցեց նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։

Լրագրողը պնդում է՝ գործը անհարկի ձգձգվում է։ «Կարծում եմ՝ գործը անհարկի ձգձգվում է: Կարգավիճակների մասով ևս՝ դրա վառ վկայությունն է, որովհետև բավականին ժամանակ է անցել: Սպառնալիքներ միանշանակ եղել են, թե ինչ կերպ են փորձում խուսանավել, բացատրել, նույնիսկ բացատրություններն էլ <․․․> անհեթեթ են ինձ համար իրականում, որովհետև եթե սպառնալիքներ չլինեին, մենք ուղղակի նման գործընթացի մեջ չէինք մտնի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներին՝ քաղաքապետից մինչև նախագահ, այդ թվում ծաղրանկարներով քննադատող «Մեդիալաբ»-ի խմբագիրը նշում է, որ վախեցած չեն և նույն թափով շարունակում են աշխատել։ «Մարդիկ առաջարկում են ուղեկցել, ամեն ինչ, նույնիսկ պատրաստ են, անվտանգության համակարգեր են պատրաստ բերել ներդնել: Շատ զգացված ենք, և դա ևս մի պատասխան է մեր աշխատանքի, որովհետև եթե մենք, կարծում եմ, նվիրված չաշխատեինք, դժվար թե նման արձագանք ունենայինք: Եթե մենք չշարունակեինք, դա կնշանակեր, որ այն արշավը, որ սկսվել է, հասել է իր նպատակին, և գրաքննության մի բան կստացվեր: Իհարկե մենք շարունակելու ենք», - ընդգծեց նա:

Նշենք, որ Մարիաննա Գրիգորյանը իրավապահ մարմիններին խնդրել էր ապահովել իր ու ընտանիքի անվտանգությունը։ Քննչական կոմիտեն դեռ փետրվարին պատասխանել է, որ անվտանգության ապահովման միջոցառումները ձեռնարկված են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG