Մատչելիության հղումներ

Հետխորհրդային տարածքում կանանց շրջանում գործազրկության ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում է


Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ մարտի 8-ին ընդառաջ հրապարկած զեկույցի, Հայաստանում 25-ից բարձր աշխատունակ կանանց 17.3 տոկոսը չի կարողանում աշխատանք գտնել:

Համեմատության համար նշենք, որ այս ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Լատվիայում կանանց միայն 8.6 տոկոսն է բախվում գործազրկության խնդրին:

Հարևան Վրաստանում կին գործազուրկները 7.7 տոկոս են կազմում, Ադրբեջանում՝ 4.8 տոկոս:

Նկատենք, որ Հայաստանի պաշտոնական թվերը ևս մտահոգիչ են․ Ազգային վիճակագրական ծառայության անցած տարվա հրապարակած վերջին տվյալերով՝ Հայատանում կա 76 հազար 624 պաշտոնապես գրանցված գործազուրկ, որից 50 հազար 593-ը, այսինքն ավելի քան 60 տոկոսը, կանայք են:

«Չկա համապատասխան միջավայր, որ կնպաստի կանանց իրավունքների պաշտպանությանը», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Երևանի պետական համալսարանի դասախոս Անի Կոջոյանը:

Նրա խոսքով՝ օրենքի հետ կապված խնդիր չկա, սակայն թղթի վրա գրվածն ու օրենքի կիրառությունը տարբեր բաներ են․ - «Կանանց պարագայում գործատուն կարող է նաև հաշվի առնել ամուսնացած կամ չամուսնացած լինելը, երեխա ունի՞, թե՞ հետագայում կարող է ունենալ և որքա՞ն կգտնվի այդ արձակուրդի մեջ․․․ Ուզում եմ նշել, որ սա նաև հենց կանանցից է կախված․ եթե կանայք գիտակցեն և իրենց իրավունքների մասին համապատասխան ատյաններում չվախենան իրենց իրավունքները պաշտպանելուց, սա շատ լավ օրինակ կարող է լինել նաև դաշտում և՛ գործատուների համար, և՛ մյուս կանանց համար»:

Կանայք ոչ միայն դժվարությամբ են ընդունվում աշխատանքի, այլ նաև ավելի ցածր աշխատավարձ են ստանում: Հայաստանում իրականացված բազմաթիվ ուսումնասիրությունները փաստում են, որ կանանց միջին ամսական աշխատավարձը տնտեսության բոլոր հատվածներում զիջում է տղամարդկանց միջին ամսական աշխատավարձին:

Ընդ որում՝ կանայք Հայաստանում կրթությամբ չեն զիջում տղամարդկանց:

«Կանայք շատ հաճախ բարձրագույն կրթության համակարգում ավելի բարձր ցուցանիշով են ներկայացված․․․ Բայց որտե՞ղ են կորչում այս կանայք հետագայում: Երբ կինը անմիջապես աշխատանքի չի անցնում, իրականում կարող է տեղի ունենալ իր հմտությունների, կարողությունների հետ կապված թերագնահատում: Գործոնները, որոնք նպաստում են այս ամենին, իրականում շատ են», - ասաց Կոջոյանը:

Կանանց և տղամարդկանց աշխատավարձերի անհավասարությանն անցած տարեվերջին անդրադարձել էր նաև ՄԱԿը-ը: «Անջատ աշխարհ․ վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարության դարում» 2017-ի զեկույցում հեղինակները պնդում էին, որ հայ տղամարդկանցից շատերը կնոջից պահանջում են բարձրագույն կրթություն, սակայն հետագայում չեն թողնում աշխատել:

Ներկայացնելով զեկույցը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը պնդել էր, որ կանանց և տղամարդկանց միջև խտրականության վերացումը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության զարգացման վրա․ - «Չի կարելի բնակչության 50 տոկոսին թողնել դուրս: 7-9 տոկոս տղամարդիկ հայտնել են, որ թույլ չեն տա իրենց կանանց աշխատել, և թույլ չեն տալիս: 7-9 տոկոս չաշխատելու պարագայում, իսկ ես կարծում եմ, որ այդ տոկոսը շատ ավելի բարձր է, որովհետև սա լատենտային է, թաքնված խնդիր է, Հայաստանի ՀՆԱ-ի վրա դա կազմում է մոտ 60 միլիոն դոլար բեռ»:

Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն, կանանց գործազրկության մակարդակը ամբողջ աշխարհում 6 տոկոս է կազմում, ինչը գերազանցում է տղամարդկանց գործազրկության ցուցանիշը 0,8 տոկոսով:

Հետազոտության հեղինակները նշում են, որ գործատու տղամարդկանց թիվը չորս անգամ ավելի է, քան գործատու կանանց թիվը։ Այս միտումը պահպանվում է նաև ղեկավար պաշտոնների դեպքում։

Նաև նշվում է, որ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են համաձայնում աշխատել առանց պայմանագիր կնքելու՝ շրջանցելով աշխատանքային օրենսգիրքն ու առանց արհմիություններին անդամակցելու։

Անի Կոջոյանն այս առնչությամբ ասաց․ - «Խնդիրը առկա է մեզ մոտ: Պետությունը ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի մեխանիզմներ մշակի, որպեսզի նույն կանայք հայտնվեն նաև հարկատուների դաշտում, որովհետև այս պարագայում նաև պետությունն է տուժում: Մյուս կողմից, եթե ես ֆեմինիստական տեսանկյունից նայեմ, սա առաջին հերթին կանանց իրավունքների ոտնահարում է, և պետք է ծրագրեր միտված լինեն, որ կանանց իրավագիտակցությունը բարձրանա, իրենք ավելի պահանջատեր լինեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG