Մատչելիության հղումներ

Շարմազանով. Մենք՝ որպես լուրջ քաղաքական ուժ, ամեն ինչ քննարկում ենք ժամանակին


Ուղիղ մեկ ամսից նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները կդարդարեն, ապրիլի 9-ին հրաժարական կներկայացնեն նաև Կառավարությունն ու վարչապետը, սակայն մինչ օրս դեռ որևէ խմբակցություն, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունի, որևէ անուն չի տալիս:

Չնայած այս հանգամանքին՝ իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովն ասում է՝ քաղաքական անորոշություն չկա, ով էլ լինի վարչապետը, իշխանությունն ու պատասխանատվությունը Հանրապետական մեծամասնությանն է։

«Մենք նախագահական համակարգում չենք ապրում, որպեսզի ամեն ինչ կապենք մեկ հոգու ընտրության հետ։ Մեկ հոգու ընտրություն չի լինելու։ Ընտրությունը խորհրդարանական ընտրություն է եղել և ժողովուրդը այն կատարել է։ Իսկ ապագա կառավարությունները, ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, ըստ Սահմանադրության, ըստ օրենսդրության ցանկացած պահի կարող է կառավարություն փոխվել, կառավարություն կազմվել։ Կարևորը այն է, որ մինչև 2022 թվականը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, մենք ենք իշխանություն», ֊ «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց իշխող կուսակցության խոսնակը:

Հնարավո՞ր է, որ ինչպես նախագահի դեպքում, վարչապետի դեպքում էլ միայն մեկ թեկնածու լինի․ Էդուարդ Շարմազանովը սա ևս հավանական է համարում, քանի որ ասում է՝ անկախ թեկնածուների քանակից, վարչապետ է դառնալու իշխող ուժի աջակցությունը վայելողը․ ֊ «Պառլամենտական համակարգում վարչապետի թեկնածու լինում է նա, ում պաշտպանում է մեծամասնությունը: Իսկ օլիմպիական սկզբունքով առաջադրել վարչապետի թեկնածու, եթե իմանաս, որ ձայն չես հավաքելու, դրա իմաստը ո՞րն է»:

Ինչ վերաբերում է հնարավոր փողոցային պայքարին, Էդուարդ Շարմազանովն ասում է Հայաստանում խաղաղ երթեր, ցույցեր թույլատրված են, սակայն ժողովրդավարական երկրներում հարցերը փողոցներում չեն լուծվում․ ֊ «Ժողովուրդը դեմ է, թե դեմ չէ՝ դա երևում է ընտրությամբ: Ժողովուրդը՝ 770 հազարից ավել քաղաքացի ձայն է տվել Հանրապետականին: Կրկնում եմ՝ 770 հազար քաղաքացի»:

«Ազատության» դիտարկմանը, թե այդ թվի հետ կապված կեղծիքների մասին մտահոգություններ կան, իշխող կուսակցության խոսնակը հակադարձեց․ ֊ «Բարև Ձեզ․․․ որևէ եվրոպական կառույց, որևէ դիտորդական առաքելություն, որևէ դեսպանատուն՝ Միացյալ Նահանգների հարգարժան դեսպանից մինչև Եվրամիության հարգարժան դեսպան, որևէ մեկը կասկածի տակ չի առել ապրիլի 2֊ի, 2017թ․ խորհրդարանական ընտրությունների արդյունքները»:

Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը վստահ է՝ Հանրապետականը մինչև վերջին պահը կձգի վարչապետի իրենց թեկնածուին առաջադրելը ընդվզումից և դժգոհության ալիքից խուսափելու համար․ ֊ «Կարծում եմ հասկանալի է, թե ինչու են այդքան ձգում, քանի որ իշխանությունը պատրաստում է վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանի համար, բայց իրենք հասկանում են՝ ինչքան շուտ հայտարարեն, այնքան կմեծանա բողոքների ալիքը»:

Քաղաքագետը կասկած չունի նաև, որ հենց Սերժ Սարգսյանն է լինելու Հանրապետականի վարչապետի թեկնածուն․ ֊ «Եթե նույնիսկ մի տարով ընտրեն այլ մարդ, ոչ թե Սերժ Սարգսյանին, նույնիսկ իրենց թիմից, պարզ է՝ առնետավազք կլինի, բոլորը կսկսեն գալ այդ նոր ընտրված կամ նշանակված վարչապետի կաբինետ ու շատ արագ փոփոխություններ կկատարվեն: Հենց դրա պատճառով էլ բացառվում է, որ իրենք չառաջադրեն Սերժ Սարգսյանին»:

Ինչ վերաբերում է իշխող կուսակցության հիշեցումներին, թե քաղաքական մեծամասնություն ունեն, որը ձևավորվել է ընտրությունների արդյունքում և ժողովուրդն է իրենց մանդատ տվել ընտրել վարչապետին ու նախագահին ընտրելու համար, Ստեփան Գրիգորյանն արձագանքում է․ ֊ «Ի՞նչ է, հանրապետականները հավատում են, որ վաթսուն տոկոս ունեն ժողովրդի մե՞ջ: Ես Ձեզ ասեմ ինչքան իրենք ունեն ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործելով և այլ լծակները օգտագործելով՝ 12-15 տոկոս իրոք ունեն: Ժողովուրդը իր վերաբերմունքը ցույց է տալիս ոտքերով»:

Գրիգորյանը նաև կարծում է, որ հենց լեգիտիմության պակասի պատճառով Հանրապետականը կփորձի կառավարություն կազմել ոչ միայն Դաշնակցության, այլև «Ծառուկյան» դաշինքի հետ: ֊ «Ես չեմ բացառում, որ վարչապետի առաջին տեղակալը ստեղծված է հենց դրա համար, որ տա «Բարգավաճ Հայաստանին», ես դա չեմ բացառում»:

Ինչ վերաբերում է նոր կառավարության կազմին, Էդուարդ Շարմազանովն ասաց՝ այդ հարցը չի քննարկվել: ֊ «Բայց ինչո՞ւ պետք է քննարկենք հիմա, եթե այդ հարցը 9֊ից 16֊ն է նախատեսված։ Մենք՝ որպես լուրջ քաղաքական ուժ, ամեն ինչ քննարկում ենք ժամանակին», ֊ ընդգծեց նա:

Կպահպանի արդյոք Դաշնակցությունը իր նախարարական պորտֆելները, և հնարավոր է արդյոք «Ծառուկյան» դաշինքը մտնի իշխող կոալիցիա, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ ֊ «Մինչ այս պահը մենք որևէ բան չենք քննարկել: Բացառում եմ, թե չէ՝ չեմ կարող դա ասել, որովհետև ապրիլի 9-ից 16֊ը, երբ որ նախ առաջարկենք վարչապետին, այնուհետև արդեն վարչապետը ինքը կառաջարկի կառավարության կազմը, կնստեն քաղաքական ուժերը, կքննարկեն: Այս պահին Հայաստանի Հանրապետական կուսակցությունում «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա ձևավորելու հարց չի քննարկվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG