Եվրախորհրդարանը պաշտոնապես հրաժարվել է դիտորդներ ուղարկել ռուսաստանյան և ադրբեջանական նախագահական ընտրություններին։ Այդ մասին ասված է Եվրոպական խորհրդարանի ժողովրդավարության աջակցության խմբի ղեկավարներ Դևիդ ՄըքԱլիսթեր և Լինդա ՄըքԷվանի հայտարարությունում։
«Եվրախորհրդարանը չի հետևելու ընտրություններին այդ երկրներում և չի մեկնաբանելու դրանց արդյունքները։ Եվրախորհրդարանի և ոչ մի պատգամավոր նման առաքելություն չի ունենա, և չի կարող մեկնաբանել դրանց արդյունքները Եվրոպական խորհրդարանի անունից։ Եթե առանձին պատգամավորներ անձամբ ուզենան մասնակցել որպես դիտորդ այդ ընտրություններին, և որևէ մեկնաբանություն անել, դա նրանց անձնական նախաձեռնությունն է լինելու», - հայտարարել են նրանք։
ՄըքԱլիսթերի և ՄըքԷվանի հայտարարությունը հրապարակվել էր մարտի 7-ին։
Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները նաև նշում են, որ Եվրախորհրդարանի պատգամավորների բոլոր ծախսերը հոգալու մասին ռուսաստանյան որոշ կազմակերպությունների առաջարկը դիտորդական առաքելության էթիկային չի համապատասխանում։
Հայտարարությունում նաև ընդգծված է, որ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին եվրոպական խորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը կհրապարակվի ավելի ուշ։
Հիշեցնենք՝ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին, իսկ Ադրբեջանում՝ ապրիլի 11-ին։ Երկու երկրներում էլ, փորձագետների համոզմամբ, հաղթելու են գործող նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը։