Քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից երեք շաբաթ է անցել, սակայն Երևանի ավագանու «Երկիր Ծիրան» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը դեռևս տեղյակ չէ հարուցված քրեական գործով կասկածյալներ, կամ մեղադրյալներ կա՞ն, թե՞՝ ոչ։
Նշենք, որ Խաչատրյանը գործով տուժող է ճանաչվել։
Նա «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դեռևս նախաքննություն է ընթանում։ «Ես մանրամասն ցուցմունք տվել եմ, նկարագրել եմ, իրավիճակը, նկարագրել եմ այն զգացողությունները, որոնք ունեցել եմ, նկարագրել եմ այն նպատակները, որը որ մեր խմբակցությունն է ունեցել, այն խնդրանքը, որ մեզ ներկայացրել են մեր քաղաքացիները, մենք եկել ենք Երևանի քաղաքապետարան, Երևանի ավագանի հատուկ ծրագրով՝ մեր ծրագրով ներկայացված և մենք հավատարիմ ենք մեր ծրագրի բոլոր դրույթներին, այն է՝ մաքրել քաղաքապետարանը կեղտից, մաքրել քաղաքը կեղտից և, ի վերջո, բարելավել մեր քաղաքացիների կյանքը»։
Անդրադառնալով կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պետք է այս գործով որպես մեղադրյալ ներգրավվի, Խաչատրյանն ասաց, որ Տարոն Մարգարյանը, լինելով նիստը վարող, չի պահպանել կանոնակարգի կետերը։ «Եթե ավագանու որևէ անդամ, որևէ գործողություն է կատարում, որը չի համապատասխանում այդ կանոնակարգին, ապա նա նախ պետք է նախազգուշացնի այդ անդամին, նա այդպիսի նախազգուշացում չի տրամադրել, այլ պարզապես հարցրել է, թե ի՞նչ է կատարվում հետևի շարքում, այնուհետև այդ ընթացքում, երբ որ մենք մոտեցել ենք, նա հրահանգել է՝ «դեմն առեք», և միայն նրա հրահանգից հետո սկսվել է բռնությունը, բացի այդ նա կրկին, փոխանակ հետ գնալու իր իրավասությունների սահմանի մեջ, հրահանգել է հրավիրել ոստիկանություն։ Այսինքն՝ մարդը չկատարելով իրեն վերագրված պարտավորությունները, բացարձակապես այլ հրահանգներ է հնչեցրել, որն ավելի շատ բնորոշ է ինչ-որ խմբակին, որտեղ որ նա այդ հրահանգները հավանաբար հաճախ է հնչեցնում և այդ հրահանգները նման կերպով են իրականացվում», - ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ Խաչատրյանը օրերս հանդիպել է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ։
Դիտարկմանը, թե դատելով դիվանագետի խոսքից, նա ավագանու անդամին ոգևորել է իր գործունեության համար, Խաչատրյանը պատասխանեց. - «Այո՛, պարոն Սվիտալսկին հրավիրել էր զրույց ունենալու, իհարկե մեր խոսակցության թեման փետրվարի 13-ի իրադարձություններն էին, նա շատ զարմացած էր, որ որևէ մեկը գոնե ներողություն չի խնդրել։ Նա հատկապես զարմացավ այն բանից հետո, երբ որ իմացավ, որ բռնությունները, ճնշումները մեր խմբակցության հանդեպ շարունակվում են տարբեր իրադարձությունների ձևով՝ մեկ աղբն են լցնում մեր սենյակ, մեկ մեր մեքենան թույլ չեն տալիս, մեկ [քաղաքապետարանի կայքէջից] հեռացնում են ինքնակենսագրականները, մեկ փոստային ծառայությունն են արգելափակում մեզ համար։ Նա բավականին զարմացած էր և բավականին բացասաբար անդրադարձավ քաղաքային այս իշխանությունների և Տարոն Մարգարյանի վարքագծին և, այո՛, ողջունեց և՛ ինձ, և՛ մեր խմբակցության կանանց, և՛ ընդհանրապես պայքարող բոլոր կանանց՝ իրենց պայքարը համրելով արդար»։
Հիշեցնենք, Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը վերածվեց ծեծկռտուքի, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ տեսնելով տարաներով իրեն մոտեցող ընդդիմադիր խմբակցության կանանց, ավագանու ՀՀԿ անդամներին հրամայեց նրանց «դեմն առնել»։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից կոշտ ֆիզիկական բռնությանը:
Ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպով քրեական գործ հարուցեց 2 հոդվածով՝ ծեծ և խուլիգանություն:
«Երկիր Ծիրանիի» ղեկավար Փոստանջյանը, սակայն, համաձայն չէ՝ պնդելով, թե փորձ է արվում կոծկել հանցագործությունը։ Նա դիմել է գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայությանը և մարդու իրավունքների պաշտպանին՝ շեշտելով, որ քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպով քրեական գործը պետք է հարուցվեր բոլորովին այլ հատկանիշներով: Մասնավորապես, ըստ նրա, «ծեծի» և «խուլիգանության» հոդվածների փոխարեն, պետք է քրեական գործ հարուցվեր «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու», «իրավահավասարությունը խախտելու», «կուսակցության գործունեությունը խոչընդոտելու», ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից իր պաշտոնական դիրքը չարաշահելու հոդվածներով:
Խաչատրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.