Նյութի անբանումը, սակայն, բրիտանական ոստիկանությունն առայժմ չի հրապարակում:
«Տեղի ունեցածն այսպիսով դիտարկվում է որպես լուրջ մի միջադեպ, ավելի հստակ` նյարդապարալիտիկ նյութի միջոցով իրականացված սպանության փորձ: Մենք նաև վստահ ենք, որ այս միջադեպից տուժած երկու անհատները հատուկ են թիրախավորվել», - նշել է Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչ Ռոուլին:
Հիշեցնեմ, որ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր դեմ մահափորձի քննությունը Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության հակաահաբեկչական դեպարտամանետի աշխատակցիներին է փոխանցվել շաբաթասկզբին, երբ պարզ դարձավ, որ տեղի ուենցածը ո՛չ պատահականություն էր և ո՛չ էլ կենցաղային հողի վրա կատարված միջադեպ:
Բրիտանական լրատվամիջոցները, վկայակոչելով նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրները, այսօր նշում են, որ քիմիական այն նյութը, որն օգտագործվել է Սկրիպալների թունավորման համար, հնարավոր է ստանալ բացառապես լաբորատոր պայմաններում․ - «Տնային պայմաններում նյարդապարալիտիկ նման նյութ մշակել հնարավոր չէ, ինչն է՛լ ավելի է մեծացնում կասկածները, որ այս գործողության հեղինակները Ռուսաստանի հատուկ ծառայություններն են»:
Այսօր առավոտյան Sky News հեռուստաընկերության եթերում նախաքննության ընթացքի մասին հավելյալ մանրամասներ հաղորդեց Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը: Նրա խոսքից պարզ դարձավ, որ ռուսաստանցի նախկին հետախույզն ու նրա դուստրը Սոլսբերիում տեղի ունեցած հարձակման միակ զոհերը չեն․ - «Ոստիկանը, որն առաջիններից մեկն էր ժամանել դեպքի վայր և հետագայում տեղափոխվել հիվանդանոց, այժմ գիտակցության է եկել: Նա շարունակում է ծանր վիճակում մնալ, սակայն գոնե զրուցում և շփվում է իրեն շրջապատող անձնաց հետ»:
Sky News-ին տված հարցազրույցից մի քանի ժամ անց Ներքին գործերի նախարար Ռադը Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի առթիվ հայտարարությամբ հանդես եկավ նաև բրիտանական խորհրդարանում: Ռադը կատարվածի մասին որևէ էական մանրամասն չհաղորդեց` նշելով միայն, թե չէր ցանկանա այս պահին խոսել Սկրիպալների դեմ կատարված հարձակման հնարավոր հեղինակների մասին` շահարկումներից խուսափելու և նախաքննության ընթացքը չխաթարելու համար:
Reuters-ի թղթակիցներին, սակայն, հաջողվել է զրուցել ռուսաստանցի պաշտոնաթող գնդապետի և նրա դստեր դեմ հարձակման հետաքննությամբ զբաղվող ոստիկաններից մեկի հետ, որը, չհրապարակելով իր ինքնությունը, նշել է, որ նախաքննության առաջնային վարկածը հենց ռուսական հետքի առկայությունն է:
Նախաքննությանը զուգահեռ BBC-ին իր սեփական հետաքննություն է անցկացրել՝ որոշ մանրասմաներ հայթայթելով Սերգեյ Սկրիպալի և բրիտանական հատուկ ծառայությունների կապի մասին:
BBC-ի տեղեկություններով, Սկրիպալը հավաքագրվել է 1995 թվականին Իսպանիայում, երբ զբաղեցնում էր այդ երկրում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդի պաշտոնը: Հետագայում նա զբաղեցնել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) կադրերի վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը:
«Այդ ընթացքում Սկրիպալը բրիտանական կողմին է հանձնել Արևմտյան Եվրոպայում գործող առնվազն 12 ռուսաստանցի հետախույզների տվյալներ», - պնդում են BBC-ի աղբյուրները:
Սկրիպալը թոշակի էր անցել 1999-ին, իսկ 2004-ի դեկտեմբերին ձերբակալվել էր Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից` հետագայում դատապարտվելով 13 տարվա ազատազրկման:
2010-ի ամռանը Սերգեյ Սկրիպալը և հայրենիքի դավաճանության հոդվածով դատապարտված ևս մի քանի ռուսաստանցիներ փոխանակվեցին Միացյալ Նահանգներում ձերբակալված Աննա Չապմանի լրտեսական խմբի անդամների հետ: