«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ երկրներից Ֆրանսիան դատապարտում է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը խոչընդոտող ցանկացած հայտարարություն», - «Ազատության» հարցին ի պատասխան երեկ վերահաստատեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ ամիս առաջ հայտարարել էր, թե Երևանն ու Զանգեզուրը իրենց «պատմական տարածքներն են», և ադրբեջանցիները «պետք է վերադառնան այդ պատմական հողը»: Ի պատասխան՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունն իր կայքում հրապարակած հաղորդագրությունում կոչ էր արել հակամարտության կողմերին բարեխղճորեն աշխատել բանակցություններով լուծում գտնելու ուղղությամբ՝ «հատկապես զերծ մնալով ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը»:
Ֆրանսիայի դեսպանատանը երեկ կայացած ասուլիսին «Ազատությունը» դեսպանից հետաքրքրվեց, թե արդյոք նման դատապարտումները բավարար են այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահը Հայաստանի մայրաքաղաքը գրավելու մասին է խոսում:
«Ֆրանսիան, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահությունը պատասխանել է Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությանը: Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը վնասում է այս հակամարտության բանակցված և խաղաղ ճանապարհով կարգավորմանը», - արձագանքեց Ջոնաթան Լաքոթը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերն էլ երեկ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է՝ չնայած ներկայիս ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, այդուհանդերձ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, միջնորդ երկրների արձագանքները համարժեք կոշտ չեն Ալիևի հայտարարություններին․ - «Եթե, օրինակ, Ալիևը նույն բանը հայտարարեր եվրոպական որևէ մայրաքաղաքի հանդեպ, կամ Միացյալ Նահանգների, կամ Ռուսաստանի մայրաքաղաքի կամ որևէ քաղաքի հանդեպ, մենք երևի չենք կասկածում, որ արձագանքը անհամեմատ ավելի կոշտ էր լինելու, և նույնիսկ կարող էին նման հայտարարությունները հետևանքներ ունենալ Ալիևի համար՝ առարկայական, ոչ միայն դիվանագիտական կոշտ պատասխանի տեսքով: Այսինքն, այս առումով մենք չենք կարող ասել, որ համանախագահների արձագանքները համարժեք են Ալիևի հայտարարության այդ խայտառակ դիվանագիտական, քաղաքական բնույթին և այդ ագրեսիվ ոճին: Մյուս կողմից նաև հասկանում ենք, որ այստեղ համանախագահները հերթական անգամ փորձում են հնարավորինս համահարթեցնել իրավիճակը, այնպես չանել, որ Հայաստանի և Ադրբեջանի մինջև առաջացնեն մեծ տարբերություն: Սա նաև, իհարկե, պայմանավորված է նրանով, որ Հայաստանը իր քաղաքական, քաղաքակրթական նկարագրով դեռևս այն տարբերությունը չի առաջացրել իր և Ադրբեջանի միջև, որը կստիպի համանախագահ երկրներին և ընդհանրապես միջազգային կառույցներին Հայաստանի հանդեպ նման հայտարարությունները գնահատել այնպես, ինչպիսին կլինի գնահատականը, ասենք, եվրոպական որևէ մայրաքաղաքի հանդեպ հայտարարության դեպքում»:
Բադալյանը հատկապես ոչ-համարժեք է գնահատում Երևանի գրավման մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի արձագանքը: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ընդամենը ասել էր, որ Ալիևի հայտարարությունը չի նպաստում լարվածության թուլացմանը:
«Այսինքն, արձագանքը եղել է որպես միջնորդ: Որպես դաշնակից, որպես ՀԱՊԿ անդամ պետություն բացարձակապես չի եղել արձագանք, և այս իմաստով անհամարժեքությունն ուղղակի աղաղակող է, որովհետև խոսքը վերաբերում է դաշնակից երկրի մայրաքաղաքի, ՀԱՊԿ անդամ երկրի մայրաքաղաքի հանդեպ նման ագրեսիվ հայտարարությանը, որն անում է ոչ անդամ երկրի նախագահը», - ասց Բադալյանը:
Այդուհանդերձ, ըստ քաղաքական մեկնաբանի, եթե Ադրբեջանը պատրաստվեր լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ դրան նախորդող հայտարարություններ չէին լինի: