Մատչելիության հղումներ

Հանրապետականում «перебежчик-ներ չկան»


Armenia -- Speaker of Ruling Republican Party Edward Sharmazanov, Yerevan, 5April, 2017
Armenia -- Speaker of Ruling Republican Party Edward Sharmazanov, Yerevan, 5April, 2017

Հայաստանի նոր վարչապետի ընտրությանը հարցը խորհրդարանն ամենայն հավանականությամբ կսկսի քննարկել ապրիլի 17-ին: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ինչ վերաբերում է Հանրապետականի վարչապետի թեկնածուի առաջադրմանը, ապա Շարմազանովի փոխանցմամբ, իշխող ուժն այդ հարցը կսկսի քննարկել ապրիլի սկզբին:

Նշենք, ապրիլի 9-ին, երբ Սերժ Սարգսյանը վայր դնի նախագահի լիազորությունները և նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնի նախագահի պաշտոնը, նույն օրը կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի: Այդ պահից սկսած խորհրդարանական խմբակցությունները յոթնօրյա ժամկետում իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածու: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում այս հունվարին կատարված փոփոխության համաձայն, վարչապետի ընտրության հարցը խորհրդարանը քննարկելու է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու հաջորդ իսկ օրը, տվյալ դեպքում՝ ապրիլի 17-ին:

«Ազատություն»․ - Պարո՛ն Շարմազանով, ըստ էության դուք որոշում ունեք, որ մինչև ապրիլ չե՞ք քննարկելու վարչապետի ձեր թեկնածու հարցը:

Շարմազանով․ - Ոչ թե որոշում ունենք․․․ պարզապես հարցը պետք է քննարկենք այդ ժամանակ, որովհետև այս Կառավարությունը աշխատելու է մինչև ապրիլի 9-ը, և մինչև 16-ը պետք է առաջարկենք վարչապետի թեկնածու և ամենայն հավանականությամբ ապրիլի սկզբին կքննարկենք մեր վարչապետի թեկնածության հարցը: Շատերն ասում են, որ մենք դանդաղում ենք, բայց ոչ թե մենք ենք դանդաղում, այլ ոմանք են շտապում:

«Ազատություն»․ - Հաշվի առնելով, որ ապրիլի 9-ից սկսած յոթնօրյա ժամկետում պետք է սկսվենք առաջադրումները և ըստ կանոնակարգ օրենքում կատարված նոր փոփոխության, ժամկետի ավարտի հաջորդ իսկ օրը պետք է տեղի ունենան ընտրությունները, այսինքն 17-ին, ըստ էության, պիտի տեղի ունենան ընտրությունները:

Շարմազանով․ - Ընտրությունները չէ՝ հարցի քննարկումը, որովհետև կարող է հարցը երկար քննարկվել և ընտրությունները լինեն հաջորդ օրը, բայց հարցի քննարկումը, ամենայն հավանականությամբ, կլինի ամսի 17-ին:

Ինչ վերաբերում է հարցին, թե կոնկրետ ո՞ր օրը տեղի կունենան բուն ընտրությունները, ապրիլի 17-ին, թե հաջորդ օրը, Էդուարդ Շարմազանովն ասաց, թե ամեն ինչ կախված է ելույթների ու հարցերի ծավալից: Ի դեպ, եթե ընդդիմադիր «Ելք»-ը նույնպես վարչապետի թեկնածու առաջադրի, ապա և՛ իշխանության, և՛ ընդդիմության թեկնածուները ապրիլի 17-ին հանդես կգան ծրագրային ելույթներով: Նկատենք, ի տարբերություն նախագահի ընտրությանը, վարչապետի ընտրությունը փակ, գաղտնի չի լինելու, այսինքն ցուցատախտակի վրա կպատկերվի, թե 105 պատգամավորից ով ինչպես է քվեարկել: Ի դեպ, Ազգային ժողովի փոխնախագահը ծիծաղելի համարեց այն պնդումները, թե իշխանությունը վարչապետի ընտրությունը հատուկ բաց կարգով է սահմանել, որպեսզի այդ կերպ վերահսկի կուսակցության որոշմանը չենթարկվող Հանրապետական պատգամավորներին: Ինչպես Շարմազանովը ռուսերեն ձևակերպեց՝ Հանրապետականում Перебежчик-ներ՝ այսինքն դավաճաններ, չկան:

Շարմազանով․ - Խի՞, Հանրապետական կուսակցությունը ինքը իր թեկնածուին չի՞ վստահում: Թող գնան այլ կուսակցություններում перебежчик-ներ փնտրեն: Մեր՝ Հանրապետական կուսակցությունում перебежчик-ներ չկան:

«Ազատություն»․ - Պարո՛ն Շարմազանով, չնայած ասում եք, որ դեռ հարցը չի քննարկվել, բայց ընդդիմությունը վստահ է, որ Սերժ Սարգսյանն է առաջադրվելու վարչապետի պաշտոնում և մի շարք հիմնավորումներ են ներկայացնում: Մասնավորապես՝ Հանրապետականից հնչող հայտարարությունները, մասնավորապես, որ հենց Սերժ Սարգսյանի համար է վարչապետի պաշտոնը ուժեղացվում և սուպերվարչապետական երկիր ստեղծվում և նաև տեսակետ հնչեց, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել իր նախագահական առանձնատունը և սա ևս մեկ ապացույց է, որ նա չի հեռանալու, ըստ էության, այս դեպքում արդեն վարչապետի պաշտոնից, այսինքն շարունակելու է պաշտոնավարումը:

Շարմազանով․ - Հանրապետական կուսակցությունը, ինչպես պահանջի Հայաստանի Հանրապետության շահը, այնպես էլ կառաջնորդվի: Մենք բացառապես առաջնորդվելու ենք պետական շահով և ազգային շահով, և ով լավագույնս կարողանա կատարել Սահմանադրությամբ վարչապետին պատվիրված լիազորությունները, նրան էլ կառաջադրենք Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու:

«Ազատություն»․ - Իսկ ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանը չի լքելու իր նախագահական առանձնատունը ապրիլի 9-ից հետո էլ:

Շարմազանով․ - Բոլոր հարցերին կպատասխանենք մինչև ապրիլի 16-ը, երբ առաջադրենք մեր վարչապետի թեկնածուին:

Հավելենք, որ խորհրդարանում 9-ը հոգանոց ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը նույնպես առաջադրելու է վարչապետի թեկնածու, այս հարցը միանշանակ է, սակայն թե ով կլինի այդ թեկնածուն, դեռևս պարզ չէ: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը, վարչապետի թեկնածուի հարցը դեռևս չեն քննարկել:

Ի դեպ, ավելի վաղ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն «Ազատությանն» ասել էր, թե իրենք վարչապետի 3 թեկնածու ունեն՝ Արամ Սարգսյան , Էդմոն Մարուքյան, և Նիկոլ Փաշինյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG