Կանանց տոնի նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաև բազմազավակ ծնողների: Հանրապետության նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց գալիք տոնի առթիվ:
Նախագահը նաև պետական բարձր պարգևներով խրախուսել է նստավայրում հյուրընկալված կանանց, իսկ բազմազավակ ծնողներին՝ ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, զավակների ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Ծնողական փառքի մեդալով պարգևատրելուց բացի, խրախուսել է դրամական պարգևով:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել արարողությանը մասնակցող կանանց հետ: Նախագահն առաջարկել է նրանց ներկայացնել իրենց տեսակետները, նկատողությունները, առաջարկությունները և պետության կողմից կանանց դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում և պետական կառավարման համակարգում ավելի մեծացնելու, ներգրավվածությունը խրախուսելու ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ: