Մասնավորապես, Ժողովրդական արվեստի կենտրոնում մարտի 3-ին բացվել է ժողովրդական վարպետների ստեղծագործությունների ցուցահանդես: Մեկշաբաթյա ցուցահանդես-վաճառքն արվեստասերներին կարող է հետաքրքրել ամենտարբեր աշխատանքներով՝ փայտափորագրություն, արծաթագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կանանց տոնական մեկամսյակի կապակցությամբ երեկ բացվեց մի շատ ուշագրավ ցուցահանդես, որտեղ ներկայացված են հինգ գեղանկարչուհիների աշխատանքներ:
Նկարչի տանը կանանց տոների կապակցությամբ արդեն ավանդական դարձած ցուցահանդեսը առավել համապարփակ է ներկայացնում այսօր Հայաստանում ապրող ու ստեղծագործող գեղանկարչուհիների ստեղծագործությունները:
Վաղը երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ Շառլ Ազնավուրի հրապարակում «Բեմում միայն տղամարդիկ են և միայն կանանց համար» խորագրով համերգ է նախապատրաստել Մշակույթի նախարարությունը՝ հայտնի երգիչների ու պարային խմբերի մասնակցությամբ: Հանդիսատես ու անցորդ կանանց ծաղիկներներ են բաժանվելու:
Մի շատ ուշագրավ նախաձեռնությամբ էլ կանանց միամսյակի կապակցությամբ հանդես է եկել «Music Of Armenia» կազմակերպությունը, որի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանը մեր զրույցի ընթացքում ընդգծում էր, որ իրենց նախաձեռնության անուն արդեն իսկ խոսուն է՝ «Կանանց երաժշտական միամսյակ»․ - «Կմեկնարկի մարտի 8-ին Արմինե Գրիգորյանին նվիրված համերգով, և կավարտվի ապրիլի 7-ին Դիլիջանի միջազգային դպրոցում: Ընթացքում մենք ունենք 5 հատ տարբեր միջոցառում: Ելույթ կունենա նաև Լիլիթ Պիպոյանը մարտի 29-ին: Բոլոր միջոցառումները անվճար են: Նաև ունենք միջոցառում Անժելա Աթաբեկյանի հետ, ով այդ տարի կտոնի իր 80-ամյակը, ինքը մեր այս տարվա «Կանանց երաժշտական միամյակի» հոբելյարն է: Ծրագրի շրջանակներում մենք ունենք կրթաթոշակ 7-17 տարեկան աղջիկների համար, որը տրվում է երկու կատեգորիաներում՝ դասական և ժողովրդական»:
Հարցին, թե ինչու են ընտրվել հատկապես նշված երաժիշտները, Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց․ - «Ամեն մեկը ունի ինչ-որ մի խորհուրդ: Օրինակ, Լիլիթ Պիպոյանը ներկայացնում է հեղինակային մշակույթը, որը որ Հայաստանում բավական զարգացած է, բայց ոչ այնքան, ինչքան արտերկրում, քանի որ մենք ավելի շատ կամ դասական ենք կատարում, կամ ժողովրդական»:
Այս նախաձեռնության առաջին համերգը կկայանա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որտեղ արվեստասերները մարտի 8-ին կունկնդրեն անվանի դաշնակահարուհի, թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին:
«Ազատության» հետ զրույցում Գրիգորյանն ասաց․ - «Թանգարանը սիրով արձագանքում է բոլոր գեղեցիկ առիթներին, որպեսզի ավելի ներգրավի և՛ այցելուների ուշադրությունը դեպի թանգարանը, և՛ դեպի հրաշալի խաչատրյանական մեղեդիները: Ես շատ ուրախ եմ, որ մենք նույնպես ներգրավված ենք այս հրաշալի ծրագրի մեջ»:
Ծրագրին մասնակից հեղինակային երգի մեր անվանի ատարողներից երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Սա էն թեթև տոներից է, որ մենք ունենք: Պայծառ, թեթև, ոչ շատ բաների պարտադրող, բայց հաճելի»: