Թեև ներկայիս ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, այդուհանդերձ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:
Անցյալ տարվա օգոստոսին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական խմբին միացած Շոֆերը վերահաստատում է՝ Վաշինգտոնը աջակցում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և շարունակելու է ակտիվ փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր:
Դիվանագետի խոսքով՝ Միացյալ Նահանգների երկարաժամկետ քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի մյուս համանախագահները, կայանում է նրանում, որ արդարացի կարգավորումը հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների վրա՝ «ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտը և դրա հիմնական սկզբունքները՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք»:
«Ժնևի հանդիպումից սկսած մենք մեծ աշխատանք են տարել կողմերի հետ՝ ստանձնած պարտավորությունների կյանքի կոչման համար, և շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ», - ասել է ամերիկացի համանախագահը՝ առանց հավելյալ մանրամասների:
Դեսպան Շոֆերի խոսքով՝ համանախագահները շարունակում են աշխատել կողմերի միջև բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպելու և քննարկումները վերսկսելու ուղղությամբ: Դիվանագետը, սակայն, հստակ ժամկետներ չի նշել ինչպես այդ հանդիպումների, այնպես էլ միջնորդների տարածաշրջան հաջորդ այցի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան էին այցելել մեկ ամիս առաջ:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հնարավոր հանդիպմանը, ապա Բաքվում չեն բացառել, որ դա կարող է տեղի ունենալ մարտին և ապրիլին երկու երկրներում նախատեսված ընտրական գործընթացներից հետո: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այդ հայտարարությունը, սակայն, պաշտոնական Երևանը չի հաստատել:
«Թրենդ»-ի հետ զրույցում ամերիկացի համանախագահը անդրադարձել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցին: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստած փաստաթղթին, որով կարգավորվելու է լրացուցիչ 7 դիտորդի գործունեությունը: Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը դեռևս հունվարին հայտնել էր, որ մնացել է համաձայնեցնել միայն տեխնիկական դետալները՝ ընդլայնման մեխանիզմը գործարկելուց առաջ:
Ամերիկացի համանախագահի համոզմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջազգային դիտորդների լիազորությունների ընդլայնումը ԵԱՀԿ-ին կօգնի իրականացնել իր մանդատը՝ ժամանակին և արդյունավետ:
Պատասխանելով այն հարցին, թե որքան մոտ են Երևանն ու Բաքուն կայուն խաղաղության հասնելուն, դիվանագետն ասել է՝ գոյություն չունեն հակամարտության կարգավորման պարզ ուղիներ:
«Ես ԵԱՀԿ Մինսկի խմբին միացել եմ անցյալ տարվա օգոստոսից, այս ժամանակահատվածում տարբեր մարդկանց հետ եմ հանդիպել, և չնայած տարբեր լավ առաջարկներ և գաղափարներ եմ լսել՝ հակամարտության կարգավորման պարզ ճանապարհներ գոյություն չունեն: Իրատեսական չէր լինի ակնկալել, որ լուրջ բեկում կարող է լինել առանց մեծ աշխատանքի և նախապատրաստության, ինչը ժամանակ է պահանջում»,- ադրբեջանական գործակալությանը ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: