Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որևէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան


Դավիթ Հարությունյան, արխիվ
Դավիթ Հարությունյան, արխիվ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի համոզմամբ, նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որևէ հիմնավորում չունի:

Նշենք, որ ընդդիմադիր «Ելք»-ը, ինչպես նաև երկուտասնյակից ավելի հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ կասկածի տակ են դնում Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը` պահանջելով, որ նա ներկայացնի Մեծ Բրիտանիայի պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթ այն մասին, որ 2011 թվականի դեկտեմբերի 2-ից դադարեցրել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը և վերջին վեց տարում հանդիսանում է միայն Հայաստանի քաղաքացի:

Նկատենք՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Հայաստանի նախագահ կարող է ընտրվել այն անձը, ով վերջին վեց տարում հանդիսանում է միայն Հայաստանի քաղաքացի:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մինչդեռ վստահեցնում է՝ Սահմանադրության պահանջի համար լիովին բավարար է, որ Արմեն Սարգսյանը դիմում է գրել և հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, իսկ թե երբ են այդ երկրի իշխանությունները հարցին լուծում տվել, ապա դա, ըստ նախարարի, էական չէ:

Հարությունյան. - Կարծում եմ, որ լեգիտիմության թիրախավորումը՝ այն աղմուկը, որ հանվում է, իրականում որևէ հիմնավորում չունի։

«Ազատություն». - Ի վերջո հանրության այդ կասկածները փարատելու համար չպե՞տք է հրապարակվի Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից ներկայացված փաստաթուղթը, որ Արմեն Սարգսյանը 2011 թվականի դեկտեմբերի 2-ից այլևս չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի և միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Հարությունյան. - Հիմա ուշադիր լսեք՝ խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ այլ երկրի վարչական գործընթացների հետ։

«Ազատություն». - Հիմքը ո՞րն է, մեզ հետաքրքիր են հիմքերը։

Հարությունյան. - Ուզո՞ւմ եք լսել՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից ինձ համար միակ հիմքը դա անձի դիմելն է քաղաքացիությունից հրաժարվելու։

«Ազատություն». - Որտե՞ղ է դա գրված։

Հարությունյան. - Ես Ձեզ մեկնաբանում եմ այն, ինչպես ես կարդում եմ մեր Սահմանադրությունը, և որևէ այլ երկրի գործընթացները և փաստաթղթերը չեն ինձ համար հիմնավորումը, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից համապատասխան դիմում ներկայացնելն ինձ համար լիովին բավական է, որպեսզի ես համարեմ, որ անձը հրաժարվել է այդ երկրի քաղաքացիությունից։

«Ազատություն». - Այսինքն՝ եթե Արմեն Սարգսյանը 2011 թվականի դեկտեմբերի 2-ին արդեն ներկայացրել և հրաժարվել է քաղաքացիությունից, անկախ նրանից, թե Մեծ Բրիտանիայի իշխանությունները քանի տարի հետո են նրան ազատել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, արդեն իսկ դիմումը Հայաստանի համար բավարա՞ր է, որ նա հանդիսանա միայն Հայաստանի քաղաքացի։

Հարությունյան. - Ես միայն այդպես կմեկնաբանեի մեր իրավունքը, որովհետև նորից բացատրեմ նաև ինչու, որովհետև Միացյալ Թագավորության օրենսդրությունը, կամ որևէ այլ երկրի օրենսդրությունը, մեզ համար պարտադիր չէ, և իմ մեկնաբանությունը մեր Սահմանադրությանը հետևյալն է՝ Անգլիայի ֆորմալ գործընթացները, որևէ այլ երրորդ երկրի ֆորմալ գործընթացները մեզ համար որևէ իրավական նշանակություն չունեն։ Մեզ համար իրավական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձի գործողությունը, որի հետևանքով պետք է լինի իրավական հետևանքը։ Այսինքն՝իմ կարծիքով, կարևոր է անձի դիմումը, այլ ոչ թե բյուրոկրատական և վարչական գործընթացը Միացյալ Թագավորությանը, որը կարևոր է Միացյալ Թագավորության համար, բայց ոչ Հայաստանի Հանրապետության։

«Ազատություն». - Որտե՞ղ մենք կարող ենք Սահմանադրության մեջ տեսնել, որ դիմումը միայն բավարար է։

Հարությունյան. - Իսկ որտե՞ղ Դուք կարող եք տեսնել Սահմանադրության մեջ, որ Միացյալ Թագավորության օրենսդրությունն է Հայաստանի Հանրապետությունում գործում։ Հենց որ Դուք ցույց տաք, որ մեր Սահմանադրությունը նախատեսում է այլ երկրի օրենսդրության գործողությունը Հայաստանում, ես Ձեզ ցույց կտամ, թե ինչու մեր Սահմանադրությունն իրականում պետք է կարդալ լրիվ այլ ձևով։

«Ազատություն». - Ստացվում է, որ Ձեր ասածն էլ չկա Սահմանադրության մեջ։

Հարությունյան. - Իմ ասածը կա Սահմանադրության մեջ, որովհետև մենք ինքնիշխան պետություն ունենք, գործում ենք էս երկրում և մեր հարաբերությունները մեր քաղաքացու հետ են, մեր իրավազորությունը տարածվում է մեր քաղաքացու վրա, բայց մեր իրավազորության վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ մեկ այլ ինքնիշխան պետություն։

Չնայած արդարադատության նախարարի ներկայացրած այս հիմնավորումներին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ լեգիտիմության հետ կապված կասկածները փարատելու համար Արմեն Սարգսյանը պետք է հրապարակի Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից տրված տեղեկանքը: - «Այս փաստաթղթի բացակայության պարագայում ավելի են խորանում քաղաքացիության ցենզը չբավարարելու հետ կապված հանրության կասկածները, ինչպես նաև բացահայտ կերպով դրսևորվում է Արմեն Սարգսյանի քամահրական ու անհարգալից վերաբերմունքը Հայաստանի Սահմանադրության և քաղաքացիների նկատմամբ», ֊ ասված էր հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ:

Ոստիկանությունը Արմեն Սարգսյանից տեղեկանք չի պահանջել

Ի դեպ, նույն խնդրով, մարտի 5֊ին ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պահանջելով պատասխանել հետևյալ հարցերին․ որո՞նք են այն փաստաթղթերը, որոնք ոստիկանությանը հիմք են տալիս պնդելու, որ Արմեն Սարգսյանը վերջին վեց տարում հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և որո՞նք են այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ Արմեն Սարգսյանը առնվազն վերջին վեց տարում Մեծ Բրիտանիայի քաղաքացի չի հանդիսանում։ Փաշինյանը խնդրել է նաև տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները։

Ոստիկանությունից Փաշինյանին դեռևս չեն պատասխանել, փոխարենը՝ այսօր «Ազատության» հետ զրույցում Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը բացատրեց, թե ինչի հիման վրա են տեղեկանք տրամադրել, ըստ որի Արմեն Սարգսյանը վերջին 6 տարում միայն Հայաստանի քաղաքացի է: Մասնավորապես, Ոստիկանությունը հիմնվել է Բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվության վրա:

Բիչախչյան․ - Ես տեղեկատվություն տրամադրելու համար հիմք եմ ընդունում Բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը, որի համաձայն Արմեն Սարգսյանը համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

«Ազատություն»․ - Այսինքն՝ ռեգիստրում տեղ գտած այդ տեղեկատվությունը ոստիկանության համար բավարա՞ր է, որպեսզի Դուք հավատաք, որ այդ անձը այլ երկրի քաղաքացի չէ:

Բիչախչյան․ - Այլ տեղեկատվության բացակայությունը արդեն իսկ ինձ համար բավարար է, որ անձին տրամադրեմ վերջին 6 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին տեղեկանքը: Որպես իրավասու պետական մարմին ինձ համար հիմք չի հանդիսանում, որպեսզի ես ռեգիստրում առկա տեղեկատվությունը դնեմ կասկածի տակ: Նմանատիպ եղանակով տրամադրվել է նաև պատգամավորներին տեղեկանքներ:

«Ազատություն»․ - Այսինքն, Դուք որևէ անհրաժեշտություն չեք տեսնում դիմել Մեծ Բրիտանիայի իշխանություններին, պահանջել նրանցից տեղեկանք առ այն, որ Արմեն Սարգսյանը 2011 թվականի դեկտեմբերի 2-ից դադարեցրել է իր քաղաքացիությունը այդ երկրին:

Բիչախչյան․ - Ինձ համար պաշտոնական տեղեկատվությունը Բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունն է, որը անհրաժեշտ և բավարար պաշտոնական տեղեկատվություն է, որպեսզի տրամադրվեր նման տեղեկանք:

«Ազատություն»․ - Ձեզ օրենքը թո՞ւյլ է տալիս միայն պետական ռեգիստրի հիման վրա տալ տեղեկանք․․․

Բիչախչյան․ - Օրենքով որևէ պարտականություն դրված չէ, որ Անձնագրային և վիզաների վարչությունը պարտավոր է տարբեր երկրներ հարցումներ կատարելու՝ պարզելու՝ անձը հանդիսանո՞ւմ է այդ երկրի քաղաքացի, թե ոչ:

«Ազատություն»․ - Իսկ Ոստիկանությունը Արմեն Սարգսյանից նման տեղեկանք նույնպես չի՞ պահանջել:

Բիչախչյան․ - Ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG