Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հավատում է, որ ապամիջուկայնացման բանակցություններ վարելու Հյուսիսային Կորեայի պատրաստակամությունը «անկեղծ է»:
«Կարծում եմ, որ նրանք անկեղծ են: Կարծում եմ, որ նրանք անկեղծ են նաև պատժամիջոցների պատճառով»,- լրագրողներին ասել է Թրամփը Հարավային Կորեայի հայտարարությունից հետո, թե Փհենյանը կգնա բանակցությունների Միացյալ Նահանգների հետ և կդադարեցնի միջուկային փորձակումները բանակցությունների ընթացքում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ասել էր, որ Հարավային և Հյուսիսային Կորեաների կողմից հնչած հայտարարությունները շատ դրական են, սակայն դրանք կարող են «կեղծ հույս լինել»:
Հյուսիսային Կորեան դեռ չի հաստատել Սեուլի հայտարարությունների մանրամասները, համաձայն որոնց՝ ամիսներ շարունակված սպառնալիքներից և վիրավորանքներից հետո Վաշինգտոնի և Փհենյանի միջև բացվում են երկխոսության դռները: