Մատչելիության հղումներ

Փաշինյանը չի բացառում, որ 2-րդ և 3-րդ նախագահները միմյանց դեմ ցուցմունք տան


Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին՝ պահանջելով «Մարտի 1»-ի գործով հարցաքննել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս պարզաբանի՝ տասը տարի առաջ որտեղի՞ց էր ստացել այն տեղեկությունը, թե «ցուցարարները կրակել են ոստիկանների և զինվորների ուղղությամբ»:

«Երբ 2008 թվականի մարտի 1-ին, կամ 2-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ «ցուցարարների շարքերից, կամ որոշ ցուցարարներ մեքենաների հետևից դուրս էին գալիս և կրակում զինվորների վրա, նորից թաքնվում», ահա այս հայտարարությունն ի՞նչ փաստական նյութի վրա է հիմնված։ Գլխավոր դատախազին գրությամբ գրել եմ, միջնորդել եմ, պահանջել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության և պարզաբանի՝ ինչի՞ վրա էր հիմնված իր այդ տեղեկությունը», - ասաց Փաշինյանը։

Ընդդիմադիր գործիչը չի բացառում, որ գուցե երկրորդ նախագահին սխալ են զեկուցել։ Դա պետք է պարզի նախաքննությունը, ասում է նա։

«Այդ զեկուցողին նույնպես պետք է հրավիրել հարցաքննության և պարզել, թե որտեղի՞ց նրան այդ տվյալը և այդպես շարունակ։ Ես կարծում եմ, որ սա կարևորագույն գործողություն է 2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունները բացահայտելու և, մասնավորապես, այդ օրվա սպանությունները բացահայտելու առումով», - ասաց Փաշինյանը։

Դատախազին դիմելու մասին իր էջում տեսագրություն հրապարակելուց հետո, «Ազատության» հետ զրույցում, պատգամավորը պարզաբանեց, որ Քոչարյանին հարցաքննելու պահանջ նորից ներկայացնում է, որովհետև կա նոր ազդակ՝ այժմ նաև իշխող կուսակցությունն է խոսում «Մարտի 1»-ին վերաբերող հարցերի պատասխանները երկրորդ նախագահից ստանալու անհրաժեշտության մասին։

«Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը բարձրացրեց, խոսեց ընդդիմադիր տեսակետով, ինչը պարզ դարձավ, որ ի վերջո ընդդիմությունը ճիշտ է ասում տասը տարի՝ «ո՞ւր է, էդ որտեղի՞ց էին կրակում», - ասաց Փաշինյանը։

Ազգային ժողովում 2008 թվականի «Մարտի 1»-ի վերաբերյալ լսումների ժամանակ իշխող կուսակցության ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը նկատել էր, որ իրենց խումբն այդպես էլ չէր հայտնաբերել որևէ հրազենային վիրավորում ստացած ոստիկանի, մինչդեռ երկրորդ նախագահն արտակարգ դրությունը հիմնավորելիս նշել էր, թե ավտոմատով կրակում էին իրավապահների ուղղությամբ։

Այս ելույթից հետո մամուլում հայտնվեցին տեսակետներ, թե Հանրապետականը «Մարտի 1»-ի մեղքի սլաքները փորձում է ուղղել երկրորդ նախագահի ուղղությամբ։

Փաշինյանն ասում է՝ անհնար է տարանջատել «Մարտի 1»-ի հարցում երկրորդ և երրորդ նախագահների պատասխանատվությունը, սակայն դատախազին ինքը դիմել է կոնկրետ հարցով։

«Քրեական դատավարության օրենսդրությունը պահանջում է, որ եթե որևէ մեկին միջնորդելու հարցաքննության խնդիր է ծագում՝ վկա կանչելու և այլն, պետք է շատ հստակ ձևակերպել, թե ի՞նչ հարց պարզելու համար է վկային հարցաքննություն կանչում։ Հիմա մենք ունենք շատ կոնկրետ ձևակերպված հարց. էստեղ խնդիրը կոնկրետ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի անձն է, այլ նրա արած հայտարարությունը, այսինքն՝ մենք ուրիշ այդպիսի կոնկրետ հայտարարություն չունենք», - ասաց Փաշինյանը։

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավարը չի բացառում, որ հարցաքննվելու դեպքում երկրորդ և երրորդ նախագահները կարող են միմյանց դեմ ցուցմունքներ տալ։

«Եվ, մեր մեջ ասած, ես դեմ չեմ, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրար դեմ ցուցմունքներ տան։ Ի վերջո, Սերժ Սարգսյանը վարչապետ է եղել էդ ժամանակ, իսկ Ազգային անվտանգությունը, Ոստիկանությունը Կառավարությանն առընթեր մարմին են, Պաշտպանության նախարարությունն էլ կառավարության կազմում է», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը։

Փաշինյանը գլխավոր դատախազին ուղղված իր նամակով պահանջում է նաև «Մարտի 1»-ի գործին կցել նաև նախկին փաստահավաք խմբի երկու անդամների՝ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի հեղինակած զեկույցը։

Զեկույցի համահեղինակ Քոչարյանը վստահ է՝ զեկույցը կարող է օգնել նախաքննական մարմնին տասը սպանությունների բացահայտման աշխատանքներում էական առաջընթաց գրանցել։

«Լսումների ժամանակ էդ նույն հարցը բարձրացրել եմ դատախազության ներկայացուցչի առաջ, և զեկույցի մեկ կրկնօրինակն էլ տվել եմ պարոն Գևորգ Կոստանյանին», - ասաց Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG