Մատչելիության հղումներ

Վերին Լարսում այս տարի կմեկնարկեն թունելի կառուցման աշխատանքները. նախարար


Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյան, արխիվ
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյան, արխիվ

Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնության են եկել. այս տարի Վերին Լարսում վերջապես կմեկնարկեն թունելի կառուցման աշխատանքները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր հայտնեց տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ նշելով, որ թունելի նախագծման փուլն ավարտին է մոտենում, իսկ մինչև այդ արդեն հստակ պայմանավորվածություն կա՝ անցակետը կարդիականացվի, կընդլայնվի նաև ճանապարհը։

«Թունելի կառուցումն, իհարկե, ավելի ուշ կավարտվի, որովհետև դա ժամանակ է պահանջում, բայց մնացած մոդեռնիզացիան հուսով ենք՝ մինչև տարվա վերջ», - ասաց Մարտիրոսյանը։

Տրանսպորտային ոլորտին առնչվող թեմաները քննարկվեցին նաև մարտի սկզբին, երբ Հայաստան այցելեց Վրաստանի վարչապետը։ Բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ Վերին Լարսի անունը թեև ուղիղ չտրվեց, բայց վարչապետ Կարեն Կարապետյանը շեշտեց՝ երկու երկրների համար տրանսպորտի ոլորտը հատկապես կարևորներից է։

Հիշեցնենք՝ ուղիղ մեկ տարի առաջ՝ դեռ 2017 փետրվարին Թբիլիսի կատարած այցի ժամանակ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Լարսին այլընտրանք է լինելու, սակայն փակագծերը չէր բացել։

Իսկ այս հունվարին արդեն մոսկովյան ՛՛Коммерсант՛՛ պարբերականի հետ զրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խոստովանել էր, որ Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի գործարկման առնչությամբ Հայաստանը խնդրանքով դիմել է Ռուսաստանին:

«Ազատության» հարցին, թե Վրաստանի վարչապետի երևանյան այցի ժամանակ անդրադարձ եղե՞լ է այլընտրանքային ճանապարհին, և ի՞նչ նորություններ կան այս հարցում, տրանսպորտի նախարարը պատասխանեց. - «Այդ թեման բոլորի ուշադրության կենտրոնում է, բայց ես նորից ցանկանում եմ նշել, որ դա ռուս-վրացական քաղաքական հարաբերություններ են։ Իհարկե Հայաստանն աշխատում է այլընտրանքային ճանապարհներ գտնելու ուղղությամբ, բայց ես նորից եմ կրկնում՝ այլընտրանքը միայն Հյուսիսային Օսիայի և Աբխազիայի ճանապարհները չեն, որը որ Դուք նշեցիք։ Մենք այսօր ունենք նաև այլընտրանքային՝ լաստանավային ճանապարհ, որը որ գործում է և գործում է շատ հաջող, և բեռների մեծ մասն անցնում են այդ միջանցքով», - պատասխանեց նախարարը։

Արդեն երկրորդ օրը Երևանում անցկացվող «Տրասեկա» միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցում է նաև վրացական պատվիրակությունը։

«Ազատության» հարցին՝ եթե Լարսը բարեկարգվի, թունելն էլ կառուցվի, ապա հնարավո՞ր է, որ Հարավային Օսիայով ու Աբխազիայով անցնող այլընտանքային ճանապարհներ ունենալու հարցն այլևս չքննարկվի, Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման փոխնախարարը Գեորգի Չերկեզեշվիլին պատասխանեց. - «Այս պահին կառավարությունն անում է լավագույնը ենթակառուցվածքների զարգացման համար այն հատվածներում, որտեղ մենք ունենք լիազորություններ։ Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, ապա դա քաղաքական քննարկումներ է ենթադրում, և այս պահին փորձագետների մակարդակով քննարկումներ չկան»։

Մինչ Վրաստանը կլուծի քաղաքական հարցերը, Հայաստանի հարավային հարևանն է ցանկություն հայտնում ավտոճանապարհներից զատ նաև երկաթուղային կապ ստեղծել։

Համաժողովին մասնակցող Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մեհթի Աշրաֆի խոսքով՝ «իրանական կողմից պատրաստակամություն կա, մնում է Հայաստանը հստակ քայլեր անի երբեմնի երկաթուղային կապը վերականգնելու ուղղությամբ»։

«Իրանական կողմից երկաթգիծը հասնում է մինչև Հայաստանի հետ սահմանը և մենք որևէ խնդիր չունենք այն երկարացնելու համար։ Այժմ Հայաստանը պետք է որոշում կայացնի, արդյո՞ք ցանկություն կամ հնարավորություն ունի, որ այդ գիծը միանա իրեն, թե՞՝ ոչ», - ասաց Մեհթի Աշրաֆը։

Նշենք, որ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին ժողովրդին և Ազգային Ժողովին հղված ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր․ - «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»։ Նախորդ 9 տարիներին այդ ծրագիրն այդպես էլ մնաց թղթի վրա:

Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ երկաթգծի հարցը նախօրեին քննարկվել է Տրանսպորտի նախարարությունում։

Ըստ պետական գերատեսչության հաղորդագրության, Հայաստան-Իրան երկաթգծի նախագծման աշխատանքներով և կառուցմամբ հետաքրքրված է Չինաստանի ինժեներաշինարարական կորպորացիան։

Նախարար Մարտիրոսյանը պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկել Չինաստանի առևտրի նախարարության հետ: Չինական ընկերության ներկայացուցիչները նշել են, որ դրական արդյունքի դեպքում հնարավոր է այն ընդգրկվի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG