Ադրբեջանական իշխանությունների քարոզչական ամենահայտնի խոսափողը համարվող ANS հեռուստաընկերությունը, որը 2016 թվականին կորցրել էր վստահությունը և զրկվել հեռարձակման իրավունքից, եթեր է վերադառնում նոր՝ Real TV անվամբ:
Ինչպես նկատում է ադրբեջանական անկախ մամուլը, առաջին հայացքից այն ասոցացվում է ադրբեջանական «Ռեալ» ընդդիմադիր շարժման հետ, մինչդեռ հեռուստաընկերությունը ղեկավարելու է տարիներ շարունակ Իլհամ Ալիևի վարչակազմին մեծարելու և դրա ընդդիմախոսներին պախարակելու գործը անթերի կատարած ANS-ի փոխնախագահը՝ Միրշահին Աղաևը:
«Թուրան» գործակալության տվյալներով՝ նոր հեռուստաընկերությունն ունենալու է լրատվական ուղղվածություն, ամբողջովին ֆինանսավորվելու է Ադրբեջանի կառավարության կողմից, որն էլ որոշելու է լրատվամիջոցի քաղաքականությունը:
Ադրբեջանում, նշենք, գործում են ավելի քան մեկ տասնյակ հեռուստաընկերություններ, որոնք, տարբեր գնահատականների համաձայն, հիմնականում վերահսկվում են իշխանությունների կողմից և ֆինանսավորվում պետական միջոցներից: Ադրբեջանի քաղաքական ընդդիմությունը մշտապես դժգոհում է այդ լրատվամիջոցների եթերներն իրենց համար անհասանելու լինելուց, ավելին՝ ընդդիմության ցանկացած գործողություն մատուցվում է ծայրահեղ բացասական լույսի ներքո:
1991-ից գործող և իրեն հետխորհրդային տարածքում առաջին անկախ ու մասնավոր հեռուստաընկերություն հռչակած ANS-ը, հիշեցնենք, փակվել էր պաշտոնական Անկարայի պահանջով: Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, հայտնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին ռեպորտաժի անոնսն էր, որը եթեր հեռարձակելով` հեռուստաընկերությունը իր լսարանին տեղեկացրել էր ավելի ընդարձակ տեսանյութի մասին, որը նախատեսվում էր ցուցադրել ավելի ուշ: Թուրքական իշխանությունների ամենաոխերիմ թշնամին համարվող Գյուլենի հետ հարցազրույցը նկարահանվել էր Միացյալ Նահանգներում՝ Թուրքիայում 2016-ի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կանխման հենց հաջորդ օրը: