Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով փոխտեղակալին


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 5-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական և բիզնեսի հարցերով փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսին:

ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունները և կարևորել է բարձրաստիճան շփումները, որոնք լավ առիթ են ընձեռում երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերը քննարկելու համար: Այս համատեքստում ԱԳ նախարարը նշել է, որ անցյալ ամիս Երևանում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ում հետ քննարկվեցին նաև առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման հնարավոր ուղիները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրայան ՄաքՖիթերսը նշել է. ֊ «Տնտեսական և առևտրային կապերն օգնում են ձևավորել միավորումներ ու գործընկերություններ, և ինձ գոհացնում են մեր համատեղ ջանքերն ուղղված առևտրի ծավալների ընդլայնմանը և Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանմանը: Մենք կուզենայինք, որ Հայաստանն ակտիվորեն օգտվի Արտոնությունների ընդհանրացված համակարգի ներքո ընձեռված հնարավորություններից»:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի առավել խթանմանը, համապատասխան իրավապայմանագրային հիմքի ընդայմանն առնչվող հարցեր, կարևորել են Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի և հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ավելացել են՝ միաժամանակ ընդգծելով, որ հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժը հնարավոր կլինի համատեղ քայլերով առավել արդյունավետ օգտագործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG