Մատչելիության հղումներ

Պուտինի օգնական․ Ռուսաստանը տեխնիկապես պատրաստ է անջատել համաշխարհային համացանցը 


«Ռուսաստանը տեխնիկապես պատրաստ է անջատել համաշխարհային համացանցը, սակայն գործընթացը ցավոտ կլինի», - ռուսաստանյան НТВ հեռուստաընկերության եթերում այսօր հայտարարել է ՌԴ նախագահի համացանցի զարգացման հարցերով օգնական Գերման Կլիմենկոն:

Ռուսաստանում վերջին շրջանում հաճախ են խոսում ինտերնետի անկախության, կամ ինչպես ռուսաստանցի չինովնիկներն են ասում՝ անվտանգության մասին:

Մարտի 1-ի իր ուղերձում նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանի թիվ մեկ խնդիրը տեխնոլոգիական հետամնացությունն է:

Մոսկվայում հաճախ են կարծիքներ հնչում, թե չի կարելի խոսել լիարժեք անվտանգության մասին, երբ իրականում համացանցի բոլոր օղակները արևմտյան են: Այդուամենայնից, ռուսաստանցի չինովնիկները պարբերաբար հայտարարում են, որ երկրի կախվածությունը արևմտյան ինտերնետ ծրագրերից այնքան էլ մեծ չէ:

Այսօր արդեն գործում է համացանցի ռուսաստանյան հատվածը, որը երկրի նախագահի հրամանով հատուկ ստեղծվել է չինովնիկների համար:

Կլիմենկոյի խոսքով՝ եթե հանկարծ Գուգլը կամ Մայքրոսոֆթը որոշեն «անջատել» Ռուսաստանը, Ռուսաստանը կտուժի, բայց «կկարողանա հաղթահարել նման որոշման հետևանքով առաջացախ խնդիրները»:

Այս առումով, ըստ Կլիմենկոյի, ուշագրավ է Չինաստանի համացանցային անկախության օրինակը: Նրա պնդմամբ՝ ամբողջ աշխարհն այսօր ուզում է վերահսկել ինտերնետը, և Ռուսաստանը բացառություն չէ:

Նա հանգստացնում է ռուսաստանցիներն՝ հայտարարելով, թե երկրի իշխանությունները չեն դիմի ծայրահեղ քայլերի, ինչպես, օրինակ, Հյուսիսային Կորեայում կամ Կուբայում:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հանձնարարել էր լրամշակել «Կապի մասին» օրենքը, որը թույլ է տալիս պետության վերահսկել համացանցը: Մշակված օրինագիծը, սակայն, չի ընդունել Ֆինանսների նախարարությունը՝ պատճառաբանելով, որ չկան տվյալներ, թե ինչ բյուջե է անհրաժեշտ այդ փոփոխություններն իրականացնելու համար:

Վլադիմիր Պուտինի նախաձեռնած «Թվային տնտեսություն» ծրագրի շրջանակում ռուսական համացանցի 95 տոկոսն արդեն 2024 թվականին պետք է անցնի բացառապես ռուսաստանյան ցանցերի միջոցով:

Մինչդեռ իրավապաշտպաններն ահազանգում են, որ Ռուսաստանում իշխանությունները փորձում են վերահսկել ինտերնետը և սահմանափակել խոսքի ազատությունը նաև համացանցում:

«Ագորա» միջազգային կազմակերպության տվյալներով, 2017 թվականին Ռուսաստանում արձանագրվել է ինտերնետի սահմանափակման շուրջ հարյուր հազար դեպք:

Միջին հաշվով ամեն օր Ռուսաստանում արգելափակվում է 244 ինտերնետային կայք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG