Մատչելիության հղումներ

«Սերժ Սարգսյանի համար ներդրվում է վարչապետական դիկտատուրա». Նիկոլ Փաշինյան


Հայաստանում ներդրվում է վարչապետական դիկտատուրա և նման համակարգ կարող է ստեղծվել միայն Սերժ Սարգսյանի համար, այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե որտեղի՞ց իրեն այն համոզմունքը, որ Սերժ Սարգսյանը, չնայած արված հայտարարությանը, թե վարչապետ կամ նախագահ չի լինելու, միևնույն է, առաջադրվելու է վարչապետի պաշտոնում։

«Ես Ազգային ժողովում հայտարարություն եմ արել, որ Հանրապետական խմբակցությունը պատրաստվում է Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել և հանրապետականները չեն հերքել դա։ Հաջորդը՝ օրենսդրական փոփոխությունները հուշում են այդ մասին, որովհետև ես Ձեզ ասացի, որ երգիծական ժանրով օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում վարչապետի ընտրությունները մայիսի 2-ից տեղափոխվել են ապրիլի 17-ը, և դա նույնպես հուշում է այդ մասին։ Ի դեպ ասեմ, որ շատերը զարմանում են, ասում են՝ «էդ ո՞նց կարող է լինի, որ օրենսդրական փոփոխություն լինի և դա չնկատվի»։ Տվյալ դեպքում էս փոփոխությունը կատարվել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին կցված նախագծերի փաթեթում, որը ոչ մի կապ չունի վարչապետի ընտրության հետ։ Ահա այս պայմաններում նման փոփոխությունները հնարավոր են դառնում։ Եվ նաև հանրապետականների հայտարարությունները, կարծում եմ, հուշում են մեզ, ակնհայտ են դարձնում, որ Հանրապետականը պատրաստվում է Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել», - ասաց Փաշինյանը։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք հնարավոր համարում է, որ ժողովրդին «Ազատության» հրապարակում հավաքելուց հետո պարզ դառնա, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում առաջադրվել վարչապետի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այդ սցենարը հավանական չի համարում՝ դատելով կատարվող օրենսդրական փոփոխություններից:

«Այո, նման սցենարը ես այս պահին հավանական չեմ համարում, նման սցենար հավանական եմ համարում միայն ժողովրդի ճնշման ներքո։ Եթե Դուք, օրինակ, վաղվա արտահերթի օրենսդրական փաթեթները նայեք, կտեսնեք, որ Հայաստանում այս օրենսդրական փաթեթներով ներդրվում է վարչապետական դիկտատուրայի համակարգը, և թույլ տվեք ասել, որ նման համակարգ կարող է կառուցվել միայն Սերժ Սարգսյանի համար», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Նշենք, որ ապրիլի 9-ին, երբ Սերժ Սարգսյանը վայր դնի նախագահի լիազորությունները և նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնի նախագահի պաշտոնը, նույն օրը կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի:

Ընդորում, Սահմանադրության համաձայն նախագահը անհապաղ է ընդունում կառավարության հրաժարականը: Այդ պահից սկսած խորհրդարանական խմբակցությունները յոթօրյա ժամկետում իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածու:

Ուշագրավ է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում այս հունվարին կատարված փոփոխության համաձայն, վարչապետի ընտրության հարցը խորհրդարանը քննարկելու է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու հաջորդ իսկ օրը: Մինչդեռ մինչև այս փոփոխությունը, վարչապետի ընտրության հարցը քննարկման ենթակա էր թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Այսինքն՝ կատարված փոփոխությամբ արագացվել է վարչապետի ընտրությանը գործընթացը:

Հենց այս հանգամանքն է թույլ տալիս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին պնդել, թե փորձ է արվում Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրել այնպես, որ հասարակությունը չհասցնի մոբիլիզացվել այդ որոշման դեմ:

«Ազատության» հարցին, թե հաշվի առնելով այդ հանգամանքն արդյո՞ք իրեն կհաջողվի ապրիլի 9-ից մինչև 17-ն ակտիվացնել ժողովրդին և մարդկանց դուրս բերել փողոց, Փաշինյանը միանշանակ պատասխան չտվեց. - «Եթե կկարողանանք՝ կկարողանանք, եթե չենք կարողանա, ուրեմն կպարզվի, որ չենք կարող։ Եթե մենք, օրինակ, որոշումների կայացման արդյունքում կունենանք այնպիսի հրապարակ, որը մեզ թույլ կտա ասել, որ դա պատվիրակված հրապարակ է Հայաստանի ժողովրդի կողմից, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ։ Եթե կպարզվի, որ էս խնդիրը չի հուզում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ես ասել եմ, որ մենք ստիպված կլինենք արձանագրել էս ստատուս քվոն», - ասաց Փաշինյանը։

«Տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունն ինքն է ցանկանում առաջադրել Սերժ Սարգսյանին»

Վահրամ Բաղդասարյան, արխիվ
Վահրամ Բաղդասարյան, արխիվ

​Մինչդեռ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է՝ վարչապետի թեկնածության շուրջ որոշում չեն կայացրել՝ հեգնելով, թե տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունն ինքն է ցանկանում առաջադրել Սերժ Սարգսյանին:

«Եթե ընդդիմությունը համոզված է, ինձ թվում է, որ արդեն իրենք են առաջադրում Սերժ Սարգսյանին, մենք նման որոշում չունենք, եթե իրենք առաջարկեն, մենք կքննարկենք այդ հարցը», - ասաց Բաղդասարյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հանրապետականը պայքարի պատրաստվող ընդդիմությանն անակնկալ մատուցի, և չառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, Վահրամ Բաղդասրյանն ասաց, թե ոչինչ բացառված չէ:

«Անակնկալների մի սպասեք, մենք որոշում չունենք և քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Ես նորից եմ կրկնում՝ ամեն օր փոխվում են բաներ, ամեն գիշեր քաղաքականության մեջ զարգացումներին համապատասխան ինչ-որ բաներ կարող են փոխվել, համբերեք, կքննարկենք դրա մասին, մենք Ձեզ կտեղեկացնենք», - ասաց Բաղդասարյանը։

Հավելենք, որ ընդդիմադիր «Ելք» դաշինքում Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում վերարտադրությունը կանխելու ճանապարհային քարտեզի շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են, ինչպես Նիկոլ Փաշինյանը նշեց, վերջնական որոշում դեռևս չունեն, սակայն բոլոր հարցերի պատասխաններն այս շաբաթվա ընթացքում պետք է տրվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG