Մատչելիության հղումներ

Գյումրեցի ատամնաբույժները բողոքում են eHealth համակարգում գրանցվելու պարտադիր պահանջի դեմ


Վաղվանից ուժի մեջ է մտնում Կառավարության որոշումը, որի համաձայն ստոմատոլոգիական ծառայություն մատուցողները պետք է պարտադիր գրանցվեն էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգում (armed.am կայքում) ու այնտեղ գրանցեն բոլոր այցելուներին, այլապես ծառայություն մատուցել չեն կարողանա: Գյումրեցի մի քանի տասնյակ ատամնաբույժներ այսօր եկել էին Շիրակի մարզպետարան՝ փոխանցելու Կառավարությանն ուղղված իրենց դիմում բողոքը։

Ատամնաբույժները պնդում են, որ այդ որոշմամբ Սահմանադրությունն է խախտվում, բացի այդ լրացուցիչ ֆինանսական բեռ է ավելանում, որն էլ կհանգեցնի ծառայության գների բարձրացման: Վաղվանից, ըստ գործող նոր կարգի, հիվանդը ատամնաբուժարան է այցելելու միայն անձնագրով:

«Սահմանադրության լիքը դրույթներ են խախտվում: Օրինակ՝ անձի մասին տեղեկատվության գաղտնիությունը չի ապահովվում: Այսինքն, բուժքույրը, որը այդ համակարգի մուտքանուն ու գաղտնաբառ ունի, կարող է ցանկացածին տեղեկություն վաճառի», ֊ «Ազատության» հետ զրույցում մատնանշեցին ատամնաբույժները: ֊ «Մեզ ստիպում են բավականին մեծ ֆինանսական բեռի տակ մտնել թե՛ իրենց ծրագրի հետ կապված, թե՛ ինտերնետով ապահովելու հետ կապված, թե՛ աշխատողով ապահովելու հետ կապված»:

Գրանցման ու այցելության համար կլինիկան նաև վճարելու է։

«Տասից քսան հոգի սպասարկելու, բուժօգնություն ցույց տալու համար, եթե մինիմալով էլ հաշվենք՝ 13,000 դրամ կլինիկան վճարելու է։ Բայց հիմնականում վճարելու ենք 20,000 դրամ, դրան գումարած պետք է ինտերնետի համար վճարենք՝5-10 հազար։ Անպայման հանգեցնելու է գնաճի», ֊ իրենց ավելացող ծախսերը ներկայացրեցին բողոքող ատամնաբույժները։

Շիրակի մարզպետի տեղակալն ընդունեց ատամնաբույժներին, լսեց, շատ հարցերի հետ համաձայնեց, միևնույն ժամանակ ասաց, որ հարցի լուծումը իրենց իրավասության ներքո չէ։ Ատամնաբույժների դիմում-բողոքը կփոխանցվի Կառավարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG