Մատչելիության հղումներ

Գերմանիայում կառավարական ճգնաժամը հաղթահարված է


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Ավելի քան կես տարի տևած կառավարական ճգնաժամը Գերմանիայում հաղթահարված է: Դա պարզ դարձավ կիրակի օրը, երբ երկրի առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժի` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարները Բեռլինում հրապարակեցին ներկուսակցական հանրաքվեի արդյունքները:

«Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ավելի քան 239 հազար անդամներ կողմ են արտահայտվել քրիստոնյա-դեմոկրատների հետ «Մեծ կոալիցիա» կազմելուն, 123 հազար կուսակցականներ՝ դեմ: Քվեներն այսպիսով բաշխվել են 66 տոկոս կողմ և 33 տոկոս դեմ հարաբերակցությամբ», - նախկին կանցլեր Վիլի Բրանդտի անունը կրող կուսակցական կենտրոնակայանում հավաքված լրագրողներին հայտնում էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գանձապահ Դիտմար Նիտենը:

Ներքաղաքական ճգնաժամը Գերմանիայում ծագեց Բունդեսթագի` 2017-ի սեպտեմբերին կայացած ընտրություններից հետո, որոնց ընթացքում Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը 65 մանդատ կորցրեց: Քանի որ ընտրություններում վերջին 50 տարիների ընթացքում ամենավատ ցուցանիշն արձանագրած սոցիալ-դեմոկրատների այն ժամանակվա առաջնորդ Մարտին Շուլցը հայտարարեց, որ չի պատրաստվում կոալիցիոն բանակցություններ սկսել Մերկելի հետ, իշխող կուսակցության ներկայացուցիչները ստիպված էին բանակցություններ սկսել ավելի փոքրաթիվ խորհրդարանական ուժերի` «Ազատ դեմոկրատների» և Կանաչների հետ: Ուշ աշնանը, այդուհանդերձ, այդ բանակցությունները ևս տապալվեցին, ինչից հետո «Մեծ կոալիցիայի» ձևավորումը կրկին հայտնվեց Գերմանիայի քաղաքական օրակարգում:

Սոցիալ-դեմոկրատները Մերկելի և նրա թիմակիցների հետ բանակցությունների գնացին միայն կուսակցության ղեկավարության փոփոխությունից հետո, երբ սոցիալ-դեմոկրատների ղեկավար ընտրվեց քաղաքական այս ուժի պահպանողական թևի առաջնորդ Օլաֆ Շոլցը: Սոցիալ-դեմոկրատների ղեկավարությունը, սակայն, հատուկ ընդգծում էր, որ կոալիցիա մուտք գործելու հարցում վերջին խոսքը պատկանելու է շարքային կուսակցականներին:

«Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդաների գերակշիռ մեծամասնությունը հետևեց ղեկավարության խորհրդին: Կուսակցությունը մաս կկազմի հաջորդ կառավարությանը: Այս որոշումը, սակայն, հեշտությամբ չի ընդունվել», - հայտարարում էր կուսակցության նորընտիր առաջնորդ Օլաֆ Շոլցը:

Ակնկալվում է, որ սոցիալ-դեմոկրատները Գերմանիայի ապագա կառավարության կազմում վեց նախարարական պորտֆել կստանան` այդ թվում արտաքին գործերի և ֆինանսների նախարարների պաշտոնները: Դաշնային կանցլերի պաշտոնը չորրորդ անգամ անընդմեջ կզբաղեցնի Անգելա Մերկելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG